1in.am-ը գրում է.

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովն ուրբաթ հանրապետության կրոնական գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երազում է ոչնչացնել Սիրիայի բոլոր հրոսակներին, որոնք սրբավայրերի պղծմամբ են զբաղվում:

Կադիրովը նշել է, որ սիրիական պատերազմը գրավում է նրանց, ովքեր ցանկանում են ուրիշի դժբախտության հաշվին շահել: «Նրանք Սիրիայում զբաղված են կողոպուտով, մարդկանց ծաղրելով, սրբավայրերի պղծմամբ: Դրանք անհավատ, անպատիվ մարդիկ են: Այնտեղ ոչ մի սրբազան պատերազմ էլ չկա, ոչ մի ջիհադ»,- ասել է նա: 

Սիրիայում հաստատված հրոսակներն ու ահաբեկիչներն ասում են, որ Սիրիայից հետո կգան Չեչնիա՝ նշել է Կադիրովը: «Ես երազում եմ նրանց բոլորին ոչնչացնել»,- առաջնորդի խոսքերն է մեջբերում RIA Novosti-ն: 

Նա ընդգծել է, որ Չեչնիայի իշխանությունները երբեք ոչ մեկի թույլ չեն տա հանրապետության տարածքում դեմ գնալ օրենքին ու կրոնին: 

Նրա խոսքով՝ իրենք լավ գիտեն, թե վահաբիստները որքան տառապանքներ են բերել չեչեն ժողովրդին: «Մենք թույլ չենք տա, որպեսզի այդ աղետը կրկին արմատներ ձգի Չեչնիայի հողում: Եվ այդ հարցում շատ բան կախված է Ձեզնից՝ հոգևորականության ներկայացուցիչներից»,- ասել է Կադիրովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել