ԵՐԲ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԵՎ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԽԱԹԱՐՎՈՒՄ Է ԲԱՐԵԽԻՂՃ ՎԱՐԿԱՌՈՒԻ, ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԸ ԿԱՄ ՓՈԽԱԴԱՐՁ ՇԱՀԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ավելի քան յոթ տարվա վարկային մաքուր պատմություն ունեմ, իսկ վերջին չորս տարիներին հանդիսանում եմ ՎՏԲ Հայաստան բանկի վարկառու: 2013 թվականին, առկա վարկիս զուգահեռ, «Մատչելի ավտոմեքենա երիտասարդ ընտանիքներին» ծրագրով վերցրել եմ նաև ավտովարկ և յուրաքանչյուր ամիս երկու վարկերի պայմանագրերի հավելվածներով նշված ժամանակացույցին համապատասխան պարտաճանաչորեն մարել եմ բանկի կողմից մատնանշված գումարները: Նոյեմբեր ամսին ևս կատարել եմ համապատասխան երկու վճարումներս, սակայն ինչ-ինչ պատճառներով, ԵՊՀ համապատասխան հիմնադրամի 2%-ի համաֆինանսավորման վճարումն ուշացել է, կամ բանկի ծրագրային ապահովման խնդիրների պատճառով չի ֆիքսվել, ինչի հետևանքով համակարգը երկրորդ վարկիս վճարման մի մասը ևս պահել է, իբրև ավտովարկի վճարում, որի հետևանքով (հաշվիս մնացորդի հաշվին) գոյացել է մոտ 5000 դրամի պարտք: Բանկի պրոբլեմատիկ վարկերի մասնագետը՝ Բարսեղյան Տիգրան անուն ազգանունով, նոյեմբերի վերջին աշխատանքային օրը՝ 29-ին այցելել է մեր տուն (եղել ենք աշխատանքի), ինչի պատճառով թակել է հարևաններիս դուռը, նրանց մոտ, խախտելով «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը, բացահայտել է մեր բանկային գաղտնիքը, ներկայացրել, որ իբրև թե ունեմ պարտք բանկին և չդասակարգվելու համար պիտի կատարեմ վճարում և թողել իր այցեքարտը: Նույն օրն իսկ արձագանքել եմ խնդրին: Եղել եմ Արաբկիրի մասնաճյուղում, որտեղից վերցրել եմ վարկս: Մասնաճյուղի կառավարիչը և նրա տեղակալը համոզվելով, որ իրոք ես ժամանակացույցով նախատեսված երկու վարկերիս մասով էլ իմ համապատասխան վճարումներն անհրաժեշտ չափով կատարել եմ, և պարտքը իմ պատճառով չէ, որ գոյացել է, այնուամենայնիվ, ինձ առաջարկել են «քաշքշոցից խուսափելու համար ինքս վճարել հիմնադրամի չվճարած 2% գումարի մնացորդը», որը հիմնադրամի վճարումը կատարելուց հետո «կնստացնեն» իմ հաշվին, ինչից ես հրաժարվել եմ՝ պահանջելով, որ ձեռնարկեն համապատասխան քայլեր, որպեսզի խնդիրը լուծվի, և իմ վարկը չդասակարգվի կամ գումարը պահանջվի իրական հասցեատիրոջից: Ինձ խոստացել են խնդրին ընթացք տալ և զանգել արդյունքների մասին տեղյակ պահել, սակայն 14:00-17:00-ն ընկած հատվածում ոչ մի քայլ իրականում չեն ձեռնարկել, բացի ինչ-որ հարցում ուղարկելուց: Նոյեմբերի 29-ին, ժամը 17:00-ին կրկին այցելել եմ մասնաճյուղ՝ տեղեկանալու համար գործի ընթացքին: Կառավարիչի տեղակալը կրկին նշել է, որ դեռևս պատասխան չունեն, որ իրենց հարցումը դեռևս բաց է: Իմ մոտից զանգահարել է ինչ-որ մեկին, տեղեկացրել խնդրի մասին և այն մասին, որ 14:00-ից իր հարցմանը պատասխան չեն տվել, նա առաջարկել է զանգել այլ բաժին. սա նշում էր, որ այդ բաժին զանգում է չեն պատասխանում և նման պատկեր: Խոսափողը վայր դնելուց հետո կառավարիչի տեղակալը կրկին ինձ հորդորել է, այնուամենայնիվ, չդասակարգվելու համար հիմնադրամի փոխարեն կատարել վճարում, ինչից կրկին հրաժարվել եմ՝ կրկին պահանջելով շտկել սխալը և գումարը պահանջել հասցեատիրոջից՝ այն է համալսարանի համապատասխան հիմնադրամից՝ տեղեկացնելով, որ խնդիրը չլուծելու դեպքում, ես նույնպես համապատասխան քայլեր կձեռնարկեմ` ընդհուպ մինչև իմ կրած բարոյական վնասի փոխհատուցում պահանջելը: Այնուհետև, աշխատանքային օրվա ավարտվելու պատճառով, դուրս եմ եկել մասնաճյուղից և դրա դռների դիմաց սպասել եմ որևէ պատասխանի: Ժամը 18:00-ին մոտ կառավարիչի տեղակալը դուրս է եկել` ասելով, որ կապվել է իրացման ցանցի տնօրենի հետ, վերջինս ասել է, որ ամեն ինչ կկարգավորվի և ոչ մի խնդիր չի առաջանա, ուղղակի իզուր չսպասեցնելու համար, առաջարկել է հեռանալ: Վերջինին հավատալով` գնացել եմ տուն: Դեկտեմբերի 5-ին սովորության համաձայն, գնացել եմ բանկ երկու վարկերիս մարումներն իրականացնելու համար և տեղեկացվել եմ, որ ունեմ դասակարգված վարկ և, որ մյուս վարկիս գումարը, սովորական չափից ավել է մոտ 6000 դրամով: Փաստորեն, ոչ իմ մեղքով, հիմնադրամի կողմից վճարում չանելու կամ ՎՏԲ Հայաստան բանկի ծրագրային խնդիրների պատճառով, ես, բացի բարոյական վնասից (խաբված լինելուց), ունեմ նաև խաթարված վարկային և գործարար բարի համբավ: 
Խնդրում եմ, հասկանալ` հարցը, բնականաբար, 6000 դրամը չէ, հարցը սկզբունքն է: Չեմ կարող հավատալ, որ աշխատանքային օրվա ընթացքում մասնաճյուղի կառավարիչը՝ Համբարձումյան Գարեգինը, և նրա տեղակալը չեն ունեցել խնդիրը լուծելու որևէ միջոց, բացի ինձ համոզելուց: Փաստացի, նրանց անգործության հետևանքով հայաստանյան ցանկացած բանկ ինձ կարող է ուղղակի չվարկավորել` իբրև անբարեխիղճ վարկառուի, ինչո՞ւ: Հարցնում եմ` ինչո՞ւ, երբ նրանք ի սկզբանե բացահայտ տեսել են, որ խնդրի հասցեատերը ես չեմ: Չեմ ուզում հավատալ, որ սա ՎՏԲ Հայաստան բանկի կորպորատիվ ոճն է:
Հայտնում եմ ձեզ, որ անհրաժեշտության դեպքում ձեզ կարող եմ տրամադրել ՎՏԲ Հայաստան բանկի Արաբկիր մասնաճյուղի կառավարիչի և նրա տեղակալի գործողությունների և անգործության հավաստիքը հանդիսացող և նկարագրածս պատկերի իրականությունը հավաստող իրական փաստարկներ (մեր համատեղ զրույցների և իմ առարկությունների տեսաձայնագրությունը), եթե անգամ վերջինները հերքեն, որ ինձ վերը նշված առաջարկը չեն ներկայացրել, կամ ես այդ օրը բանկում չեմ եղել, կամ եթե հանկարծ պարզվի, որ բանկի տեսանկարահանող սարքավորումները, հենց այդ օրը անսարք են եղել և նման բաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել