Վախեցնող լուռ առավոտ է... Թեև առավոտս որոշեցի սովորականի պես սկսել` սուրճով և ընթերցանությամբ, այնուամենայնիվ, մեջս մի տեսակ վախ կա, որով դեռ երեկվանից էի համակվել: Անկողինս էի հավաքում, երբ ուժեղ ձայն լսեցի պատուհանի մոտից, ինչ-որ սև բան ընկավ պատուհանի գոգին ու սկսեց սարսափելի խշշոց արձակել: Վախեցած մոտեցա, տեսա թռչուն է ընկել մեր տուն, սև թռչուն էր, նույնիսկ չհասկացա ինչ թռչուն էր, թափահարում էր թևերը, հետո հանգիստ մնում, չէր կարողանում բարձրանալ ու թռչել: Վախեցա` վնասված չլինի: Վնասված չէր, պարզապես վարագույրի ու ապակու միջևտարածքը նեղ էր, չէր կարողանում ուշքի գալ: Հենց թևերը չէր թափահարում, մոտենում էի, որ բռնեմ, պատուհանից հանեմ, բայց վախենում էր, անհանգիստ շարժումներ էր անում... դե ես էլ թռչուն բռնելու փորձ չունեմ, համ էլ շատ վախեցած էի: Ի վերջո համարձակություն ունեցա տոպրակով բռնել ու դուրս հանել, թռավ-գնաց ընկերների մոտ: Բա որ ես այդ ժամանակ տանը չլինի, ներս ընկներ ու ոչ ոք չօգներ նորից դուրս գալ... 

 Թռչունների հետ կապված մի դեպք էլ հիշեցի մանկությունից... այդ դեպքը երևի թե մանկությանս շրջանում ամենամեծն է եղել, որ ստիպել է մեղավոր զգամ ինձ: Տարիներ առաջ էր, ես կլինեի 9-10 տարեկան: Իմ սենյակում բարձր  ու փոքրիկ պատուհան կա, որը սովորաբար որպես պատուհան չի ծառայում, աշխատանքային գործիքներ էին դրված գոգին: Պատուհանի մյուս կողմում ճնճղուկը բույն էր հյուսել, ձվիկներ կային արդեն: Ամեն օր ուշադիր հետևում էի փոքր ճնճղուկների ձվից դուրս գալուն, մեծանալուն: Մայր ճնճղուկը երկար ժամանակով բացակայում էր, հետո կերը կտուցին գալիս էր ճուտիկներին կերակրելու: Մի խոսքով` կենդանի բնության մի հրաշք տեսարան, այն էլ` այդքան մոտիկից: Ուրեմն մի առավոտ, երբ մայր ճնճղուկը նորից գնացել էր կեր բերելու, ես մեր փոքր պատուհանի գոգն էի հավաքում, փոշիները մաքրում: Հանկարծ անզգուշությամբ գործիքով կպա պատուհանի ապակու այն մասին, որի ետևում ճուտիկներն էին: Ճուտիկները վախեցան, թռան-գնացին իրենց բնից... Իհարկե նրանք իրենց մայրիկին չէին գտնելու, մայրն էլ գալու էր բույն ու չէր գտնելու ճուտիկներին: Շատ-շատ լացեցի, անզորությունից, մեղքի զգացումից...
 Արդեն մեծ եմ, բայց էդ դեպքը հիշելիս տրամադրությունս ընկնում է:
 Մտածում եմ, որ ամենալավ դասերը քաղում ենք մանկությունից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել