A1plus.am-ը գրում է.
Մայրաքաղաքի երթուղայինների գծատերերը, իրենց իսկ խոսքերով, մտավոր ծանր աշխատանքի մեջ են` եւ ուզում են, որ ուղեվարձը 100-ից դառնա 150 դրամ, մյուս կողմից` չեն ուզում ուղեւորների համար այդպիսով դառնալ թշնամի։
Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն ասում է. «Վերջապես, որ մենք գնում ենք հաց գնելու, չենք ասում` այ հացավաճառ ինձ մի հաց տուր, մենք ասում ենք` խնդրում եմ հաց տուր: ճիշտ նույն ձեւով էլ ասում ենք` շնորհակալություն մեզ փոխադրելու համար, հարգելի վարորդ»:
Պարոն Եղիազարյանը բողոքում է` երթուղային մեքենաների ծախսերի 90 տոկոսը հոգում են գծատերերը, որոնք այլեւս առանց ուղեվարձի բարձրացման, վառելիք ու ձմեռային անվադողեր չեն կարող գնել։
Նորմալ շահույթ չստանալու պատճառով էլ, ըստ նրա, այսօր իրենց 200-ից ավելի մեքենա երթուղի դուրս չի գալիս։ Ըստ Հայաստանի փոխադրողների միության փոխնախագահ Աշոտ Արշակյանի՝ վարորդների մի մասը մեքենաները գցել են ու գնացել. «Ախր գծատերն առանց վարորդի ում է պետք, գեներալն առանց զինվորի ում է պետք»:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ Բաբկեն Պիպոյանը գծատերերի նման պահվածքում միտում է տեսնում: Նրա համոզմամբ` գծատերերը պայմանավորվել են օրվա որոշակի ժամերի` հատկապես երեկոյան ժամը 19:00-ից հետո պակասեցնել երթուղայինների հոսքը կանգառներ. «Հետագայում նույն քաղաքացիների մոտ կձեւավորվի այնպիսի տպավորություն, թե այս հարցի լուծման միակ ձեւը տրանսպորտի թանկացումն է եւ առանց դրա անխուսափելի է»:
Ամեն օր Բաբկեն Պիպոյանը իր պատշգամբից հետեւում է Էրեբունի վարչական շրջան տանող բանուկ ճանապարհահատվածի երթեւեկությանը եւ ֆիքսել է կոնկրետ երթուղային տաքսիներ, որոնք երբեմն կես ժամը մեկ անգամ են անցնում։
Տրանսպորտի թերի աշխատանքի վերաբերյալ պարոն Պիպոյանը ամեն օր ստանում է նաեւ ահազանգեր, իսկ սոցիալական իր կայքէջում էլ անդրադառնում առկա խնդիրներին: Ըստ նրա` խնդիրներն ավելի կմեծանան առաջին ձյան հետ, երբ երթուղայիններից շատերը, չունենալով ձմեռային անվադողեր, դուրս չեն գա աշխատանքի կամ աշխատելու դեպքում էլ չեն կարող ապահովել մարդկանց անվտանգ փոխադրում: