1in.am-ը գրում է.

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս գյուղատնտեսության ոլորտում որոշակի աճ է նկատվել: Այսօր տեղի ունեցած տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

«Համայնքներին բաժանվել են տեղեկատվական-խորհրդատվական բնույթի բազմաթիվ թերթիկներ, գյուղատնտեսական ոլորտի խնդիրների մասին բազմաթիվ հեռուստառադիոհաղորդումներ են հեռարձակվել, մի շարք միջոցառումներ են իրականացվել»,- ասաց նա` հավելելով, որ ՀՀ բոլոր մարզերում գործում են գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ:

Փոխնախարարի խոսքով՝ գյուղացու առջև ծառացած խնդիրները բազմաթիվ են, ինչպես, օրինակ, վնասատուների դեմ պայքարը: «Անցած տարի կարտոֆիլի ցեցի պատճառով բերքի զգալի մասը վնասվեց, բայց այս տարի արդեն նվազագույնի հասցրինք այդ միջատների հասցրած վնասները: Այդուհանդերձ, չլուծված է մնում լոլիկի ցեցի հարցը: Նախորդ տարվա 265 հազար տոննա բերքի դիմաց այս տարի մոտ 5 հազար տոննայով պակաս լոլիկ ենք ստացել»,- ասաց Գառնիկ Պետրոսյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ հաջորդ տարի փորձելու են իրենց գիտական կենտրոնում լուծել տեղական սերմնարտադրության հարցը: «ՄԱԿ-ի պարենային ծրագրի շրջանակներում Հայաստանին այս նպատակով մոտ 459 հազար դոլարի միջոցներ կտրամադրվեն, որոնք կուղղվեն գիտական կենտրոնի զարգացմանը` սերմերի տեսակավորման, փաթեթավորման գործընթացները մեքենայացնելու համար: Ծրագիրը պետք է իրականացվի մեկուկես տարում: Բացի դրանից՝ նախարարությունը գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններին տրամադրել է տրակտորներ, այլ գյուղգործիքներ: Մեր միջոցները սուղ են, սակայն անում ենք ամեն բան` լուծելու մեր առջև դրված խնդիրները»,- ասաց գյուղատնտեսության փոխնախարարը` հավաստիացնելով, որ գալիք տարիներին ևս փորձելու են օգնել գյուղացուն:

Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ ամենակարևոր հարցերից մեկը մնում է արտահանումը: «Կարտոֆիլի մասով, օրինակ, վերջին մի քանի տարիներին մեր երկիրը ինքնաբավ է դարձել: Այս պահի դրությամբ մոտ 20 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել դեպի Իրաք, Թուրքմենստան, ՌԴ և Վրաստան: Այս երկրներում կարտոֆիլի բերքը վատ է եղել, և բանջարեղենի այդ տեսակի մեծ պահանջարկ կա: Բացի դրանից՝ այս տարվա ընթացքում արվել է ամեն բան`արտահանելու 23 հազար տոննա ծիրան: Հետխորհրդային շրջանում սա աննախադեպ ցուցանիշ էր, որը կրկնակի գերազանցեց անցած տարվա ցուցանիշը»,- ասաց նա:

Փոխնախարարը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու պարագայում մեր երկրի առջև զարգացման լուրջ հեռանկարներ կբացվեն: «Ռուսաստանյան շուկան անծայրածիր է, հսկայական»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել