-Տիկի՛ն Խաչատրյան, որոնք են «Համազգային վստահության» խորհրդի նպատակները, ո՞րն է կառույցի առաքելությունը:

-Երեք տարի առաջ «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի, «Բիզնեսնյուզ» ընկերության, «Էություն» հոգեբանական-հասարակական կազմակերպության և Սպառողների միության  հետ  համատեղ  որոշվեց ձևավորել «Աստղերի ինստիտուտ»:  Աշխարհի  գրեթե  բոլոր  երկրներում ընդունված է  անդրադառնալ  հասարակության  գործունեության տարբեր ոլորտներին և առանձնացնել լավագույներին` հաշվի առնելով տվյալ ոլորտի աշխատանքները, ձեռքբերումները և ունեցած դերը հասարակության մեջ: Որոշվեց  այս նախագիծն իրականացնել  նաև  Հայաստանում, ստեղծվեց «Համազգային վստահության» խորհուրդը: Այն մի քանի տարի է` իրականացնում է բազմաթիվ ծրագրեր և  գործունեության շրջանակում անցկացնում է մրցանակաբաշխություններ, հասարակական տարբեր նախաձեռնություններ, կազմակերպում ամսագրի, գրքերի հրատարակումներ: Մեր խորհրդի կարևոր  պայմաններից մեկն այն է, որ լավագույններին որոշում է ոչ թե անհատը, այլ հենց ինքը` ժողովուրդը: Մի  քանի  ամիս  կատարված  հարցումների և փորձագիտական գնահատականի  շնորհիվ՝  հնարավոր  է դառնում որոշել իրենց ասպարեզում լավագույններին: Այսպիսով, 2011 թ.-ից սկսած՝ իրականացվում է «Տարվա լավագույն ապրանքանիշ և տարվա լավագույն հանրային ծառայող» մրցանակաբաշխությունը: Այն իրականացվեց համաժողովրդական քվեարկության և փորձագիտական եզրակացության արդյունքների հիման վրա: 2012 թ.-ից սկսած՝ իրականացվում է նաև «Տարվա բժիշկ և բուժհիմնարկ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Հրատարակվել է «Մեր օրերի հայ անվանի կանայք» գիրքը և իրականացվել «Հայուհի» մրցանակաբաշխությունը:

-Տիկի՛ն Խաչատրյան, Դուք ոչ միայն հայ ընտանիքի մայր եք, այլ նաև կայացած գործիչ՝ Ձեր ծավալած գործունեությունում: Կարողանո՞ւմ եք համատեղել ընտանիքը և աշխատանքը, արդյո՞ք մեկը մյուսին չի խանգարում:

-Կյանքում ամեն ինչ  համատեղելի է, երբ  արվում է սիրով և նվիրումով: Ահա այս կարգախոսն եմ  մշակել ինձ համար, որին հետևելով, կարողանում եմ իրականացնել բոլոր նպատակներս: Ընտանիքս, ըմբռնելով  զբաղվածությունս, միշտ աջակցում է և ուժ տալիս ինձ: Կարծում  եմ, որ  կինն  այն էակն  է, որն, իրականում լինելով նուրբ և թույլ կերպար, իրականում ներսից միշտ ուժեղ է: Ողջունել եմ այն  կանանց, ովքեր կարողացել են աշխատանքում հասնել մեծ հաջողությունների և  կայանալ` համատեղելով ընտանիքը, լինել նվիրված կին և մայր:

-Շա՞տ են եղել խոչընդոտները Ձեր գործունեության ընթացքում:

-Եղել են և՛ դժվարություններ,  և՛  խանգարող հանգամանքներ. զարմանալի կլիներ, եթե չլիներ ոչ մի խանգարիչ հանգամանք: Սակայն, եթե ունես նպատակներ և այդ  նպատակները կենսագործում ես սիրով, հնարավոր է հաղթահարել ցանկացած դժվարություն: Չպետք է վախենալ խոչընդոտներից, դեռ ավելին, դժվարությունները միշտ էլ լրացուցիչ ուժ են տվել ինձ: Երբ երեք տարի առաջ «Համազգային վստահության» խորհուրդն իր առաջին քայլերն էր անում, խոստովանում եմ` մտավախություն կար՝ արդյո՞ք այս նախաձեռնությունը կընկալվի հանրության կողմից: Բարեբախտաբար,  մտավախությունս չափազանցված էր:

-Ինչպիսի՞ նոր ծրագրեր ունի «Համազգային վստահության» խորհուրդը, որոնք կիրականցնի առաջիկայում:

Կան նոր և հետաքրքիր նախագծեր, որոնք արդեն իրականացման ճանապարհին են: Կարևոր  նպատակներից է մի գրքի հրատարակում, որի վրա արդեն 2 տարի է աշխատանք է տարվում: Այն իր մեջ ներառելու է անցյալի և ներկայի բոլոր հայ բարերարներին և գործարարներին, այն մարդկանց,  ովքեր իրենց կարևոր ներդրումն են ունեցել հայ իրականության մեջ: Գիրքը նպատակ ունի, ինչու ոչ,  օրինակ ծառայել եկող սերունդներին: 2014 թ.-ի հունվարին պատրաստվում ենք իրականացնել «Լեգենդար  մարզիկ» մրցանակաբաշխությունը, որն իրականում 4 մարզիկների մեծարման երեկո է լինելու: Գարնանը իրականացվելու է «Հայուհի» մրցանակաբաշխությունը և մի  շարք այլ  հետաքրքիր  նախագծեր: Կարծում եմ` մեր  բոլոր այս ծրագրերը կսիրվեն և կգնահատվեն հասարակության կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել