Երկիրը ոտքի կանգնեցնելու համար, անհրաժեշտ է մարդկանց հող տալ, երկար ժամանակով ազատել հարկերից և ապահովել տեխնիկայով: Երբ նրանց մշակածը պատրաստ է՝ օգնել վաճառել:
Սա է պետության պարտքը, պարտականությունը:
Թուրգութ Օզալ
Պետությունը վատ տնտեսվար է… Պնդում են մեր կառավարիչները…
Երկիր, որն ահա արդեն քսան տարի է գտնվում է գրեթե տոտալ շրջափակման, մոտահաս պատերազմի սպասումի պայմաններում, չունի ոչ գազ, ոչ նավթ, ոչ քարածուխ, չունի գործող որևէ արդյունաբերական ձեռնարկություն, երկիր, որի ժողովուրդը պարտադրված անգործության այս երկար ու ձիգ տարիների ընթացքում կորցրել է հավատը որևէ բան ինքնուրույն ձեռնարկելու կարողությունների նկատմամբ, և երազում է, որ սեփական պետությունն իրեն տեր կկանգնի, կօգնի, աշխատանք կտա ու դիմացը կհոգա իր հանապազօրյա հացի խնդիրը, և այս ամենի չգոյության պարագայում, զզված ու հիասթափված ամեն ինչից, և առաջին հերթին իր կառավարիչներից, թքում ու հեռանում է հայրենիքից, կարճ ասած, երկիր, որը հայտնվել է գրեթե անելանելի մի այնպիսի վիճակում, երբ մոտալուտ վախճանն անխուսափելի է, իրավունք չունի շարունակել ապրել այս անհեթեթ՝ «պետությունը վատ տնտեսվար է» տրամաբանությամբ:
Պետություն, որը հայտարարում է, թե իր ազգաբնակչության 33 տոկոսից ավելին աղքատ է, այսինքն յուրաքանչյուր երրորդը ՀԱՑԻ ԽՆԴԻՐ ունի, նրա ներերկրային ամենահրատապ խնդիրն ի՞նչը կարող է լինի, եթե ոչ մարդկանց կերակրելը, իսկ պետական ծրագրերից կարևորագույնն ու առաջնահերթը երկրի պարենային անվտանգության, ՊԱՐԵՆԱՅԻՆ ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅԱՆ ապահովման ծրագիրը. չէ՞ որ պիտի լինի: Սակայն տարիներ շարունակ իրար հաջորդող կառավարությունների հայտարարած բազում առաջնահերթ՝ տուրիզմի քաջալերում, բանկային համակարգի ընդարձակում, ծառայությունների մատուցման խթանում, հանքարդյունաբերության ընդլայնում, հյուսիս-հարավ 1 միլիարդ դոլար արժողությամբ ճանապարհի շինարարություն, արտահանումների ծավալում, էլ չենք խոսում դրսերից անընդհատ ֆինանսական միջոցներ լափող կաշառակերության դեմ պայքարի, կառավարման, դատական և էլ չգիտեմ ինչ համակարգերի բարեփոխումների, և այլ, իմ կարծիքով անիմաստ և մինչ այժմ շոշափելի որևէ լուրջ արդյունք չարձանագրած, հետևաբար որևէ քննադատության չդիմացող ծրագրերի շարքում, երբևիցե տեղ չի գտել ազգաբնակչության պարենային ինքնաբավության աստիճանական բարձրացմանն ուղղված որևէ ծրագիր: Ցավոք, համառորեն կրկնելով «պետությունը վատ տնտեսվար է» հիմարությունը, պետությունը հողը հանձնել է գյուղացուն, ենթադրելով, որ գյուղացին իրենից ավելի լավ ձեռներեց է: Գյուղացին քրտնաջան աշխատավոր, լավ հողի մշակ ու ջրվոր, անասնապահ ու կթվոր լինելով, երբեք էլ ձեռներեց չի եղել և պարտավոր էլ չէ այդպիսին լինել: Միայն կույրը չի տեսնի, որ մեր գյուղացին, այսօր առանց պետության հոգածության ու օգնության, ինքնուրույն որևէ գործ ի վիճակի չէ ձեռնարկել: Նա անգամ կորցրել է հող մշակելու իր կարողությունը, ծուլացել է և երկիր պահողից վեր է ածվել հաց մուրացողի…
Մեր առջև ծառացած խնդիրը շատ պարզ է. եթե ունես գործազուրկ մարդկանց հսկայական զանգված, ովքեր հանապազօրյա հացի խնդիր ունեն, ունես հող, որը չմշակելու հետևանքով անապատի է վերածվում, ապա այդ հողը հարկավոր է մշակել:
Պարենի համաշխարհային կազմակերպության տվյալներով` մեր երկրի նման էներգետիկ ռեսուրսներից զուրկ երկրները, որոնք բնակչության մեկ շնչի հաշվով տարեկան ապահովում են 1 տոննա հատիկեղեն, զբաղեցնում են կուշտության ռեյտինգային ցուցակների ամենաբարձր աստիճանները: Այսինքն, եթե մենք մեր հողերից կարողանում ենք հավաքել տարեկան 2- 3 մլն. տոննային մոտ հատիկեղեն, ապա բնակչության պարենային ապահովության խնդիրը կարող ենք մեկընդմիշտ լուծված համարել: Պարզ է, որ սրանով միայն հանապազօրյա հացի խնդիրը չէ, որ լուծվում է, այլ մարդկանց համար հայրենիքը չլքելու, այստեղ ինչ-որ բան արարելու հորիզոններ են նշմարվում, քանզի հատիկեղեն ասվածը միագումար հասկացություն է, որից ինքնաբերաբար ածանցվում և արագացված տեմպերով զարգանում են անասնապահությունն ու կաշեգործությունը, սեփական հումքի վրա «նստած» սննդի, համակցված կերերի և օրգանական պարարտանյութերի, թեթև ադյունաբերության՝ տրիկոտաժի, նուրբ բրդյա գործվածքների, կարի ու մահուդի արտադրությունները…
Ցավոք, պետությունն իր առջև այսիսի խնդիր չունի դրած… Այնինչ, թվացյալ հասարակ, սակայն բավականին բարդ, մեծ ինտելեկտուալ ու կազմակերպչական ունակություններ պահանջող այս խնդիրը 2-3 տարում լուծելու համար անհրաժեշտ է մոբիլիզացնել ողջ հայության կարողությունները, ինչը հնարավոր է իրականացնել միայն կենտրոնացված, պետականորեն:
Սակայն մեր պետությունը, ինչպես իրավացիորեն պնդում ու ապացուցում է իր վատ տնտեսվար լինելը, գնալով հաստատում է, որ ինքը նաև վատ կազմակերպիչ ու համակարգող է, վատ առաջնորդ ու համախմբող, վատ կառավարող ու… Ու չես էլ հասկանում, թե ում ինչին է հարկավոր այսպիսի պետությունը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել