Վլադիմիր Վլադիմիրովիչի (և ոչ, ըստ Արմեն Մովսիսյանի, «Իլյիչի»՝ տարբեր քաշային կարգեր են)՝ Հայաստան կատարած այցի հետ կապված մոտեցումները կարող են տարբեր լինել: Սակայն որևէ պարագայում չպետք է աչքաթող անել այցի ամենակարևոր հետևանքները: Խոսքը Մաքսային միության մասին չէ, դատելով հրապարակումներից, դրան ամենաքիչ ուշադրությունն է դարձվել: Ոչ էլ զորակայանի մասին է՝ դա էլ է ածանցյալ: 
Կարևոր հանգամանքներից են «ՀայՌուսգազարդի» (ավելի ճիշտ՝ այլևս «Ռուսգազարդի») բաժնետոմսերի 20 տոկոսի փոխանցումը ռուսական կողմին: Այսպիսով, պետությունը զրկվեց այդ ընկերության գործունեության վրա ազդելու վերջին հնարավորությունից: Հետաքրքիր է՝ ինչ էր դրա հետ կապված մտածում մեր սիրելի կառավարությունը: Ի վերջո, գազի թանկացման դեմն առնելու հսկայական հնարավորություններ ունեինք՝ սկսյալ իրանական գազ ստանալուց` վերջացրած պարզապես «ՀայՌուսգազարդն» ազգայնացնելով: Այսպես թե այնպես, շահույթը կտնօրինեինք մենք: Իսկ այժմ ստացվում է, որ միևնույն սուբյեկտը վաճառում է, գնում, վերավաճառում վերջնական սպառողին և տնօրինում շահույթը: Փայլուն բիզնես է, խոսք չկա: «Газпром - мечты сбываются».
Ի դեպ, մենք էլ դա կարող ենք անել՝ պետք է արտերկրում գնել մի քանի խոշոր պղնձաձուլարաններ, այնտեղ մատակարարել մեր պղինձը և հարցը փակել: Թե չէ՝ մաքսային միություն, ֆլան, բեհվան:
Սակայն էլ ավելի կարևոր է մեկ այլ հանգամանք. ինչպես հայտարարեցին իրավասու պաշտոնյաները, գները կայունացված են 5 տարի ժամկետով: Այսինքն, մինչև 2018 թվականը: Չգիտեմ՝ 2018թ. էշը կսատկի, թե իշատերը, բայց որ 2018 թվականի ապրիլի 9-ին ավարտվում է ներկայիս նախագահի պաշտոնավարման ժամկետը, դա հաստատ: 
Այսպիսով, ներկա կառավարությունը ապագա կառավարությանը, անկախ նրա կազմից, կանգնեցնում է փաստի առջև՝ իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից կամ դառնալ ոչ պոպուլյար իր իսկ ժողովրդի աչքում, կամ որդեգրել ազգայնացման ուղին, ուստիև գնալ կոնֆլիկտի Ռուսաստանի հետ: Ի դեպ, 2018-ին այնտեղ էլ են նախագահի ընտրություններ...
Որպես կանոն, առնետներն առաջինն են թռչում խորտակվող նավից: Իսկ այս իրենց որոշմամբ մեր իշխանությունները կայացրին իրենց իսկ դատավճիռը՝ նույն պատճառով և գործով հայտնվել այնտեղ, որտեղ այժմ գտնվում է Յուլյա Տիմոշենկոն:
Իսկ եթե ուզում ենք հիմակուհիմա ինչ-որ հարց լուծել, ուրեմն պետք է փորձենք դիմանալ ցրտին և մի 3-4 ամիս ազգովի գազ չվառենք: Փորձ, Փառք Աստծո, ունենք: Այդ կերպ «ՀայՌուսգազարդին» կհասցնենք սնանկացման, և ապա խնդիր չի լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել