Tert.am-ը գրում է.

Հայաստանի գլխավոր տոնածառը, որը կզարդարվի շուրջ 500 խաղալիքներով և 3800 լուսադիոդային լամպերով, իր ավարտուն տեսքը կստանա դեկտեմբերի 17-ին:

«Այդ օրը Երևանի քաղաքապետը Հանրապետության հրապարակում կմիացնի գլխավոր տոնածառի լույսերը, ինչով կտրվի ամանորյա միջոցառումների մեկնարկը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը մայրաքաղաքի ամանորյա միջոցառումների ցանկը ներկայացնելիս հայտարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

Տոնածառի բարձրությունը 32 մետր է, այն ձևավորվել է սոճու 6000 ճյուղերից , որոնք սանիտարական էտման արդյունքում տեղափոխվել են մարզերից:

Դեկտեմբերի 17-ին Հանրապետության հրապարակում կլինի տոնական համերգային ծրագիր, որին ելույթ կունենան հայ աստղերը, ինչին կհաջորդի հրավառություն:

Դեկտեմբերի 31-ին ժամը 21-ին Հանրապետության հրապարակում ևս մինչև ուշ գիշեր կշարունակվի տոնական համերգային ծրագիրը, որին կմասնակցեն հայկական էստրադայի ներկայացուցիչներ, համույթներ: Կեսգիշերին ևս կլինի հրավառություն:

Արազ Բաղդասարյանն այն կարծիքին չէ, որ անցած տարի Ամանորին մայրաքաղաքի արտաքին ձևավորումն ապահովելու համար տեղադրված լուսադիոդային կենդանիները՝ ջայլամները, ոչխարները, հեքիաթային կերպարները անճաշակ էին:

Սակայն ասաց, որ այս տարի նոր կենդանիներ և կերպարներ չեն ավելանալու, այսինքն՝ կօգտագործվեն հները:

Այս տարի ամանորյա զարդարման համար Երևանի քաղաքապետարանի հատկացրած գումարները նախորդ տարվա նման կազմելու են 20 միլիոն դրամ:

«Միայն այս գումարներով, ես ամեն անգամ խոսում եմ, որ դա կազմակերպել հնարավոր չէ, և ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, ովքեր մեր կողքին էին, իրենց բյուջեների հաշվին նաև միջոցառումներ կազմակերպելով»,- շնորհակալություն հայտնեց Արազ Բաղդասարյանը:

Իսկ Երևան քաղաքում ամանորյա արտաքին ձևավորումն իրականացնելու է հայտարար «Ձևավորում» ընկերությունը, որը հաղթող է ճանաչվել հայտարարված մրցույթում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել