Ռավշանա Կուրկովան ծնվել է 1980 թվականի օգոստոսի 22-ին Տաշքենդում: Մոսկվա տեղափոխվելուց հետո Ռավշանան ավարտել է երաժշտական դպրոցը, բարձր դասարաններում սովորել է ճեմարանում, պլանավորում էր ընդունվել Լոնդոնի համալսարան, բայց արդյունքում մնացել է Ռուսաստանում և սովորել մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետում:
-Ինչու՞ ես բոլորին համոզում, որ մանուկ հասակում գեղեցիկ չես եղել:
-Այդպես էր կարծում տատիկս, որ մանկաբարձ-գինեկոլոգ էր: Հենց նա էր ընդունել մայրիկիս ծննդաբերությունը: Մայրիկս ինձ ունեցել է 19 տարեկանում, երբ սովորում էր առաջին կուրսում: Ունեցավ և գնաց շարունակելու ուսումը:
-Իսկ ո՞վ քեզ Ռավշանա կոչեց:
-Իհարկե, տատիկս: Սկսենք նրանից, որ իմ անունը Ռավշանոյ է, և տղամարդու անուն է: Ես ծանոթանում էի տղաների հետ, և երբ նրանք իմանում էին անունս, ինձ ապուշ էին համարում: Տատիկս երեք երեխա ուներ: Առաջնեկը` սիրելի Ռավշանը, բժիշկ էր: Մահացել էր 27 տարեկանում սրտի կաթվածից: Բոլորի համար դա մեծ հարված էր: Երբ մայրիկս հղի էր, բոլորը մտածում էին, որ տղա է, նոր Ռավշանը: Իսկ ծնվեց աղջիկ, բայց բոլորը որոշեցին հետ չկանգնել որոշումից և Ռավշան անունին ավելացնել «ոյ» վերջածանցը: Արդյունքում ստացվեց Ռավշանոյ անունը, որ նշանակում է «պարզ լուսին»: Ես չեմ սիրում, երբ ինձ այդպես են անվանում: Ու չեմ սիրում մտածել, որ մահացած մարդու պատվին երեխային անվանակոչելը վատ նշան է:
-Երևի մանկուց գրավել ես տղաներին քո օրիգինալ արտաքինի շնորհիվ:
-Դե... Կարող եմ ասել, որ ուժեղ սեռի հետ հարաբերություններում բախտս միշտ բերում է: Իմ «առաջին տղամարդը» պապիկս էր. նա լրացնում էր հորս: Սովորեցնում էր շախմատ խաղալ, ինձ համար ապուրներ էր պատրաստում: Ես դաշնամուր էի նվագում, իսկ նա նստում էր անկյունում և հիացմունքից արտասվում:
-Այսինքն ստացվում է, որ տատիկդ ու պապիկդ փոխարինել են ծնողներիդ:
-Կարելի է և այդպես ասել: Այդ պատճառով շատ ինքնամփոփ և բարդութավորված երեխա էի մեծանում` գրքերի, երաժշտության աշխարհում: Ես այն երեխաներից չէի, որ բակերում թափառում են: Մինչև հինգերորդ դասարան պապիկս էր ինձ դպրոց տանում, իսկ հեռախոսով խոսելու իմ ժամանակը խիստ սահմանափակ էր: Իհարկե, ազատության պակաս կար: Բայց շնորհակալ եմ տատիկիս, որ ինձ խստության մեջ է դաստիարակել: Հիմա ես ինձ ոչ անճոռնի ճուտիկ եմ զգում, ոչ էլ շքեղ տիկին: Ես սովորական աղջիկ եմ, որ անհրաժեշտության դեպքում կարող է դառնալ թե մեկը, թե մյուսը:
-Քեզ համար կարծես թե խնդիր չի տնից դուրս գալ առանց դիմահարդարման:
-Առօրյա կյանքում գրեթե չեմ օգտագործում կոսմետիկա: Իմ դեմքը գործիք է, ուստի մաշկս պետք է հանգստանա: Մի քիչ թարթչաներկ, մաքուր և փայլող մազեր. այս ամենը բավարար է, որպեսզի աղջիկը խնամված տեսք ունենա: Ես տարօրինակ եմ համարում առօրյայում մարտական դիմահարդարումն ու 12 սանտիմետրանոց բարձրակրունկները: Իմ պարագայում դրա համար առիթ է պետք, օրինակ` նկարահանում:
-Որտեղի՞ց ես էներգիա քաղում:
-Այնտեղից, որտեղ օվկիանոս կա: Ներքինս այնքան է կարգավորվում, որ հետո ընդհանրապես չեմ հիվանդանում: Արդեն մի քանի տարի է կյանքս այնպես եմ դասավորում, որ ձմռանը հնարավորություն ունենամ երեք շաբաթով օվկիանոսի մոտ լինեմ:
-Ինչպե՞ս ես կարողանում այդքան գեղեցիկ լինել` դիմահարդարման, մատնահարդարման և այլնի բացակայության պայմաններում:
-Տատիկս ասում էր. «Կարևոր չէ, թե որքան երկար են ոտքերդ կամ որքան մեծ է կուրծքդ: Երեք բան կա, որի վրա տղամարդիկ ուշադրություն են դարձնում` մազերը, ատամներն ու մաշկը»: Չգիտես` ինչու, ես բացարձակ անտարբեր եմ կոսմետիկայի հանդեպ, իսկ առաջին անգամ արհեստական եղունգներ եմ դրել «Մահացած դուստրեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այդ ժամանակ ես անիծեցի ամեն ինչը, քանի որ նման բան կարելի է կրել միայն արվեստի հանդեպ սիրուց ելնելով: Նկարահանումներին այնքան անհամբերությամբ էի սպասում, որ չեմ կարող նկարագրել:
-Ի՞նչ դերի մասին ես երազում:
-Երազում եմ ձի հեծվել, վազվզել, ծնկներս արյունոտել: Դա ինձ ավելի է դուր գալիս, քան նստել թեյի սեղանի շուրջ, զրույց վարել, լինել գեղեցիկ ու հավասարակշռված: Ծանրաբեռնված ֆիզիկական աշխատանք եմ ուզում:
-Պլաններ կազմո՞ւմ ես:
-Պլաններ կազմելը շատերին է հատուկ: Այլ հարց է, թե որքանով են դրանք իրականանում: Բայց ես սիրում եմ երազել: