Այդ ժամանակ պարսից Շապուհ թագավորը մեծ ընծաներով, հրովարտակներով պատգամավորներ է ուղարկում Արշակ թագավորի մոտ, սիրով ու աղաչանքով խնդրում նրան գալ Պարսկաստան, որպեսզի խաղաղության ու բարեկամության դաշինք կնքեն։Արշակ թագավորը թեպետ հաշտության կողմնակից չէր և կամենում էր շարունակել պատերազմը, բայց տեսնելով, որ ամբողջ զորքը, իշխաններն ու նախարարները հոգնել են կռիվներից և այլևս չեն կամենում պատերազմել, ստիպված ընդունում է Շապուհի դեսպաններին և ինքն էլ իր կողմից Շապուհին ընծաներ ու հրովարտակներ ուղարկում։
Շապուհը դարձյալ պատգամավորներ է ուղարկում Արշակի մոտ, խնդրում նրան գալ Պարսկաստան՝ հետևյալ խոսքերով.
-Եթե դու ընդունում ես իմ առաջարկած հաշտության պայմանը և քեզ ինձ հետ հաշտ ես համարում, ապա եկ, հանդիպենք, տեսակցենք միմյանց և այնուհետև հայր ու որդու նման լինենք իրար նկատմամբ։ Իսկ եթե չես կամենում ինձ տեսնել, նշանակում է դարձյալ պատերազմ ես ուզում բորբոքել երկուսիս միջև։
Երբ Արշակին հայտնում են Շապուհի այս պատգամը, Արշակն ապահով լինելու համար Շապուհից խնդրում է ուխտի հավատարմության երդում ուղարկել։ Շապուհ թագավորը հոժարում է, երդման համար աղ է բերել տալիս, աղի վրա երդվում, աղը կնքում վարազագիր մատանիով1, ուղարկում Արշակ թագավորին և պատվիրում, որ եթե այդ երդումից հետո էլ Արշակը չգա, ապա թող պատրաստվի պատերազմի։
Հայոց աշխարհի մեծամեծերն ու իշխանները և առհասարակ բոլոր մարդիկ, երբ իմանում են այդ, ստիպում են Արշակ թագավորին, շտապեցնում, որ նա գնա, ներկայանա պարսից Շապուհ թագավորին։
Արշակ թագավորը ստիպված իր հետ է վերցնում իր դայակ Վասակ սպարապետին և ճանապարհ ընկնում, գնում Պարսկաստան, Շապուհ թագավորի մոտ։ Նրանք գալիս, ներկայանում են Շապուհ թագավորին:
Շապուհը խիստ նախատում է Արշակին իբրև ծառայի, իսկ Արշակը իրեն հանցավոր ու մահապարտ է համարում Շապուհի առաջ։
Շապուհը Արշակին ու Վասակին հանձնում է իր ազնվական թիկնապահ գնդին, որ նրանց պահեն ազատ, բայց հսկողության տակ։
-----------------------------
* Շարադրված է ըստ Փ. Բուզանդի «Հայոց պատմության»։
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2013/11/blog-post_4247.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



