Epress.am-ը գրում է.
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախաձեռնած Մարդու իրավունքների օրվան նվիրված երթը, որն այսօր 13։00-ին մեկնարկել է Ազատության հրապարակից, միավորել է տարբեր նախաձեռնությունների ու խմբերի ներկայացուցիչների, ինչպես նաև մի քանի տասնյակ քաղաքացիների։
Տարբեր ցուցապաստառներով, եռագույններով ՀԱԿ ներկայացուցիչներից և ակտիվիստներից բացի, երթին էին միացել ազատամարտիկներ, Սայաթ-Նովա, Կոմիտաս պողոտաներում և Ամիրյան փողոցում կառուցվող շենքերի դեմ պայքարողներ, «Եկեք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամներ, նոյեմբերի 5-ին ձերբակալված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի աջակիցներ։ Մի խումբ երիտասարդներ երթին անարխիստական դրոշներ են բարձրացրել, ինչպես նաև քայլել են սև պաստառով, որի վրա գրված է եղել՝ «Նվաճի՛ր իրավունքդ»։ Իրավապաշտպան Լալա Ասլիկյանը, ինչպես և դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի այցի դեմ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ, քայլել է ծիածանագույն դրոշով, որը միջազգայինորեն հայտնի է որպես ԼԳԲՏ համայնքի դրոշ: ՀԱԿ-ի ներկայացուցիչները 2008 թվականի մարտի 1-ին զոհված 10 երիտասարդների նկարներով պաստառ են բարձրացրել։
Еpress.am-ի հետ զրույցում երթի մասնակիցներից շատերը նշել են, որ փողոց են դուրս եկել՝ իրենց ոտնահարված իրավունքներին տեր կանգնելու համար, իսկ դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, հերթական առիթն է բարձրաձայնելու իրենց խնդիրները։
Լուսանկարները՝ Լուսինե Խաչատրյանի և Գոռ Ենգոյանի