1in.am-ը գրում է.
Եթե 1988 թվականին Հայաստանում ծնվել է 80 հազար երեխա, ապա այս տարիներին՝ ընդամենը 40 հազար. ստացվում է, որ վերջին տարիներին ծնվածները ստիպված են լինելու կրկնակի բեռի տակ մտնել՝ վճարումներ կատարելով նախորդ սերնդի կենսաթոշակային ֆոնդերին: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Ավանդային գումարները մեռած գումարներ են: Մեզ նման թույլիկ երկրների համար կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը բացասական է այնքանով, որ, ենթադրենք, 100 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացին, բոլոր հարկատեսակները միասին վերցրած, պետությանը պետք է թողնի վաստակի 26 տոկոսը, այսինքն՝ 26 հազար դրամ: Ստացվում է, որ նրա աշխատավարձի տակը բան չի մնում:
Արտասահմանյան որոշ երկրներում կուտակային կենսաթոշակային համակարգը տարեցների համար ապահովում է առավել քան ապահով ծերություն: Սկանդինավյան որոշ երկրներում մարդկանց կենսաթոշակը կազմում է աշխատավարձերի 70-80 տոկոսը, մինչդեռ Հայաստանում թոշակների չափը նման է ծաղրանկարի: 30 հազար դրամը բավականացնում է միայն կոմունալ ծախսերին, իսկ մնացածի համար միջոցներ չեն մնում»,- ասաց սոցիոլոգը՝ հավելելով, որ կենսաթոշակային նոր համակարգի ներդրումն ուշացնելու դեպքում հետո դրա հաստատումն ավելի դժվար է լինելու:
«Եթե դիմենք ռիսկի, 1974 թվականից հետո ծնվածները շամպայն կխմեն, եթե ռիսկի չգնանք՝ սովորական ջուր»:
Անդրադառնալով կենսաթոշակային ֆոնդերի վստահելիության հարցին՝ Ահարոն Ադիբեկյանը շեշտեց, որ պետությունը երեք ամիսը կամ կես տարին մեկ պետք է ստուգի դրանց գործունեությունը՝ թույլ չտալով, որ կուտակային միջոցները ներդրվեն ապրանքային բիզնեսի մեջ:
«Մարդկանց խնայողությունները պետք է ներդրվեն բացառապես արժեթղթային շուկայում: Այնպես որ՝ այս առումով մտահոգվելու խնդիր կարծես թե չկա»,- նշեց Ահարոն Ադիբեկյնաը: