1in.am-ը գրում է.

ԱՄՆ կառավարությունն արգելել է ամերիկյան WestCAM Solutions ընկերությանը Թուրքիա արտահանել սենսորներ ու լազերային նշանոցներ, որոնք ծրագրվում էին տեղադրվել Karayel նոր անօդաչու սարքերի վրա: Ինչպես հայտնում է Todays Zaman-ը, այդ իսկ պատճառով նոր հետախուզական անօդաչուի մատակարարումը Թուրքիայի զինված ուժեր, ինչը ծրագրված է 2014-ի հուլիսին, կարող է խափանվել:

Թուրքիայի ՊՆ-ն թուրքական Vestel ընկերության հետ 2011-ին կնքել էր Karayel հետախուզական անօդաչուների մշակման պայմանագիր: Այնուհետև ձեռնարկությունը WestCAM Solutions-ից անհրաժեշտ դետալներ էր պատվիրել: Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ ամերիկյան ընկերությունը կառավարությունից արտահանման թույլտվություն էր խնդրել, սակայն մերժում ստացել: Մերժման պատճառը ամերիկյան իշխանությունները չեն հստակեցնում:

Karayel-ից բացի, ամերիկյան սարքավորումները ծրագրվել է կիրառել նաև Anka անօդաչու սարքի ռազմական տարբերակի մշակման մեջ:

Թուրքիայի ռազմական գերատեսչությունում Todays Zaman-ի աղբյուրները ենթադրել են, որ ԱՄՆ-ը հրաժարվել է մատակարարումից այն պատճառով, որ երկրի Պաշտպանության նախարարությունը ավելի վաղ զենիթային հրթիռային համալիրների մատակարարման մրցույթի արդյունքներով որոշել է չինական համակարգեր ձեռք բերել: 

Karayel-ը կկարողանա օդում գտնվել 10 ժամ, թռիչք իրականացնել 5500 մետր բարձրության վրա ու կրել 35 կգ բեռ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել