Դու եկար հենց առաջին օրը։ Քեզ հետ բերեցիր գույներ, երանգներ, որոնք ժպիտ առաջացրին ոչ միայն դեմքիս, այլև հոգումս։ Ինձ գրավեցիր հենց առաջին հայացքից։ Չեմ կարող ասել, որ կատարյալ գեղեցկության կամ մարդկային տեսակի չափանիշներիս համապասախան էիր, բայց կարողացար արագ ու աննկատ սողոսկել ներս։ Գուցե հենց իմ իդեալներին չհամապատասխանելն էր պատճառը, որ այդպես գրավեցիր ինձ։ Դու խոսեցիր ինձ հետ ժպիտով, անկաշկանդ, ձայնի համեղ ելևէջներով։ Առաջին հայացքից շատ հասարակ, գրեթե դատարկ էիր թվում, բայց հաջորդ պահին` ծնոտս հատակին էր հասնում մտքերիդ արտահայտումը լսելիս։ Դա ինձ դուր եկավ այնպես, ինչպես դեռ ոչինչ չէր դուր եկել։ Երբեմն վատ էի զգում նման զգացում ունենալու համար, մտածում էի, որ դա սխալ է, բայց հետո հասկացա, որ ես միայն մարդ եմ, ոչ թե գերբնական էակ, մարդուն բոլոր տեսակի զգացումներն էլ հատուկ են։ Ես ցանկացա ճանաչել քեզ մինչև հոգուդ եզերքը, հասկանալ մտածելակերպդ, ապրումներդ, որոշ չափով նույնիսկ դրանք զգալ սեփական մաշկիս վրա։ Այն վայրերը, որտեղով անցնում էի ամեն օր, այն դեմքերը, որ տեսնում էի ամենուրեք, ինձ դրախտ էին թվում, որովհետև ես գիտեի, որ այս կողմերում շուտով տեսնելու եմ քեզ։
Անցավ ժամանակ։ Այն ինչ ինձ սկզբում թվում էր դրախտ, հիմա իրոք դարձել էր դրախտ, ու ես չէի զղջում ոչ մի խոսքիս, ոչ մի արածիս համար։ Ամեն ինչ նմանվել էր երազանքներիս` մեր ծիծաղաշատ օրերը, կատակները, իրար դիտմամբ նյարդայնացնելը, ժամերով զրուցելը, կիսվելը, ուտելիքը ու նույնիսկ հյութը կիսելը։ Այս ամենը դարձել էր կյանքիս մի մեծ մասը.. հարյուր տոկոսից մի քիչ ավելի ։) ։ Մենք անբաժան էինք, ու շատերն էին զարմանում մեր` այսքան մաքուր հարաբերությունների, կապվածության ու նվիրվածության վրա։ Ես երջանիկ էի, որ այս հսկայական աշխարհում գտել էի այնպիսի մեկի, որ ինձ հասկանում էր ամեն ինչում, թեկուզ և կային բաներ, որոնցում համակարծիք չէինք։ Տարօրինակ էր մեր մտերմությունը, այդ համակրանքը (հուսով եմ` փոխադարձ)։ Մեր հերթական խենթ օրերից մեկին ես հասկացա այդ զգացմունքի պատճառը. մեր երազանքները նույն ճանապարհով էին գնում։ Այն ինչ որոնում էինք այսքան երկար ժամանակ, իրար մեջ գտանք արդյունքում. գտանք, ճանաչեցինք ու ընտելացանք։
Չնայած նրան, որ աչքերս փակ կարող էի քեզ գտնել ամբոխի մեջ, գիտեի այս կամ այն երևույթին ինչ արձագանք ես տալու, իրար տեսնելիս առաջինը ինչ ես հարցնելու, քեզ ամեն օր ուզում էի բացահայտել, ու դա հաջողվում էր։
Ամեն ինչ կատարյալ էր։ Մի քանի ամիս միայն, ու մենք ասես իրար ճանաչում էինք հինգ մատի պես, հասցրել էինք կիսել թե՛ ծիծաղ, թե՛ լաց, թե՛ անհասկանալի, խճճված ու տարօրինակ օրեր։ Շատ լավ եմ հիշում. երբ մեկս լաց էր լինում, մյուսս հազիվ էր զսպում արցունքները, երբեմն բոլորովին էլ չէր զսպում։
Հետո շատ անսպասելի եղավ մի բան, որ չպիտի լիներ, կամ էլ չեղավ այն, ինչ պիտի լիներ։ Չհասկացա ինչ կատարվեց։ Պարզապես մի օր արթնացա ու հասկացա, որ չկաս։ Տեսել էի, որ մոտերքում չես, բայց սպասում էի քեզ։ Փորձեցի գտնել, սակայն` ապարդյուն։ Որոշեցի սպասել։ Հավատում էի, որ գալու ես. ախր չէիր կարող գնալ։ Չէ՞ որ այդքան հարազատ էինք դարձել իրար։ Իսկ այդ օրը ես հասկացա, որ դու չես վերադառնալու։ Փորձեցի մտաբերել, թե ինչով եմ քեզ նեղացրել, չգտա, չհասկացա։ Գիտե՞ս` ինչ ծանր է, երբ չգիտես, թե մարդ ինչու է քեզ լքել, այն էլ այդքան մտերիմ մեկը։ Դա կարող է հասցնել մինչև տենդի ու զառանցանքի։ Անորոշ մեղքի զգացումն ու մեղսավոր անորոշությունը խժռում էին ինձ։ Այս զգացողությունն այնքան խորացավ, որ ես արդեն կասկածում էի, թե իրոք եղել ես կյանքումս։ Գուցե ամեն ինչ եղել է խենթ երևակայությանս արդյու՞նքը։ Գուցե մեզ միայն թվո՞ւմ էր, թե ճանաչում ենք իրար։ Երևի շատ էինք ուզում, որ լինենք այնպիսին, ինչպիսին իրար երազել ու պատկերացրել ենք։ Բայց պատրանքը երկար չի տևում։
Այդ ժամանակ ես հասկացա, որ դու ուրվական էիր, որ եկար, մտար մեջս, ներարկեցիր ողջ էությունդ` երջանկությունդ ու վիշտդ, ու անցար։ Պատմեցիր քո պատմությունը, թույլ տվեցիր մի քիչ հասկանալ քեզ... մի քիչ։ Մի գեղեցիկ ուրվական, ում ես բռնել չկարողացա, ով բռնվելու կարիք չուներ, ու իր անէությունը փարատում էր թռչնի պես ազատ լինելով։ Ուրվականն էիր հոգուս, մտքերիս, երազանքներիս, խաղաղությանս ու պատերազմներիս, երազածս ջերմ ընկերության ու սիրո ուրվականը, որ եկար ու անցար։ Դու այն գարնան ուրվականն էիր, որը ես աշնանն էի երազում, և այն ջերմության, որը ձմռանը դողալիս էի տենչում։ Դու խոսքերիս մեջ հնչած լռության ուրվականն էիր, որ արձագանքում էր նույնպիսի լռությամբ, լռության մեջ պատկերված այն խոսքերիս ուրվականն էիր, որը գույներ էր տալիս դրանց։ Դու այն ուրվականն էիր, որ ստիպում էր հավատալ հրաշքների, բայց արդյունքում դարձար այն ուրվականը, որ այդ հավատը ճզմեց իր անհետացմամբ։
Միգուցե հնարավոր է քեզ վերագտնել, բայց ես հիմա գիտեմ մի բան, որ առաջ չգտեի։ Դու ուրվական ես, քեզ բռնել հնարավոր չէ։ Իսկ ես չեմ ուզում երջանկությունս վստահել մի բանի, որը կարող է անհետանալ մեկ ակնթարթում։ Երկրորդ անգամ ես նույնը զգալ չեմ ուզում։