Kinoashkharh.am-ը գրում է.
Ազատամարտիկ, կինոռեժիսոր և վավերագրող Ռուբեն Հովհաննիսյանը 88-ի շարժման ակտիվ մասնակիցներից էր: Հետո ընկերներով որոշեցին մեկնել Արցախ, այդ ժամանակ էլ իմացան «Արաբո» ջոկատի մասին ու հասկացան, որ գտել են այն, ինչ փնտրում են: Արցախում բոլորի նման նա էլ զենքը ձեռքին կռվում էր, բայց ռեժիսորի մասնագիտությունը հանգիստ չէր տալիս: Անընդհատ տեսախցիկ էր փնտրում ու վավերացնում այն, ինչ հնարավոր էր: «Ես ողջ եմ մնացել ու իմ հոգու պարտքն եմ համարում ազատամարտին նվիրված ֆիլմաշարի ստեղծումը, որպեսզի տղաների գործն անհայտ չմնա»,- խոստովանում է նախկին ազատամարտիկը, որ արդեն երկու տասնյակից ավելի ֆիլմերի հեղինակ է:
- Ծնվել եմ Երևանում, ինչպես ժամանակին ընդունված էր ասել` հայրենիքի թշնամու ընտանիքում: Մեր ընտանիքի անդամներն ընտրելու իրավունք չունեին, որովհետև պապս գնդակահարվել էր 1937-ին, հորեղբայրս` Հրանտ Հովհաննիսյանը, 25 տարի անցկացրել էր աքսորավայրում: Հայրենասիրության իմ առաջին դասերը հենց նրանից էլ ստացել եմ: Երբ երիտասարդ տարիքում ոգևորվում էի Սովետական Հայաստանի դրոշով, նա ասում է`ª սա մեր դրոշը չէ, կմեծանաս` կասեմ, թե որն է մեʹր դրոշը:
88-ին մենք վերջապես բախտ ունեցանք ճանաչելու այդ դրոշը: Միտինգային մեր կյանքը երկար չտևեց. չորս ընկերներով որոշեցինք զենք գտնել ու որևէ ջոկատ մտնել: Ես ավարտել էի Էջմիածնի արվեստի քոլեջի ռեժիսորական բաժինը, Մովսես Գորգիսյանի, Սամվել Թադևոսյանի հետ խաղացել Երևանի ժողթատրոնում: Ավելի ուշ սովորել ու ավարտել եմ Աբովյան քաղաքի Գրիգոր Նարեկացու անվան համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Թեև մասնագիտությամբ օպերատոր չէի, նկարահանումներ անել սիրում էի…
89-ին չորս ընկերներով դարձանք «Արաբո» ջոկատի անդամ: 1990 թ. առաջին անգամ մասնակցեցի մարտական գործողություններին: Օգոստոսին, երբ մեր տղաները կռվում էին Ոսկեպարում, կարծես աչքերիս առջև մեր հին ֆիդայիներն էին, նրանց քաջությունն ապշեցնում էր ինձ, այդ տղաները կարծես վախ չունեին: Ամեն ինչ տեսախցիկով անմահացնելու ցանկություն էր առաջանում: Մի կերպ տեսախցիկ ձեռք բերեցի ու սկսեցի նկարահանել:
- Փաստորեն մի ձեռքում զենքն էր, մյուսում` տեսախցիկը:
- Այոʹ: Իմ ողջ մարտական ուղին անցել եմ «Արաբո» ջոկատի հետ, ուստի նկարահանումներիս հիմնական առանցքում հենց մեր տղաներն են ու ժողովուրդը` արցախյան գոյամարտի անմիջական մասնակիցները:
Այդ օրերից պահպանված վավերագրական նյութի հիման վրա արդեն քսան ֆիլմ է ստեղծվել: Առաջին ֆիլմը, որը նկարահանվեց 1994 թ., նվիրված էր «Արաբո» ջոկատի ու հայկական վաշտի մյուս տղաների առեղծվածային պատմությանը: «Արաբո»-ին է նվիրված նաև իմ «Թռիչք անդունդի վրայով» ֆիլմը, որի երկրորդ մասը դեռ ընթացքի մեջ է:
-1992 թ. հունիսի 29-ը ճակատագրական դարձավ հայկական վաշտի 79 տղաների համար, որոնք, ազերիների անսպասելի հարձակման հետևանքով շրջափակման մեջ հայտնվելով, զոհվեցին Մարտակերտի շրջանի Հասանղայա գյուղի մոտակայքում: Զոհվածներից 21-ը «Արաբո» ջոկատից էին, 29-ը` Հոկտեմբերյանի «Արծիվ» վաշտից, 19-ը արցախցիներ էին, մյուսները` «Զեյթուն» ջոկատից: Մինչև 2008 թ. հայկական վաշտի տղաների մահվան հանգամանքները համարվում էին խիստ առեղծվածային: Որևէ մեկը ստույգ չգիտեր` նրանք զոհվե՞լ են, թե՞ գերի ընկել, ուստի բոլորն էլ համարվեցին անհետկորած: 2008-ին համացանցում հայտնված տեսանյութը վերջ դրեց անորոշությանը: Տեսանյութում տղաների դիակներն էին, որոնց մեջ շատերը ճանաչեցին իրենց հարազատներին: Այդ ողբերգական իրադարձություններից ավելի քան երկու տասնամյակ է անցել. չնայած հայկական կողմի ու միջազգայինկառույցների ջանքերին` Ադրբեջանը հրաժարվում է հանձնել զոհվածների դիակները:
- Այս պատմությունը կարծեք տխրահռչակ «Օղակ» գործողության շարունակությունն էր: Հունիսի 13-ի այդ գործողությունից հետո մեր տղաների մի մասը Շահումյանի շրջանի խաղաղ բնակիչներին մեծ դժվարությամբ, սարերով, շատերին` ուսերի վրա, տեղափոխեցին Հայաստան` Սյունիքի Հալիձոր գյուղ, որտեղ նրանց ապաստան տվեցին, սննդով ու հագուստով ապահովեցին: Տղաները պատմում էին, որ ճանապարհի դժվարություններից ուժասպառ եղած մի կին երեխային ջուրն էր նետել ու փորձել էր ինքն էլ նետվել, բայց երկուսին էլ փրկել էին: Նման պատմությունները բազմաթիվ են, դրանք պատերազմի տարեգրությունն են, որոնք հետագայում տեղ կգտնեն նաև իմ գրքում: Դժվար ժամանակներ էին, հայկական կողմը կռվում էր խորհրդային զորքի, ադրբեջանական ՕՄՕՆ-ի ու վարձկան գրոհայինների դեմ: Շահումյանի շրջանը երեք օրում դատարկվեց հայերից, իսկ հունիսի 16-ին նրանք արդեն Մարտակերտում էին: «Արաբոն» շարժվում էր դեպի Մարտակերտ` կասեցնելու հակառակորդի առաջխաղացումը: Հունիսի 26-ին Կարմիրավան գյուղի մոտակայքում էինք, որը թշնամին գրավել էր: Մի քանի ժամ տևած մարտից հետո այն ազատագրեցինք: Հաղթանակով ոգևորված` շարժվեցինք առաջª դեպի Լենինավան, ապա Հասանղայա: Միավորված հայկական ջոկատներից կազմված զորախումբը մի քանի ուղղություններով պիտի իրականացներ գրոհը` ազատագրելու Շահումյանը: Հունիսի 29-ի առավոտյան նախատեսվում էր Լենինավանի գրոհը: Ժամը 3-ին «Քիմիայի պահեստներ» կոչվող վայրում բաժանվեցինք: Դեպի Հասանղայա շարժվող մեր 21 տղաների թվում նաև Ավետիս Ավետիսյանն էր` իմ մտերիմ ընկերը: Ուզում էի նրա հետ գնալ, բայց քանի որ ցանկություն ունեի նկարահանելու Լենինավանի գրոհը, բաժանվեցինք: Գրոհը նախատեսված էր ժամը 6-ին, այն, կարելի է ասել, ձախողվեց: Հասանղայայի մոտ գտնվող տղաների հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ մեր հետախույզները պարզեցին, որ այն վայրում, որտեղ պիտի լինեին նրանք, արդեն ադրբեջանցիներն էին: Մեկ օր անց մենք հեռվից հետևում էինք, թե ինչպես են նրանք տրակտորներով փորում ու թաղում դիակները: Հետախուզական գործողությունների շնորհիվ մեզ հաջողվեց հողի տակից դուրս բերել ու վերադարձնել մեր տղաներից ընդամենը երեքի դիակները: Երկար ժամանակ հույս ունեինք, որ տղաներից ոմանք գուցե կարողացել են փախչել դեպի մոտակա անտառն ու փրկվել, բայց…
Ես կարծում եմ` տղաները համոզված էին, որ նահանջի տեղ չունեն, քանի որ նահանջի դեպքում ավելի շատերը կհայտնվեին շրջափակման մեջ: Նրանք մնացել ու մարտնչել են մինչև վերջ, զոհվել հերոսաբար:
Հերոսներ են մեր բոլոր այն տղաները, որոնք կամավոր մեկնեցին Արցախ: Երբ պատերազմը սկսվեց, նրանցից որևէ մեկը չէր կասկածում, որ հաղթելու ենք: Զարմանալի ոգի կար: Ինձ համար ամենավառ կերպարներից էր Սիմոն Աչիքգյոզյանը` Դեդը, որը զոհվեց Մարտունաշենի ինքնապաշտպանության ժամանակ. հրաշալի գիտնական, արվեստագետ, բազմակողմանի զարգացած մարդ: Երիտասարդները նրան չափազանց հարգում էին, բոլորին օգնում էր իր խորհուրդներով, երբեք չէր զլանում պատասխանել նրանց անգամ պարզունակ հարցերին: Դեդի մասին ծավալուն նյութ կա կուտակված, բայց ամբողջական ֆիլմ դեռ չեմ նկարել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ