Մի պահ պատկերացրու. հանդիպում ես տղայի հետ, ձեզ մոտ ամեն ինչ լավ է, դուք սիրում եք իրար, արդեն միասին ապագայի պլաններ եք կազմում: Թվում է` հաջորդ տրամաբանական քայլը ամուսնության ռոմանտիկ առաջարկը պիտի լինի: Բայց այն չկա ու չկա: Ինչո՞ւ:
Հոգեբաններն ասում են, որ էմանսիպացիայի, ֆեմինիզմի և հասարակության մեջ կանանց փոփոխված դերի հետ կապված տղամարդիկ իրենց ավելի թույլ են զգում: Դա էլ իր հերթին ազդում է իրենց վարքի վրա: Դա նշանակում է, որ պետք է ավելի ու ավելի հաճախ ցույց տալ, թե որքան ունես սիրելիիդ սիրո, հոգատարության ու աջակցության կարիքը:
Նա վախենում է մերժվելուց: Տարօրինակ է, բայց փաստ: Տղամարդիկ ակնարկներ չեն հասկանում և հաճախ շատ անվստահ են իրենց զգում: Իսկ ամուսնության առաջարկը շատ կարևոր և նշանակալից քայլ է, ուստի հստակ հասկացրու նրան, որ եթե նա ծնկի գա քո առջև և առաջարկություն անի, դու անպայման նրան դրական պատասխան կտաս:
Ձեր հարաբերություններն ամուսնություն չեն ենթադրում: Ամեն դեպքում նա այդպես է մտածում: Գուցե նա իրեն այդպես էլ է լավ զգում: Այդ դեպքում պետք է նստել և լուրջ զրուցել, հասկացնել նրան, որ դուք էլ ունեք պլաններ և ցանկություններ կապված ձեր հետագա կյանքի հետ:
Նա պարզապես չի հարգում քեզ: Ցավոք, նման տարբերակը նույնպես բացառված չէ: Վերլուծիր ձեր հարաբերությունները. եթե նա գիտի, թե որքան կարևոր է քեզ համար հարսանիքը, բայց իր վարքն ուղղված է նրան, որպեսզի քեզ նեղացնի, մտածիր` արդյո՞ք քեզ պետք է նման տղամարդ:
Նա ֆինանսական խնդիրներ ունի: Տղամարդու համար դա շատ կարևոր է. նա պետք է իրեն վստահ զգա, պետք է կարողանա ապահովել իր ընտանիքը: Եթե դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում, ապա զինվիր համբերությամբ, իսկ եթե նրա բախտն անընդհատ չի բերում, գուցե նա հոգեբանական խնդիրներ ունի, որոնք թույլ չեն տալիս հաջողության հասնել ֆինանսական ասպարեզում:
Նա ստեղծված չէ ամուսնության համար: Եթե նա այդ հաշվով սկզբունքային դիրքորոշում ունի, կարող ես կամ համակերպվել և ընդունել նրան այնպիսին, ինչպիսին նա կա, կամ թողնել նրան և առաջ շարժվել: