Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 2-րդ տուրում մեր հավաքականը 3-1 ընդհանուր հաշվով վստահ հաղթանակ տոնեց Եգիպտոսի հավաքականի նկատմամբ: Տուրի մնացած պարտիաներում գրանցվեցին մի շարք անակնկալ արդյունքներ: Մրցաշարի ֆավորիտ համարվող Ռուսաստանի հավաքականը զարմանալիորեն 3-1 ընդհանուր հաշվով պարտվեց ԱՄՆ-ի հավաքականին, առանց առանցքային խաղացողներ Ռաջաբովի և Մամեդյարովի հանդես եկող Ադրբեջանի հավաքականը կարողացավ հաղթանակ տոնել Հոլանդիայի հավաքականի նկատմամբ: 2-րդ տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ուկրաինայի, Գերմանիայի և Ադրբեջանի հավաքականները, մեր տղաները 3 միավորով 4-րդն են՝ զիջելով առաջատարներին ընդամենը 1 միավորով: Այսօր կայանալիք 3-րդ տուրում մեր մրցակիցն է ԱՄՆ-ի հավաքականը, որի կազմում ընդգրկված է նաև մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը: Մասնագետներն իհարկե ֆավորիտ են համարում մեր տղաներին, սակայն ԱՄՆ հավաքականը բավականին լավ խաղ է ցուցադրում և դժվարին պայքար է սպասվում հատկապես 2-րդ խաղատախտակի վրա, որտղ ԱՄՆ կազմում հանդես է գալիս բաղմափորձ Գատա Կամսկին և հավանաբար նրան կդիմակայի Սերգեյ Մովսիսյանը. այս սեղանի վրա մեզ համար կարևոր է չպարտվելը:
Հաջողություն մաղթենք մեր տղաներին: Այս տուրում իրար են հանդիպելու Թուրքիայի և Եգիպտոսի, Հոլանդիայի և Գերմանիայի, Ուկրաինայի և Ադրբեջանի, Ռուսաստանի և Չինաստանի հավաքականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել