Բարեկամներ, ձեզ եմ ներկայացնում հետաքրքիր և կարևոր հոգեբանական մի օրենք: Ստորև երկու կարճ հատվածներ են` առավել կարևոր գիտելիքների և կարողությունների մասին ապագա գրքից:
Հատված ցանկությունների իրականացմանը նվիրված գլխից:
Հատուկ ցանկանում եմ ընդգծել մի կարևոր հանգամանք։ Լայնորեն տարածված կարծիքը, որը շատ է քարոզվում նաև հաջողության հասնելու մասին հանրամատչելի գրքերում, հետևյալն է. որքան ավելի ուժգին ու կրքոտ ձևով եք դուք ինչ-որ բան ցանկանում, այնքան ավելի եք արագացնում դրա իրականացումը։ Եթե դուք ինչ-որ բան չեք ստանում, նշանակում է ձեր ցանկությունը բավականաչափ ուժգին չէ։ Հայտնի մարդկանցից մեկի ասույթի համաձայն. «Եթե դուք կրքոտությամբ, ամբողջ ուժով ինչ-որ բան եք ցանկանում, ապա ամբողջ տիեզերքն է սկսում նպաստել դրա իրականացմանը»։ Բայց սա իրականում ընդամենը լայնորեն տարածված ստերեոտիպ է։ Իրականում այլ օրինաչափություն է գործում, որը հոգեբանության մեջ կոչվում է Երքս-Դոուդսոնի օրենք։ Սա մեկն է այն օբյեկտիվ օրենքներից, որը բազմիցս հստակորեն ապացուցվել է տարբեր գիտափորձերի միջոցով։ Ի՞նչ օրենք է դա և ի՞նչ է սովորեցնում։
Դեռ 1908 թվականին ամերիկացի հայտնի հոգեբան Ռ.Երքսը Ջ.Դոուդսոնի հետ միասին մի գիտափորձ անցկացրեց, որը բացահայտեց իրականացվող գործունեության արդյունավետության կախումը մոտիվացիայի մակարդակից (ցանկության ուժգնությունից)։ Բացահայտված այդ օրինաչափությունն էլ հենց կրում է Երքս-Դոուդսոնի օրենք անվանումը։ Օրինաչափությունը հետևյալն է։ Ցածր մոտիվացիայի դեպքում գործունեության արդյունավետությունը նույնպես ցածր է։ Դե, ակնհայտ բան է, եթե գործելու ցանկություն առանձնապես չկա, ապա, բնականաբար, արդյունքներն էլ մեծ չեն լինի։ Մոտիվացիայի ուժեղանալուն զուգընթաց գործունեության արդյունավետությունը նույնպես բարձրանում է։ Գալիս է մի կետ, որում մարդը գործում է առավելագույն արդյունավետությամբ։ Այդ կետը կոչվում է մոտիվացիայի օպտիմալ մակարդակ։ Դրանից հետո կատարվում է հետաքրքիր մի բան։ Ցանկության ուժգնության աճելուն զուգընթաց գործունեության արդյունավետությունը նույնպես սկսում է նվազել` ի վերջո հասնելով զրոյի։ Գրաֆիկորեն այդ կախվածությունը շրջված զանգի տեսք ունի։ Գրաֆիկի վրա ամենաբարձր կետը (զանգի գագաթը) մոտիվացիայի օպտիմալ ուժգնությունն է, որի ժամանակ գործունեության ամենաբարձր արդյունավետություն է գրանցվում։ Երքսը գիտափորձի մասնակիցների խմբին առաջարկում էր գլուխկոտրուկներ լուծել համապատասխան դրամական վարձատրության դիմաց։ Երբ վարձատրությունը շատ փոքր էր (գումարը զուտ խորհրդանշական էր), մարդիկ առանձնապես ջանք չէին թափում գլուխկոտրուկները լուծելու վրա։ Բնականաբար, արդյունքներն էլ շատ քիչ էին։ Գումարի մեծանալուն զուգընթաց ճիշտ լուծումների քանակն ավելանում էր։ Իսկ երբ գործը հասնում էր բավական նշանակալի գումարների, ապա մասնակիցների մոտ այնպիսի մի աժիոտաժ էր առաջանում, որ ճիշտ լուծումների քանակը կտրուկ նվազում էր։
Այսպիսով, իրական հոգեբանական օրենքը մեզ ասում է, որ ինչ-որ բան շատ ուժեղ ցանկանալու, մեր ցանկությանը կառչելու դեպքում այնպիսի լարվածություն է առաջանում, որ կոնկրետ իրավիճակներում մեր գործողությունների արդյունավետությունը կտրուկ նվազում է, ինչն էլ խանգարում է ցանկության իրականացմանը։ Սա ունիվերսալ օրինաչափություն է և վերաբերվում է մեր բոլոր ցանկություններին ու գործունեության ձևերին։ Այս օրինաչափությունը գործում է ոչ միայն մարդկանց, այլ նաև կենդանիների դեպքում։
Ի դեպ, Երքսը և Դոուդսոնը ևս մեկ հետաքրքիր օրինաչափություն բացահայտեցին։ Նրանք պարզեցին, որ ինչքան բարդ է կոնկրետ գործունեության տեսակը, այնքան ավելի ցածր մոտիվացիան է հանդիսանում օպտիմալ։
Հատված պրոբլեմների լուծմանը նվիրված գլխից.
• Եվս մեկ շատ կարևոր խորհուրդ։ Պրոբլեմների մասին մտածելիս աշխատեք հնարավորինս հանգիստ լինել։ Լուծումները գալիս են այն ժամանակ, երբ մենք ներքուստ խաղաղ ենք, այլ ոչ թե ալեկոծված վիճակներում։ Որքան ավելի նշանակալի և հուզող է խնդիրը, այնքան ավելի մեծ է լինում դրա հետ կապված հուզական լարվածությունը, այնքան ավելի ինտենսիվ ապրումներ ենք մենք ունենում։ Իսկ դրանք միայն խանգարում են արդյունավետորեն մտածելուն։ Երքս-Դոուդսոնի օրենքի մասին արդեն նշել եմ ցանկությունների իրականացմանը նվիրված գլխում։ Եթե հիշում եք` այդ օրենքի երկրորդ մասն ասում էր հետևյալը. որքան կարևոր է խնդիրը, այնքան ավելի թույլ մոտիվացիա պետք է ունենալ դրա լուծմանը ձեռնամուխ լինելիս։ Ասել կուզի լուրջ, ձեզ շատ հուզող խնդրի մասին մտածեք այնպես, ասես դա երկրորդական, ոչ այնքան կարևոր մի բան է։ Այդ դեպքում հուզական լարվածություն չի լինի և ավելի հեշտ կգտնեք լուծումները։
Հրաչյա Ամիրյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/10200904318921000
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել