Հովհաննես կամ Իվան Քրիստափորի Բաղրամյանը ծնվել է Չարդախլու գյուղում, 1897-ի դեկտեմբերի 2-ին: Նախնական կրթությունն ստացել է Գանձակի երկաթուղային դպրոցում: 1915-ին նա արդեն բանակում էր: Կարճ ժամանակ մասնակցելով Կովկասյան ռազմաճակատի մարտերին` ընդունվում է Թիֆլիսի ենթասպաների դպրոցը: Այն ավարտելուց հետո, 1917 թվականին, կրկին մեկնում է ռազմաճակատ` համալրելու Էրզրումի շրջանում գործող ռուսական զորքերի շարքերը: 1917-18 թվականներին Բաղրամյանն ականատես է լինում Կովկասյան ռազմաճակատում կատարված արմատական փոփոխություններին, մասնակցում հայ ժողովրդի ազատության համար մղված կռիվներին, մասնավորապես Սարդարապատի մարտերին:
1920 թվականին Բաղրամյանը մասնակցում է Ալեքսանդրապոլի Մայիսյան ապստամբությանը:
Խորհրդային կարգերի հաստատման առաջին իսկ օրերից նա կարմիր բանակի շարքերում էր: Այդ ժամանակից սկսած Հ. Բաղրամյանը գտնվում էր մեր զինված ուժերի կազմում: Իր բարձր ընդունակության, արտակարգ աշխատասիրության, կազմակերպչական կարողության ու կարգապահության, ռազմական գործի նկատմամբ ունեցած մեծ սիրո շնորհիվ նա շատ արագորեն է անցել ծառայության սանդուղքներով: Համառոտակի ահա այդ ուղին:
1921-23 թվականներին հեծյալ էսկադրոնի հրամանատար էր: Մի որոշ ժամանակ աշխատում էր նաև Խորհրդային Հայաստանի ռազմական ժողկոմատում:
1923-31 թվականներին հայկական հեծյալ գնդի հրամանատարն էր:
Ռազմական-տեսական գիտելիքները խորացնելու նպատակով 1925-ին սովորում և ավարտում է կարմիր բանակի հեծյալ զորքերի հրամկազմի վերապատրաստման դասընթացները ու նորից վերադառնում հայկական հեծյալ գունդ:
1931 թվականին գործուղվում է Լենինգրադ` սովորելու հեծելազորի բարձր հրամկազմի վերապատրաստման կուրսերում: Այն ևս ավարտում է մեծ հաջողությամբ: Կարճատև ծառայությունից հետո իրականանում է նրա վաղեմի ցանկությունը` սովորել Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, որը գերազանց ավարտում է 1934-ին: Այնուհետև նրան տեսնում ենք բանվորագյուղացիական կարմիր բանակի գերագույն շտաբի ակադեմիայի սովորողների շարքերում (1936-38), որը նույնպես ավարտում է փայլուն կերպով: Գերագույն շտաբի ակադեմիայի ղեկավարության միջնորդությամբ և պաշտպանության մինիստրի հրամանով Բաղրամյանը նշանակվում է ակադեմիայի դասախոս: Օժտված լինելով խոր գիտելիքներով և ռազմամանկավարժական հիանալի տակտով` նա լուրջ ավանդ է ներդնում մեր բանակի համար բարձր հրամանատարական կադրեր պատրաստելու գործում` դասախոսելով ռազմական արվեստի պատմություն առարկան:
Սակայն, ինչպես շատ զինվորականներ, այնպես էլ Բաղրամյանը գերադասում է ծառայությունը շարունակել բանակում: Եվ ահա 1940-ի սեպտեմբերին նշանակվում է Կիևի Կարմրադրոշ ռազմական հատուկ օկրուգի բանակներից մեկի, ապա` օկրուգի շտաբի օպերատիվ բաժնի պետ: 1941 թվականի հունիսի 22-ին այդ պաշտոնում էլ նա դիմավորում է Հայրենական մեծ պատերազմը: Կիևի պաշտպանության հերոսական և հարավարևմտյան ռազմաճակատի նահանջի ծանր օրերին Բաղրամյանը եղել է շտաբի պետի տեղակալ, ապա շտաբի պետ, իսկ 1942-ի հուլիսից նշանակվել է բանակի հրամանատար: 1943-ի ամռանը, որպես 11-րդ գվարդիական բանակի հրամանատար, իր զորքերով, գտնվելով հարձակման գլխավոր ուղղություններում, վճռական դեր է խաղացել Օրյոլ-Կուրսկի հռչակավոր ճակատամարտում: Նոյեմբերին գեներալ գնդապետ Բաղրամյանը նշանակվում է առաջին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերի հրամանատար: Մեծ են այդ ռազմաճակատի և նրա հրամանատարի ծառայությունները Բելոռուսիայի ազատագրման գործում, հատկապես Բոբրոցսկի օպերացիայում: Խորհրդային զորքերի` 1944-45 թվականների հաղթարշավի օրերին բանակի գեներալ Բաղրամյանի ղեկավարած զորքերը փայլուն հաղթանակներ տարան գերմանաֆաշիստական հորդաների դեմ` Մերձբալթիկայում և Արևելյան Պրուսիայում:
Պատերազմի հաղթական ավարտից հետո, 1945-1954 թվականներին, բանակի գեներալ Բաղրամյանը վարում էր Մերձբալթյան ռազմական օկրուգի զորահրամանատարի պաշտոնը: Այդ տարիներին նա մեծ ներդրում կատարեց երկրամասում ֆաշիստական օկուպացիոն ռեժիմի հետևանքները վերացնելու գործում: Էստոնիայում, Լատվիայում, Կալինինգրադի մարզում Բաղրամյանը բարի անուն է թողել ոչ միայն զորքերի, այլև աշխատավորության, կուսակցության, խորհրդային ակտիվի ամենալայն շրջաններում:
1954-ին Բաղրամյանը նշանակվում է պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ, ապա` նախարարի տեղակալ: Հաջորդ տարվա մարտի 11-ին նրան շնորհվում է Խորհրդային Միության մարշալի կոչում: 1956-1958 թվականներին նա գերագույն շտաբի ակադեմիայի պետն էր, ուր եռանդուն գործունեություն ծավալեց Խորհրդային Միության և սոցիալիստական երկրների բանակների համար բարձր հրամկազմի պատրաստման պատվավոր գործում:
Այնուհետև Բաղրամյանը կրկին նշանակվում է պաշտպանության նախարարի տեղակալ և զինված ուժերի թիկունքի պետ: Այդ պատասխանատու պաշտոններում լայնորեն են դրսևորվում մարշալի կազմակերպչական կարողությունները: Հիշենք գիտության ու տեխնիկայի զարգացման շնորհիվ բանակում և նավատորմում տեղի ունեցած տեխնիկական վերափոխությունները և դրա հիման վրա բանակի նյութատեխնիկական հագեցման պրոբլեմը, որոնց լուծման գործում իր տաղանդն է ներդրել նաև Հ. Բաղրամյանը:
1968 թվականից Բաղրամյանը փոխադրվում է պաշտպանության նախարարության գերագույն շտաբի գեներալ-տեսուչների խումբը ուր և շարունակում է իր ծառայությունը մինչև մահ:
Իր բազում ծառայությունների համար նա պարգևատրվել է Լենինի 6, Կարմիր դրոշի 3, Սուվորովի առաջին աստիճանի 2, Կուտուզովի, Հոկտեմբերյան հեղափոխության, ինչպես նաև Լեհական Ժողովրդական Հանրապետության, Մոնղոլական Ժողովրդական Հանրապետության շքանշաններով ու° բազմաթիվ մեդալներով:
Նա ԽՍՀՄ Գերագույն խորհրդի մի շարք գումարումների դեպուտատ է եղել, ԽՄԿԿ կենտկոմի անդամ: Բազմիցս ընտրվել է նաև Հայկական ԽՍՀ և Մերձբալթյան հանրապետությունների գերագույն խորհուրդների դեպուտատ:
Նրան բնութագրելու համար կարելի է վկայակոչել բազմաթիվ պաշտոնական վավերագրեր, սակայն սահմանափակվենք միայն մեկ-երկուսով:
Գերագույն գլխավոր հրամանատարության կայանի փաստաթղթերում պահպանվել է մի ուշագրավ գրառում, ուր Բաղրամյանի մասին ասված է, որՆա համեստ է ու զուսպ... ատում է կեղծավորությունը, ճակատամարտի օրը կամ ռազմերթի ժամանակ ամեն ինչ կշռադատում է, ամեն ինչ խորհում: Նա երբեք չի տարվում հանգամանքների բերումին, այլ դրանք ենթարկում է իրեն, միշտ գործում է արթուն խորաթափանցության կանոններով՚: Իսկ Խորհրդային Միության մարշալներ Վասիլևսկին և Ժուկովը, երկուսն էլ խիստ ժլատ իրենց խոսքերում, նրան բնութագրել են ամենադրական հատկանիշներով:Անկասկած,- գրել է Վասիլևսկին,- Հ. Բաղրամյանը բնատուր կարողություններով օժտված զորավար է: Նա ունի և° հրամանատարական, և° շտաբային փորձ, որը օգնել է նրան հաջողությամբ որոշել զորքերի ղեկավարման հարցերը, ինչպես նաև ռազմական գործողությունների պլանների մշակմանը, ընդ որում, նա ձգտում էր հաղթանակի հասնել ամենակարճ ճանապարհով:
Հ. Ք. Բաղրամյանի բնավորությունը նույնպես հաստատուն է և ամուր:
Մարշալ Ժուկովը, խոսելով Կուրսկի օպերացիայի նախապատրաստման մասին, նկարագրել է հանդիպումը Բաղրամյանի հետ և ավելացրել, որ իր և Բաղրամյանի միջևվաղուց ստեղծվել է լավ գործարար և ընկերական փոխհարաբերություն՚: Ինքը Բաղրամյանը, իր աշխատություններում նշել է այն բարոյական ուժը, որն իրեն մղում էր դեպի հաղթանակ:Պատմության փորձը ցույց է տալիս,- գրում է Բաղրամյանը, որ հաղթանակի ուղին դժվարին է և այն ազնվությամբ հաղթահարում է միայն նա, որին թևավորում է հայրենասիրությունը և ազնվագույն նպատակը՚:
Հ. Բաղրամյանը շատ թելերով կապված է հայ իրականության ու ժողովրդի հետ: Իր անձնական օրինակով, սխրանքներով, բարի խորհուրդներով նա, հիրավի, զգալիորեն նպաստել է մեր երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործին:
Եղել է ընտանիքին նվիրված հայր, կինը` Թամարան, երեխաների կրթության ու դաստիարակության նվիրյալ: Որդին` Մովսեսը, պատերազմի մասնակից է առաջին օրվանից, սպա է, դուստրը` Մարգարիտան, գերազանցությամբ ավարտել է առաջին բժշկական ինստիտուտը` ակնաբույժի մասնագիտությամբ: Թոռը` Իվան Սերգեյի Բաղրամյանը, ավարտել է Մոսկվայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, աշխատում է իր մասնագիտությամբ: Թոռնուհին` Կարինե Նաջարյանն, ավարտել է օտար լեզուների ինստիտուտը, դասավանդում է ռազմական ակադեմիայում, ունի փոխգնդապետի կոչում:
Նրա գրքերը` Հերոս քաղաք Դնեպրի ափին՚ Այսպես է սկսվել պատերազմը՚,Այսպես մենք գնացինք դեպի հաղթանակ՚,Իմ հուշերը՚,Մեծ ժողովրդի զավակներըթարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն:
Խորհրդային Միության կրկնակի հերոս Իվան Քրիստափորի Բաղրամյանը վախճանվեց 1982-ի սեպտեմբերի 21-ին: Մարմինն ամփոփված է Կարմիր հրապարակում` Կրեմլի պատում:
Խորհրդային Միության հերոս մարշալներ Բաղրամյանն ու Բաբաջանյանը միշտ ուշադրության կենտրոնում են պահել իրենց հայրենի գյուղը` Չարդախլուն և հաճախակի են այցելել այնտեղ, որտեղ նրանց ընդունել են մեծ շուքով` ոչ միայն իրենց համագյուղացիները, այլ նաև հյուրերը Ադրբեջանից, Վրաստանից, Հայաստանից, որոնցից առաջինում ծնվել, հասակ են առել, գրաճանաչ դարձել, երկրորդում շարունակել են ուսումը, ստացել ռազմական կրթություն, իսկ երրորդի համար սխրագործություններ կատարել, ազատագրման պայքար մղել: Եվ գյուղի մի այցելության ժամանակԳրական Ադրբեջանհանդեսի լրագրողներից մեկը հարց է տալիս Բաղրամյանին.
- Հարգելի Հովհաննես Քրիստափորովիչ, դուք իհարկե, հաճախակի եք այցելում Ձեր հայրենի գյուղը` Չարդախլու, ինչպեպս եք գնահատում այն:
- Ես մի առանձին սեր եմ տածում հայրենի վայրերի նկատմամբ: Ամեն անգամ ես մեծ հուզմունքով եմ գալիս իմ հարազատ օջախը, որտեղ ամեն քար ու թուփ թանկ են ինձ համար: Հպարտությամբ է լցվում սիրտս, երբ տեսնում եմ, թե որքան լավ են ապրում իմ համագյուղացիները, որքան է գեղեցկացել իմ ծննդավայրը:
Չարդախլուն մեծ Կովկասի հսկա գագաթներով շրջապատված այդ ոչ մեծ գյուղը, իրավամբ քաջասիրտ ռազմիկների գյուղ են անվանում: 1200 չարդախլվեցիներ են մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին: Հազարավոր շքանշաններով ու մեդալներով նշված են համագյուղացիներիս սխրագործությունները մեր հայրենիքի ազատության ու անկախության համար մղված մարտերում:
Ամեն անգամ ես մեծ հետաքրքրությամբ եմ իմանում չարդախլվեցիների կյանքում տեղի ունեցող բարեփոխումների մասին:Խանութներ, կուլտուր-կենցաղային նշանակության օբյեկտներ են բացվել գյուղում: Մի ժամանակ այնտեղ դպրոց չկար, և ես ստիպված ուրիշ տեղ էի սովորում: Իսկ այժմ իմ պատանի համագյուղացիների համար երկու մեծ ու լուսավոր դպրոց է կառուցվել: Դպրոցականները, կարմիր հետախույզները չարդախլվեցիների մարտական սխրանքների մասին պատմող շատ նյութեր են հավաքել, որոնք պահվում են գյուղիՄարտական ու աշխատանքային փառքիթանգարանում, որը կառուցվել է իմ հայրական տան տեղում: Այն կդառնա, ինչպես Շամխորի, այնպես էլ Չարդախլվի երիտասարդության ռազմահայրենասիրական, բարոյական դաստիարակության կենտրոն (ՙԳրական Ադրբեջան՚, 1980, դ 5):