1in.am-ը գրում է.
ՄԱԿ-ը սիրիական ճգնաժամի ընթացքում առաջին անգամ օդային ճանապարհով կկազմակերպի հումանիտար օգնության տեղափոխում Իրաքից Սիրիայի հյուսիս: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին լրագրողներին հայտարարել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում փախստականների գործով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչության ղեկավար Ամին Ավադը:
Նրա խոսքերով՝ օդային կամուրջը, որը կկապի Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոնը՝ Էրբիլը սիրիական Հասեկեի հետ, երկու կառավարությունների հավանությամբ կսկսի գործել դեկտեմբերի 12-ից:
«Սկզբի համար նախատեսվում է իրականացնել յոթ չվերթ»,- ասել է Ավադը՝ հստակեցնելով, որ մթերքների և առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխման համար կօգտագործվեն «Իլ-96» ինքնաթիռներ: Նա չի բացառել, որ կկազմակերպվեն այլ չվերթներ ևս և հավելել է, որ օպերացիայի ծախսերը պետք է կազմեն շուրջ 4 միլիոն դոլար:
Ավելի վաղ Սիրիայի կառավարությունը կտրականապես դեմ է եղել, որպեսզի հարևան պետությունների սահմաններով օգնություն ցուցաբերվի անմիջապես հանրապետության սահմանամերձ շրջաններին՝ պնդելով, որ բեռները սկզբում մատակարարվեն կառավարության վերահսկողության տակ գտնվող գոտիներ: Երկրի հյուսիսը հիմնականում գտնվում է զինված ապստամբների վերահսկողության տակ: