Նոր Haynews.am-ում կարդում էի մի վրդովված հոդված «Տեխաս» փաբում տեղ գտած խաբեությունների մասին։ Պատվում էր մի սխեմայի մասին, որը բավականին տարածված է։ Երկու բառով եթե նկարագրեմ, ապա խոսքը գնում էր մի միջադեպի մասին, երբ տվյալ փաբը խոսք տալով անսահմանափակ խեցգետին մուտքի համար 1500 դրամ վճարելու դեպքում, վերջում մի աստղաբաշխական հաշիվ էր բերել, որը երկար հաշվարկներից հետո պարզվել է, որ 10000 դրամով ավել է եղել իրական թվից։
Ցավալի է, բայց փաստ, որ նման խնդիրների բախվում ենք ոչ միայն «Տեխաս» փաբում։ Անձամբ իմ փորձում ևս մի քանի բավականին հայտնի ու սիրված փաբերում կիրառվում են նմանատիպ մեթոդներ։ Ընդ որում, որոշ տեղերում ավելի տգեղ քայելր էլ կիրառելուց չեն խորշում։ Օրինակ վերջերս ինձ համար հատկապես զազրելի էր «Կալյումե» փաբ կատարածս այցս, որովհետև բացի նրանից, որ ինձ այնտեղ փորձում էին խաբել հաշվի մեջ, նաև ի սկզբանե խտրական վերաբերմունք դրսևորվեց զուտ այն բանի համար, որ հայաստանցի եմ։ Նկարագրեմ դրվագը.
Մի խումբ արտասահմանցի հյուրերի հետ որոշել էի երեկոյան մի քիչ հանգստանալ ու ընկերներիս հետ մի քանի գավաթ գարեջուր խմել։ Ես ուղղեկցեցի նրանց «Կալյումե», որը ինձ խորհուրդ էին տվել ծանոթներս՝ ասելով, որ արտասահմանցիների դուրը շատ կգա, տերն էլ սփյուռքահայ է ու շատ յուրահատուկ միջավայր է ստեղծել իր փաբում։ Հասանք «Կալյումե» ու քանի որ ես այդ պահին հեռաախոսի զանգի պետք է պատասխանեի, հյուրերիս աասացի, որ իրենք մտնեն ներս, ես հենց ավարտեմ խոսել հեռախոսով՝ կմիանամ նրանց։
Որքան էր զարմանքս, երբ իմ մուտքը փորձեց խոչընդոտել մի տարօրինակ արտաքինով արարած, որը հայտարարեց, որ ես չեմ կարող ներս մտնել։ Հարցիս թե ինչու, նա ասաց, որ մուտքը միայն զույգերով է, ինչին ես պատասխանեցի, որ իմ ընկերները արդեն ներսում են ու եթե նրան անպայման գենդերային բալանսն է հուզում, ապա դա ևս պահպանված է։ Սակայն վերջինս շարունակում էր համառել ու չէր ցանկանում ինձ ներս թողնել ու ես բարկացած ձայն տվեցի ընկերներիս, որ մենք գնանք։
Միջամտեց սեփակաանատերը, և իմանալով բանն ինչում է, ներողությունը խնդրեց ու ներս թողեց ինձ։ Ես սկզբում մեծ նշանակություն չտվեցի սրան, սակայն երեկոյի ընթացքում սկսեցի նկատել որոշ բաներ, որ ինձ կրկին զայրացրեց։ Արդեն 22։00-ին մոտ, երբ այցելուները շատացան, էլի մի քանի դեպք եղավ, որ մարդ ներս չթողնեն՝ զույգ չունենալոու պատճառով։ Ամեն անգամ դրանք տեղացի հայեր էին, այնինչ, եթե ինչ որ պարսիկ, կամ սփյուռքահայ էր լինում՝ մենակ, կամ խմբով, նրանց առանց խնդրի ներս էին թողնում։
Երբ եկավ հաշիվը փակելու ժամանակը ես տեսա, որ հաշվի մեջ մեզ ևս խաբել են՝ ավելացնելով մի քանի շիշ գարեջուր, որոնք մենք անգամ չէինք էլ պատվիրել, բայց ես առանց այն էլ այնքան զայրացած էի, որ պարզապես վճարեցի այդ հավելյալ 2000-3000 դրամը ու մենք դուրս եկանք։ Հասկանում ե՞ք, ինձ այդ մի քանի կոպեկը չի որ վիրավորում է, ինձ վիրավորում է, որ ես՝ այս երկրի քաղաքացիս, ես՝ որ իմ կյանքի երկու տարին տվել եմ երկրի սահմանների պաշտպանությանը, ստորադասվում եմ, քան օտարը։ Ինչու՞ նույն արտասահմանցին կարող է առանց մտածել գենդերային բալանսի մասին մուտք գործել տվյալ փաբ, իսկ ես՝ ոչ, ինչու՞ են ինձ հիմարի տեղ դնում՝ հաշվի մեջ ներառելով պատվերներ, որ չեն արվել, չէ՞ որ միշտ էլ կարելի է բացահայտել նման խաբեությունը…



