3 ամսեկան Տիգրանը բարի մարդկանց օգնության կարիքն ունի: Փոքրիկը ծնվել է սեպտեմբերի 1-ին: Հինգ օր է ապրել որպես առողջ երեխա: Կյանքի 6-րդ օրը նրան շատ ծանր վիճակում վիրահատել են, փրկել են կյանքը, բայց հեռացրել են բարակ աղու 90%-ը: Բժիշկները հույս չէին տալիս, բայց նա ապրեց: Մինչ այսօր նա օր ու գիշեր կախված արհեստական սնուցումից, քանի որ ինքնուրույն չի կարող մարսել: Այդ ամենը արվում է տանը, նրա մայրիկի ուժերով: Նրան փրկել կարող են միայն Գերմանիայում, եթե վիրահատեն և երկարացնեն աղին:
Փոքրիկ Տիգրանի կյանքը փրկելու համար ուղարկեք 02 կոդը 1907 կարճ համարին և փոխանցեք 500 դրամ նրա ընտանիքին: SMS կարող են ուղարկել միայն Beeline Armenia-ի և VIVACELL-MTS-ի բաժանորդները: Ուղարկվելիք SMS-ների քանակը սահմանափակված չէ: Անկախ նրանից ձեր ուղարկված SMS-ի հաստատումը կստանաք պատասխան SMS-ի տեսքով թե ոչ, ձեր նվիրատվությունը կընդունվի:

Ուղարկիր SMS և օգնիր: Այսպես է BlogNews-ի նախաձեռնած նոր բարեգործական արշավի խորագիրը, որով փորձելու ենք բարի գործ անելու հնարավորություն տալ բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն դրա ցանկությունը՝ առանց նրանցից լրացուցիչ ջանքեր ու էներգիա խլելու: SMS-ների միջոցով դրամահավաք կազմակերպելու գաղափարին երկար մտորումների արդյունքում հանգեցինք: Թերևս ամենաուժեղ արգումենտը, որը և հիմնական դրդապատճառն էր, որ անցում կատարեցինք այս համակարգին այն էր, որ ֆիզիկապես այլևս չէինք հասցնում հանդիպել և գումար վերցնել բոլոր այն մարդկանցից, ովքեր ցանկանում էին միանալ այս կամ այն ընտանիքին, հիվանդ մանուկին... օգնելու մեր նախաձեռնություններին:
Հետայսու, 1907 համարը այն համարն է, որի միջոցով ՕԳՆԵԼՈՒ ենք: Ու օգնելու ենք նրանց, ովքեր դրա կարիքն իրոք ունեն: Փնտրելու ենք, ուսումնասիրելու ենք, ստուգելու ենք, ապա նոր միայն ձեր դատին ենք հանձնելու հերթական դժբախտ կյանքի պատմությունը, որը լուսավոր ու վառ ենք դարձնելու միասին, ամուր՝ իրար ձեռք բռնած:



