Psymag.am-ը գրում է.
Նախ ճշտենք` ի՞նչ նկատի ունենք ոչ ադեկվատ ասելով: Դա այն վարքն է, որը որևէ կերպ դիպչում է քո տղամարդկային արժանապատվությանն ու ինքնասիրությանը, իջեցնում է նշանակությունդ (ինչպես քո, այնպես էլ աղջկա աչքերում) և «հարմարեցնում» քեզ ավելի ցածր դիրքերում, քան կինը, առաջացնում իռացիոնալ մեղքի զգացում, ավելորդ լարվածություն քո մոտ, հարաբերություններում և վերջինը լցնում բացասական լիցքերով... Յուրաքանչյուր կառուցողական, դրական հույզեր առաջացնող և նմանատիպ այլ վարքը այստեղ մենք համարում ենք ադեկվատ:
Հաճախ կարելի է հանդիպել աղջիկների, ովքեր հարաբերություններում, առանց լուրջ պատճառների, անընդհատ ցնցումներ են ստեղծում (վերաբերմունքի կտրուկ փոփոխությամբ, ավելորդ նեղացկոտությամբ և այլն) ու սկսում սնել հարաբերությունները ոչ թե դրական և կենսական էներգիայով, այլ` բացասական և քայքայիչ: Հաճախ անգամ կարելի է կանացի ամսագրերում նկատել նման խորհուրդներ, որ պետք է տղայի համար ցնցումներ ստեղծել և, ուշադրություն, դա նորմալ է: Այստեղ չենք խոսի նման վարքի ծագման ու մոտիվների մասին, քանի որ հոդվածն ավելի պրակտիկ բնույթ ունի, ավելի կոչված է պատասխանելու ինչպե՞ս, քան ինչո՞ւ հարցին և ուղղված է տղաներին ու հատկապես այն տղաներին, ովքեր նման վարքը չեն դիտում որպես նորմա, իսկ հարաբերությունները դիտում են որպես դրական էներգիայի աղբյուր: Դրա համար էլ այստեղ ուղղակի կներկայացնենք մի քանի խորհուրդ, թե ինչպես գործեն տղաները, որպեսզի դիմակայեն դեստրուկտիվ վարքին և դրա հետ մեկտեղ չքայքայեն իրենց նյարդերը (կամ գոնե այդքան ուժեղ չքայքայեն):
Այսպես.
1. Երբեք պետք չէ բոլոր ուժերը ներդնել, որպեսզի պարզեք ձեր նկատմամբ կտրուկ փոփոխություն կրած վերաբերմունքի խորը պատճառները: Պետք չէ «խորանալ», թե ինչո՞ւ է նա իրեն պահում ոչ այնպես, ինչպես պետք է (կամ ինչպես ցանկալի կլիներ): Խելամիտ ու անկեղծ կնոջը կամ աղջկան, երբ ինչ-որ բան դուր չի գալիս հարաբերություններում, նա «պոչ չի խաղացնում» ու խորամանկ մեթոդներ չի կիրառում: Նա առաջին` «ի՞նչ է պատահել» հարցից հետո ուղղակի կասի ձեզ` ինչը նրան դուր չի գալիս: Եթե աղջիկը չի ասում կամ «պատի վրայով ծորացող» ու ոչ կոնկրետ պատասխաններ է տալիս, նշանակում է` նա նպատակ չունի ձեզ հասցնել այդ ինֆորմացիան (որը կարող է և չլինել): Նրան շարժում է ձեր համար դիսկոմֆորտ ստեղծելու կամ վիրավորվածություն ձևացնելու ցանկությունը: Ձանձրալի հարցուփորձով դուք կբարձրացնեք նրա նշանակությունը և կիջեցնեք ձերը, կդրդեք նրան ստի (քանի որ նման աղջիկները միշտ չէ, որ անկեղծ կասեն, թե ի՞նչ շահեր են հետապնդում նման վարքով) և թույլ կտաք նրան ձեր վրա կախել «ձանձրալի» մարդու պիտակը: Ավելի լավ է մի փոքր հեռացեք և հետևեք նրա արձագանքին:
2. Վրդովեցնող արարքների հետ կապված դժգոհությունն արժի հայտնել անմիջապես արարքը գործելուց հետո և ոչ թե որոշ ժամանակ անց: Նման վարքի պատճառների մասին հարցուփորձ անել պետք չէ. ինչպես նշեցինք, եթե աղջիկը ցանկանա ասել, թե որտեղ եք իր կարծիքով դուք սխալ եղել, կանի դա առանց ձեր հարցաքննության: Իսկ եթե նա չի ասում, ապա, հարցեր տալով, դուք կվերագրվեք ձանձրալիների շարքին: Պատճառները մի՛ պարզեք: Ուղղակի կոշտ հայտնեք, որ այդ ամենը դուք չեք հանդուրժելու: Դժգոհությունները պետք է հայտնվեն վստահ և հաստատուն (առանց հարցերի) ձևով:
3. Երբեք պետք չէ արտահայտել թշնամության, նեղանալու, զայրույթի, սրտնեղության նախանշաններ: Պետք չէ ցույց տալ, որ նա ձեզ հանեց հունից: Եթե դուք ուզում եք հեռվանալ նրանից` արձագանքին հետևելու համար, ապա հեռվանալը պետք է հիմնվի անտարբերության վրա և ոչ թե ուժեղ էմոցիաների: Կարելի է մի փոքր սարկազմ թույլ տալ (օրինակ` պատասխանել նրան նույն «եղանավոր» արտահայտություններով), բայց ոչ մի դեպքում չափն անցնել պետք չէ: Թունավոր արտահայտություններ կրակելով և հիստերիկ գոռգոռոցներով նրա վրա հարձակվելով դուք նրան ցույց եք տալիս, որ իրեն հաջողվեց հանել ձեզ հավասարակշռությունից (իսկ դա կբարձրացնի նրա կարևորությունն ու թույլ կտա գտնել ձեր թույլ տեղերը): Բացի այդ, այս ամենը սազական չէ ամուր և ինքնավստահ տղամարդուն:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ