Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ,Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի, անեղ եւ անմահ բնութիւն, արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 


Հավատով խոստովանանքը և երկրպագությունը ուղղվում են Աստվածության երեք Անձերին։ 
Նկատելի է, որ երեք Անձերի համար գործածված դերանունը եզակի է՝«Քեզ»։ Առանց խորանալու աստվածաբանական հարցերի մեջ՝ պետք է հաստատել, որ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն  հավատալը քրիստոնեական կրոնի դավանանքի հիմնական առանցքն է: Սրանում է մյուս բոլոր կրոններից քրիստոնեական Եկեղեցու դավանաբանական հիմնական տարբերությունը:
Աշխարհի մյուս բոլոր կրոնները երկու հիմնական խմբերի են բաժանվում.

ա) բացարձակ միաստվածություն, ինչպիսիք են մովսիսականությունն ու մահմեդականությունը,
բ) բազմաստվածությունը, որն իր մեջ ներառում է գրեթե բոլոր մնացյալ կրոնները։

Քրիստոնեական հասկացողությամբ Աստված անձնավոր էակ է, այսինքն՝ անհունորեն բանավոր, ինքնագիտակից և ինքնակամ մի Հոգի է: Աստծո՝ Անձ լինելը, բնականաբար, անհունորեն գերազանցում է մարդկային անձնականությանը, որ Աստծո մանրանկար պատկերն է միայն։ Աստվածությունը ոչ միայն անձնական է, այլ Նրա մեջ գոյություն ունեն երեք անձեր։ Այս ճշմարտությունը մարդկությանը տրված է գերբնական հայտնությամբ։
 
Մարդն իր բանականությամբ բնությունը ուսումնասիրելով՝ հասնում է Աստծո գոյության ճշմարտությանը, սակայն երբեք պիտի ի վիճակի չլինի գտնելու Աստվածության մեջ երեք անձերի գոյության ճշմարտությունը, եթե այդ իրեն բացահայտված չլինի: Ուրեմն քրիստոնյաներս հրավիրվում ենք հավատալու և պաշտելու միայն մեկ Աստվածության, որ մեզ հայտնվում է երեք անձերով։ Մեր հավիտենական կյանքը մեզ հասու է երեք աղբյուիրներից՝ Հայր Աստծուց, որ ստեղծում է մեզ, Որդի Աստծուց, որ փրկում է մեզ և Հոգի Աստծուց, որ սրբացնում է մեզ։ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին միասնաբար կոչվում են Սուրբ Երորդություն, ինչին (ինչպես նաև Անձերից յուրաքանչյուրին) հանգամանորեն կանդրադառնանք հաջորդ տների մեջ։

«Անեղ և անմահ բնություն». Աստվածության մասին շատ խտացված մի հավաստում է այս։ Բնությունբառը հայերենի մեջ ամենից դժվար հասկանալի, և հետևաբար՝ ամենից դժվար բացատրելի բառն է։ Եթե մինչև իսկ փորձենք այն սահմանել, դարձյալ կմնա դժվար ըմռնելի հասարակ մտքերի համար, որովհետև այս բառը միայն մտքով ըմբռնվող մի գաղափար է: Այլ բացատրությամբ՝ այս բառը մեր զգայարաններին և հետևաբար մեր զգալի փորձառությանը հասու իրականություն չի ներկայացնում, այլ միայն փիլիսոփայորեն ըմբռնված գաղափար է արտահայտում։ Բառի այս վերացական հանգամանքը պատճառ է եղել, որ այն  տարբեր–տարբեր իմաստներով հասկացվի և ծնունդ տա եկեղեցական անվերջանալի վեճերի՝ պատճառ դառնալով  մինչև իսկ  եկեղեցական անդարմանելի և անդառնալի բաժանումների։

Բնություն բառը ներկայումս սահմանվում է որպես «համադրություն էակի կամ առարկայի այն հատկությունների, որոնք ի բնե իրենն են, և որոնցով այդ էակը կամ առարկան տարբերվում են մյուսներից»։ Հայերեն լեզվի մեջ էլ, արդարև, բուն բառը, որ արմատն է բնություն եզրի, նշանակում է՝ սկզբնական, հարազատ։ Այստեղ որպես աստվածային բնության հատկանիշ տրվում են երկու ածականներ՝ «անեղ և անմահ», որոնք միայն Աստծուն են հատուկ և Նրան զատորոշում են մյուս բոլոր էակներից։

«Անեղ» նշանակում է չստեղծված, իր գոյության համար ուրիշից կախվածություն չունեցող, հետևաբար՝ ինքնագո։ Իսկ «անմահ» ածականը շեշտում է աստվածային բնության՝ մահվանը կամ վախճանին ենթակա չլինելը։ Այս երկու կարճ և համապարփակ ածականները իրենց մեջ խտացնում են աստվածային բնության հավիտենականությունը։ Անեղ ածականը հատկանշում է Աստծո հավիտենականությունը անցյալի հարաբերությամբ, իսկ անմահը՝ ապագայի, այսինքն՝ Աստծո անվախճան լինելը։
ՇՆՈՐՀՔ ԵՊԻՍԿ.
(Սիոն, 1958, Թ-Ժ)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել