

Սիլվա Բարունակի Կապուտիկյանը ծնվել է 1919թ. հունվարի 20-ին Երևանում` Վանից գաղթած և Երևանում ընտանիք կազմած տարագիրների հարկի տակ: Հայրը` Վանում ճանաչված դաշնակցական գործիչ, ուսուցիչ և խմբագիր Բարունակ Կապուտիկյանը, մահացել է դստեր ծննդից 3 ամիս առաջ խոլերայի համաճարակից: Ապագա բանաստեղծուհինմեծացել է մոր և տատի խնամքի տակ, ունեցել դժվար մանկություն, հիշողություններ ամբարել գաղթականներով բնակեցված իրենց թաղից: 1937թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի ցուցադրական (այժմ` Նիկոլ Աղբալյանի անվան) դպրոցը: 1933թ. դեկտեմբերի 24-ին «Պիոներ կանչ» թերթում լույս է տեսել նրա 1-ին բանաստեղծությունը` «Պատասխան Թումանյանին» վերնագրով: 1941թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1949-50թթ. սովորել է Մոսկվայում, ավարտել Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացը: 1941թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ էր: 1948թ. ընդունվել է ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության շարքերը: 1945թ. լույս է տեսել «Օրերի հետ» բանաստեղծությունների 1-ին ժողովածուն, այնուհետև հրատարակել է 60-70 գիրք` բանաստեղծություններ և արձակ` հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, լիտվերեն, ուկրաիներեն, թուրքերեն և այլ լեզուներով:
1952թ. «Իմ հարազատները» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ԽՍՀՄ, իսկ 1988թ.` ՀԽՍՀ պետական մրցանակներին, նույն թվականին ստացել նաև իտալական «Նոսիդիե» կոչվող գրական մրցանակը: Ունի մանկական ստեղծագործությունների մոտ 40 հրատարակություն` հայերեն, ռուսերեն, նախկին ԽՍՀՄ շատ ժողովուրդների լեզուներով: 1962թ.-ից եղել է Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Եթովպիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Ամերիկայի երկրների, Գերմանիայի, Ավստրիայի, Իրանի, Երուսաղեմի սփյուռքահայ գաղթօջախներում և իր հիշողություններն այդ ամենի մասին ամփոփել ուղեգրություններում, որոնցից բացառիկ են «Քարավանները դեռ քայլում են», «Խճանկար հոգու և քարտեզի գույներից», «Քարավանները հեռանում են», «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» գրքերը, որոնք թարգմանվել են այլ լեզուներով: Ուշագրավ են նաև Կապուտիկյանի կատարած բանաստեղծական արժեքավոր թարգմանությունները ռուս, անգլիացի, ամերիկացի, ֆրանսիացի, իսպանացի, գերմանացի, նորվեգացի, ուկրաինացի, լիտվացի, պարսիկ հեղինակներից: Կյանքի վերջին տարիներին Կապուտիկյանը մեծ աշխատանք է կատարել հրապարակագրության ոլորտում: Այս ժանրի նրա գործերն ամփոփված են «Իմ ժամանակը», «Չեմ կարող լռել», «Վերջին զանգ» գրքերում, իսկ 1997թ. լույս տեսած «Էջեր փակ գզրոցներից» վերնագրով 700 էջանոց գիրքը մի ինքնատիպ հաշվետվություն է երկրի հասարակական կյանքին բերած իր սեփական մասնակցության մասին: Կապուտիկյանը Խորհրդային Միության, Հայաստանի Հանրապետության, Աջարիայի Ինքնավար Հանրա պետության պետական, Ավ. Իսահակյանի անվան, իտալական «Նոսիդե» գրական մրցանակների դափնեկիր է:
Արժանացել է Հայաստանի և Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի, Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին, 1998թ. Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինստիտուտի կողմից ստացել «Տարվա կին» տիտղոսը: Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով, որոնցից են երկու «Պատվո նշան», «Աշխատանքային կարմիր դրոշի», «Ժողովուրդների բարեկամության», «Հոկտեմբերյան հեղափոխության» շքանշանները,
ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալը: Կապուտիկյանը նաև եղել է` ԽՍՀՄ գրողների միության նախագահության անդամ, Սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահության անդամ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, «Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության», Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիաների անդամ: Ընտրվել է` ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԽՍՀՄ գրողների միության նախագահության անդամ: Մահացել է 2006թ. օգոստոսի 25-ին: Գերեզմանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան Պանթեոնում, որտեղ ամեն տարվա սեպտեմբերի վերջին շաբաթ օրը կազմակերպվում է նրա անվան պոեզիայի օր: 2009թ. հունվարի 20-ին ի նշանավորումն Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 90-ամյակի ՀՀ կառավարության որոշմամբ նրա ապրած տանը բացվել է բանաստեղծուհու տուն-թանգարանը (հասցեն` Երևան, Ս. Կապուտիկյան փողոց (սկիզբը` Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից), շ. 1, 2-րդ մուտք, 4-րդ հարկ, բն. 26):
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2012/06/blog-post_7676.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել