Վիլնյուսի այսօրվա գագաթնաժողովը շատերը համարում էին տարվա ամենաինտրիգային աշխարհաքաղաքական միջոցառումը, որը հավակնում էր փոխել ուժերի հավասարակշռությունը Արևելյան Եվրոպայում: Արևելյան գործընկերության ծրագիրը ամփոփում էր իր արդյունքները, և տարիներ տևած աշխատանքների ու միլիոնավոր եվրոների հասնող ներդրումների վերջնական արդյունքը պետք է հանդիսանար նախկին խորհրդային մի շարք հանրապետությունների ավելի մերձեցումը ԵՄ-ին: Դժվար է ասել, որ ծրագիրն ամբողջությամբ ֆիասկո ապրեց, բայց փաստ է նաև, որ դրված նպատակներն էլ մասնակիորեն իրականացվեցին:

Ողջ ծրագրի տրամաբանությունը այն է, որ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան նախաստորագրեն ու ստորագրեն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, որը ներառում էր նաև տնտեսական կարևոր մաս՝ Ազատ առևտրի խորը և համապարփակ համաձայնագիր, իսկ Ադրբեջանն ու Բելառուսը, որտեղ ի սկզբանե մեծ վերապահումներով էին մոտենում ասոցացմանը, գոնե մի որոշ չափով ավելի մերձեցնեն իրենց արտաքին քաղաքական կուրսը ԵՄ-ին: Ի սկզբանե պարզ էր, որ առանցքային մասնակիցը Ուկրաինան է՝ իր 40 միլիոնանոց շուկայով, ռեսուրսներով հարուստ հսկայական տարածքով և հսկայական աշխարհաքաղաքական նշանակությամբ: Մնացած մասնակիցներն, անկասկած, ևս ունեին իրենց կարևորությունը շահագրգիռ կողմերի հետ, բայց միևնույն է, կարևորության առյուծի բաժինը Ուկրաինայինն էր:

Ինչպես արդեն գիտենք, վերջին 3 ամիսների բուռն զարգացումները բերեցին նրան, որ սկզբում Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու իր ցանկության մասին, իսկ հետո էլ Ուկրաինան սառեցրեց ասոցացման ստորագրումը: Առիթից օգտվեց նաև Ադրբեջանը, ով հայտարարեց, որ պատրաստ չէ նախաստորոգրել Ասոցացման պայմանագիրը այն տեսքով, որով առաջարկվում է, և պատրաստվում է իր առաջարկներով հանդես գալ, որոնք, ըստ էության, հանգում էին անցագրային ռեժիմի դյուրինացմանն և էներգակիրների ոլորտին: Որպես հետևանք, օրակարգում մնացին միայն Վրաստանն ու Մոլդովան, որոնք էլ այսօր նախաստորագրեցին համաձայնագիրը, ու եթե Վրաստանի պարագայում դա զարմանք ու հետագա բարդացումներ չի խոստանում, ապա Մոլդովայում ամեն ինչ ավելի բարդ է, որովհետև դրա առանձին մասեր կտրականապես դեմ են, իսկ Գագաուզիայի ինքնավար հանրապետությունը սպառնում էր հանրաքվե անցկացներ՝ Մոլդովայից անկախանալու ու ՄՄ-ին անդամակցելու համար:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, դատելով նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից, ինչպես նաև ԵՄ-ի ու ՀՀ-ի համատեղ հայտարարությունից, կարելի է ասել, որ տեղի ունեցավ «քաղաքակիրթ ապահարզան»՝ հետագայում վերամիավորվելու հավանականությամբ: Համենայն դեպս, նախագահն իր ելույթում շեշտեց, որ Հայաստանը եվրոպական մոդելով պետություն դառնալուն այլընտրանք չունի, իսկ կողմերի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ թեև Հայաստանը չի ստորագրել ոչ մի փաստաթուղթ՝ այլ հանձնառություններ ստանձնելու պատճառով, այնուամենայնիվ, օրակարգում է նոր մոտեցումների մշակումը, որոնք թույլ կտան Հայաստանին ու ԵՄ-ին էլ ավելի սերտացնելու և խորացնելու համագործակցությունը:

Այսքանով հանդերձ, չի կարելի ասել, որ սա ձախողում էր կողմերից որևէ մեկի համար: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, Ասոցացումը մոտ ապագայում տեղի չի ունենա, բայց, համենայն դեպս, դեկլարատիվ մակարդակով կա քաղաքական կամք` նմանօրինակ խորը համագործակցության նոր եզրեր փնտրելու: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել