Հրանտ Բագրատյանի վարչապետ աշխատած տարիներին գրեթե բոլոր գործարարները կանգնած էին լուրջ խնդիրների առջև և շատ շատերը ոչ միայն չէին կարողանում իրենց աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել, այլև ուղղակի չէին կարողանում բիզնես-գործունեություն ծավալել:
Ես հասկանում եմ, որ հիմա կարող են ասել, որ դա սաղմնային և սկզբնական վիճակ էր, բայց այնուամենայնիվ գործարարներից շատերը պնդում են, որ հենց կառավարության սխալ գործունեության արդյունքում էր, որ իրենք հայտնվել էին աղետալի վիճակի մեջ:
Այսօր Հրանտ Բագրատյանին դուր չի գալիս, որ գործարարները կանգնում են պետության կողքին՝ բարձրացնելով իրենց աշխատողների աշխատավարձերը և նախկին վարչապետը հայտարարում է, որ ցանկացած նորմալ ընկերություն տարվա վերջում պետք է աշխատավարձեր բարձրացնի:
Հարգելի Հրանտ Բագրատյան, Ձեր կառավարման տարիներին գործարարները ոչ միայն չէին կարողանում աշխատավարձեր բարձրացնեին, այլ նաև շատերը փակվում կամ կանգնում էին խնդիրների առջև և այսօր Դուք, որպես նախկին վարչապետ, պետք է ուրախ լինեք, որ մեր գործարարներն ունեն այնքան գիտակցում, որ միայն փող աշխատելու համար չէ, որ աշխատում են, այլ նաև աշխատում են պետության կողքին կանգնելու, պետության առջև ծառացած խնդիրների պարագայում աջակցել պետությանն այդ խնդիրները հաղթահարելու համար, և ես միայն շնորհակալ եմ ու ուրախ, որ մեր գործարարները բարձրացնում են աշխատավարձերը և իրենց աշխատողների կողքին են կանգնում կարևորագույն պահերին: Եվ յուրաքանչյուր գործարար պետք է իսկապես պատասխանատվություն ունենա` կանգնելու նաև պետության և կառավարության կողքին. սա ցանկացած նորմալ գործարարի պարտքն է:
Ինչ վերաբերվում է «Կենսաթոշակային կուտակային համակարգին», ապա պետք է նկատել, որ ցանկացած երիտասարդ՝ այդ թվում նաև ես, չէինք մտածում, որ մեծանալու ենք և մի օր այդ թոշակի կարիքն ենք զգալու, բայց կյանքն ունի իր օրենքները, և ինչը կարող եք դուք էլ փաստել, պարոն Բագրատյան, որ մարդիկ մեծանում են, ու մի օր զգում են թոշակի կարիք, իսկ Տիգրան Սարգսյանը մեզ՝ երիտասարդներիս, առաջարկում է այսօրվանից մտածել մեր թոշակի մասին, կարծում եմ, որ դա վատ չէ:



