18:10 , 28 նոյեմբեր, 2013
-Տիկի՛ն Խաչատրյան, որոնք են «Համազգային վստահության» խորհրդի նպատակները, ո՞րն է կառույցի առաքելությունը:
-Երեք տարի առաջ «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի, «Բիզնեսնյուզ» ընկերության, «Էություն» հոգեբանական-հասարակական կազմակերպության և Սպառողների միության հետ համատեղ որոշվեց ձևավորել «Աստղերի ինստիտուտ»: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում ընդունված է անդրադառնալ հասարակության գործունեության տարբեր ոլորտներին և առանձնացնել լավագույներին` հաշվի առնելով տվյալ ոլորտի աշխատանքները, ձեռքբերումները և ունեցած դերը հասարակության մեջ: Որոշվեց այս նախագիծն իրականացնել նաև Հայաստանում, ստեղծվեց «Համազգային վստահության» խորհուրդը: Այն մի քանի տարի է` իրականացնում է բազմաթիվ ծրագրեր և գործունեության շրջանակում անցկացնում է մրցանակաբաշխություններ, հասարակական տարբեր նախաձեռնություններ, կազմակերպում ամսագրի, գրքերի հրատարակումներ: Մեր խորհրդի կարևոր պայմաններից մեկն այն է, որ լավագույններին որոշում է ոչ թե անհատը, այլ հենց ինքը` ժողովուրդը: Մի քանի ամիս կատարված հարցումների և փորձագիտական գնահատականի շնորհիվ՝ հնարավոր է դառնում որոշել իրենց ասպարեզում լավագույններին: Այսպիսով, 2011 թ.-ից սկսած՝ իրականացվում է «Տարվա լավագույն ապրանքանիշ և տարվա լավագույն հանրային ծառայող» մրցանակաբաշխությունը: Այն իրականացվեց համաժողովրդական քվեարկության և փորձագիտական եզրակացության արդյունքների հիման վրա: 2012 թ.-ից սկսած՝ իրականացվում է նաև «Տարվա բժիշկ և բուժհիմնարկ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Հրատարակվել է «Մեր օրերի հայ անվանի կանայք» գիրքը և իրականացվել «Հայուհի» մրցանակաբաշխությունը:
-Տիկի՛ն Խաչատրյան, Դուք ոչ միայն հայ ընտանիքի մայր եք, այլ նաև կայացած գործիչ՝ Ձեր ծավալած գործունեությունում: Կարողանո՞ւմ եք համատեղել ընտանիքը և աշխատանքը, արդյո՞ք մեկը մյուսին չի խանգարում:
-Կյանքում ամեն ինչ համատեղելի է, երբ արվում է սիրով և նվիրումով: Ահա այս կարգախոսն եմ մշակել ինձ համար, որին հետևելով, կարողանում եմ իրականացնել բոլոր նպատակներս: Ընտանիքս, ըմբռնելով զբաղվածությունս, միշտ աջակցում է և ուժ տալիս ինձ: Կարծում եմ, որ կինն այն էակն է, որն, իրականում լինելով նուրբ և թույլ կերպար, իրականում ներսից միշտ ուժեղ է: Ողջունել եմ այն կանանց, ովքեր կարողացել են աշխատանքում հասնել մեծ հաջողությունների և կայանալ` համատեղելով ընտանիքը, լինել նվիրված կին և մայր:
-Շա՞տ են եղել խոչընդոտները Ձեր գործունեության ընթացքում:
-Եղել են և՛ դժվարություններ, և՛ խանգարող հանգամանքներ. զարմանալի կլիներ, եթե չլիներ ոչ մի խանգարիչ հանգամանք: Սակայն, եթե ունես նպատակներ և այդ նպատակները կենսագործում ես սիրով, հնարավոր է հաղթահարել ցանկացած դժվարություն: Չպետք է վախենալ խոչընդոտներից, դեռ ավելին, դժվարությունները միշտ էլ լրացուցիչ ուժ են տվել ինձ: Երբ երեք տարի առաջ «Համազգային վստահության» խորհուրդն իր առաջին քայլերն էր անում, խոստովանում եմ` մտավախություն կար՝ արդյո՞ք այս նախաձեռնությունը կընկալվի հանրության կողմից: Բարեբախտաբար, մտավախությունս չափազանցված էր:
-Ինչպիսի՞ նոր ծրագրեր ունի «Համազգային վստահության» խորհուրդը, որոնք կիրականցնի առաջիկայում:
Կան նոր և հետաքրքիր նախագծեր, որոնք արդեն իրականացման ճանապարհին են: Կարևոր նպատակներից է մի գրքի հրատարակում, որի վրա արդեն 2 տարի է աշխատանք է տարվում: Այն իր մեջ ներառելու է անցյալի և ներկայի բոլոր հայ բարերարներին և գործարարներին, այն մարդկանց, ովքեր իրենց կարևոր ներդրումն են ունեցել հայ իրականության մեջ: Գիրքը նպատակ ունի, ինչու ոչ, օրինակ ծառայել եկող սերունդներին: 2014 թ.-ի հունվարին պատրաստվում ենք իրականացնել «Լեգենդար մարզիկ» մրցանակաբաշխությունը, որն իրականում 4 մարզիկների մեծարման երեկո է լինելու: Գարնանը իրականացվելու է «Հայուհի» մրցանակաբաշխությունը և մի շարք այլ հետաքրքիր նախագծեր: Կարծում եմ` մեր բոլոր այս ծրագրերը կսիրվեն և կգնահատվեն հասարակության կողմից: