Footsport.am-ը գրում է.
Ինչպիսի՞ տրամադրվածությամբ են թիմերն անցկացնելու արձակուրդը, ֆուտբոլիստներից ո՞վ էր շփոթել դարպասների տեղը, ո՞ ր խաղում դարպասին կատարված յուրաքանչյուր հարված գոլով էր ավարտվում, ֆուտբոլիստը տասը տարին մեկ է հարվածում դարպասին, գլխավոր մարզչի խոստովանությունը, շարունակվում է ռմբարկուների ռմբահարումը, առաջնության ընդմիջմանը նոր թիմ կստեղծվի: Այս և մի քանի այլ նկատառումներ առաջնության 14-րդ մրցափուլից:
ԱՐՁԱԿՈՒՐԴԻ`ՏԱՐԲԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ
Մրցափուլի մեկնարկային հանդիպումը կայացավ Գյումրիում, որտեղ 2-րդ տեղում ընթացաղ «Շիրակը» հյուընկալել էր «Միկային»: Վերջինս հաջողության դեպքում ընդհուպ կմոտենար առաջատարներին, իսկ դաշտի տերերին հաղթանակն անհրաժեշտ էր «Արարատից» միավորների տարբերությունն ավելի չմեծանալու առումով: Սակայն թիմերից ոչ մեկին չհաջողվեց հաղթել , և նրանք բաժանվեցին մեկական միավոր վաստակած: Այս անգամ էլ դաշտի տերերից արդյունավետ խաղով աչքի ընկավ Սերժ Դեբլեն, ով 3-րդ անընդմեջ խաղում դարձավ գոլի հեղինակ և ռմբարկուների մրցավազքում իր գոլերի թիվը հասցրեց 9-ի: Հյուրերից էլ պատասխան գոլը հեղինակեց Վարդգես Սաթումյանը, սակայն եթե «Ուլիսի» հետ նախորդ հանդիպմանը նրա կրկնագոլի շնորհիվ միկացիները հաղթեցին, ապա այս դեպքում այն բավարարեց միայն ոչ-ոքի արդյունքին: Ռմբարկուները շարունակեցին իրենց արդյունավետ խաղը մյուս հանդիպումներում: Գևորգ Նռանյանի վերջին 2 խաղում անընդմեջ կրկնագոլերը հնարավորություն ընձեռեցին «Արարատին» վաստակել առավելագույն` 6 միավոր:
«Փյունիկի» նկատմամբ «Արարատի» 2-0 հաշվով հաղթանակը հնարավորություն ընձեռեց արարատցիներին միավորների շոշափելի առավելությամբ գլխավորել մրցաշարային աղյուսակը և բարձր տրամադրությամբ գնալ արձակուրդի: Իսկ Նռանյանի արդյունավետ խաղը նպաստեց, որ նա Դեբլեի հետ դառնա ռմբարկուական մրցավազքի առաջատար: Ուշագրավ է, որ Նռանյանն իր թիմի խփած գոլերի գրեթե կեսի հեղինակն է: Արատացիներն ընթացիկ առաջնությունում մրցակիցների դարպասը գրավել են 20 անգամ, որոնցից 9-ի հեղինակը Նռանյանն է: Հետաքրքիր կլիներ հետևել Դեբլեի և Նռանյանի միջև լավագույն ռմբարկուի կոչման հետագա պայքարին, սակայն, ամենայն հավանականությամբ, «Շիրակի» լեգեոներ ֆուտբոլիստը կտեղափոխվի այլ թիմ: Ի տարբերություն արարատցիների, փյունկցիների արձակուրդային տրամադրությունը բարձր չի լինի: Թիմը 3 անընդմեջ պարտությունից հետո հայտնվել է իր համար չափազանց անսովոր` 6-րդ տեղում: «Փյունիկի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Վարազդատ Ավետիսյանը հուսով է, որ դա թիմի համար ժամանակավոր է և առաջնության երկրորդ կեսին «Փյունիկը» կշտկի իրավիճակը:
Հետաքրքիր է, որ երիտասարդ մարզիչը, միաժամանակ, վստահ չէ, կշարունակի՞աշխատել թիմում, թե` ոչ: Սակայն երիտասարդ մարզչին, թերևս, պետք է իրեն դրսևորելու հնարավորություն տրվի: Ճիշտ է, նրա գլխավորությամբ թիմը 2 պարտություն կրեց, սակայն չպետք է անտեսել, որ մրցակիցներն առաջին 2 հորիզոնականներում գտնվող «Շիրակն» ու« Արարատն» էին: «Արարատի» հետ մրցախաղում փյունկիցիներն արդեն 3-րդ րոպեին գոլ բաց թողեցին, ինչը նկատելիորեն դժվարացրեց խաղը փրկելու նրանց հնարավորությունը: Հայտնի է, որ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմն ընթացիկ առաջնությունում աչքի է ընկնում շատ հուսալի պաշտպանությամբ և սեփական դարպասն ընդունել է ընդամենը 7 գոլ:
ԴԱՐՊԱՍՆԵՐԻ ՏԵՂԸ ՇՓՈԹԱԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ
Իսկ ահա բաց թողած գոլերի առումով անվիճելի առաջատարը «Ալաշկերտն» է: Հերթական խաղում թիմը հերթական տհաճ անակնկալը մատուցեց իր երկրպագուներին: Բանանցի» հետ մրցավեճի առաջին կեսում Տիգրան Հախնազարյանի դարպասի գրավման 5 դեպք արձանագրվեց: Սակայն հանդիպման սկզիբը դեպքերի նման ընթացք չէր ենթադրում, և Ալաշկերտը» ակտիվ սկսեց խաղը: Բայց խաղի 17-րդ րոպեին գնդակ բաց թողնելուց հետո, թիմը սկսեց սխալներով գործել: Խաղացողների մոտ մի տեսակ կորավ վստահությունը: Դրա վկայություն է թեկուզ հետևյալ դրվագը. գնդակը հյուրերի խաղացող Նարեկ Հարությունյանի մոտ էր, և ֆուտբոլիստը դաշտի կենտրոնական հատվածից գրոհը դեպի մրցակցի դարպասը շարունակելու փոխարեն գնդակը հանձնեց իր դարպասապահին:
Այդ պահին թիմն արդեն պարտվում էր, և տրիբունայից ակումբի նախագահը զայրույթով դիմեց ֆուտբոլիստին. «Նարեկ, դարպասը մյուս կողմում է»: Դաշտի տերերն այս խաղում զարմանալի դիպուկությամբ մեկը մյուսի հետևից գրավում էին մրցակցի դարպասը: Պատահական չէ, որ խաղից հետո «Ալաշկերտի» գլախավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշեց, որ մրցակցի գրեթե յուրաքանչյուր հարված ավարտվում էր գոլով: Ընդ որում, գոլերից 3-ի դեպքերում բավական հաջող ստացվեց այսպես ասած պտտեցրած հարվածները, երբ դարպասապահը պարզապես անզոր էր փրկելու իրավիճակը:
«Բանանցի» խաղը ստացվում էր, և գրեթե բոլոր ֆուտբոլիստները փորձում էին արդյունքի հասնել: Պատահական չէ, որ դաշտի տերերի խաղացողներից մեկի` հեռվից կատարած վտանգավոր հարվածից հետո թիմի ադմինիստրատիվ աշխատողներից մեկը զարմանքով արձագանքեց. «Էս ֆուտբոլիստը 10 տարին մեկ է էսպես դարպասին հարվածում»: Ընդմիջումից հետո դաշտի տերերը ևս 2 անգամ հաջողության հասան և ձևակերպեցին վերջնական գերխոշոր հաշվով հաղթանակը`7-0: Բնական է, որ մարզիչները հետխաղյա մամուլի ասուլիսին տրամագծորեն հակառակ տրամադրություններով ներկայացան:
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշեց, որ սխալվել էին մարտավարության ընտրության հարցում. «Այս անգամ մարտավարությունը փոխել էինք և որոշել առաջին համարով խաղալ: Սակայն շատ շուտ հասկացանք, որ շտապել ենք. մեր թիմը դեռևս պատրաստ չէ առաջին համարով խաղալու»: Գյուլբուդաղյանցը նաև փաստեց, որ առաջիկա արձակուրդային ժամանակաշրջանում թիմում կտրուկ փոփոխություններ են սպասվում` նոր ֆուտբոլիստներով, նոր փիլիսոփայությամբ և նոր ձեռագրով: Իսկ «Բանանցի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը նշեց, որ այս խաղում իր թիմը ցուցադրեց իրական ուժը և միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ նախորդ խաղերում չէր օգտագործում բազմաթիվ գոլային պահերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ