Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 56-ամյակի առթիվ այսօր նրա մարտական ընկեր, «Մոնթե Մելքոնյան» ՀԿ ղեկավար Ալեք Ենիգոմշյանը խոսեց հերոսի մասին՝ ընդգծելով. «Նրա կերպարն այն տեսակն է, որ կարող է մեր երկիրը դուրս բերել այս վիճակից»:

«Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Մոնթեն Արցախյան ազատամարտի ամենից շատ հիշատակված խորհրդանիշերից մեկն է, և դա պատահական չէ: Իր այդ մարդկային կերպարի շնորհիվ է, որ նա կարողացավ հույս ներշնչել մարդկանց և միայն հաղթանակ ապահովել»,- ասաց հերոսի ընկերը և նկատեց. «Նա չի եղել մի մարդ, որը պիտի ցանկանար, որ իր ծննդյան և մահվան օրերին հիշեին իրեն, նա ազատամարտում այնպիսի օրինակելի երևույթ հանդիսացավ, որ իր դերակատարությունն այսօր էլ շարունակվում է»:

Զուգահեռներ տանելով երկրում այսօր ստեղծված իրավիճակի հետ՝ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ մեկ րոպե անգամ չի կասկածում, որ այսօր էլ Մոնթեն լինելու էր ժողովրդի կողքին, պետության կայացման կողքին. «Իր կյանքի ընթացքում նա պարզապես մարտական պատերազմի ղեկավար չէր, նաև այն մարդն էր, որ զինվորների մեջ հարաբերություններում նույնիսկ պատերազմի ժամանակ վճռական ու մարդկային էր, իսկ զինվորի նկատմամբ խիստ մոտեցումներ ուներ»:

Հերոսի համար Արցախյան ազատամարտը հայ ժողովրդի արդար, բարեկեցիկ ապրելու հնարավորությունն էր: Հետևաբար, ինչպես բանախոսն ասաց, նաև խաղաղ ժամանակ նա այդ գործին կլիներ:

Հերոսի մարդկային հատկանիշների մասին խոսելիս Ալեք Ենիգոմշյանը նախ նշեց կարգապահությունը՝ հիշելով հետաքրքիր դրվագ իրենց ընկերությունից. «Մի օր ինքը ուշացավ, բոլորը սպասում էին, թե նա ինչ կանի, և առաջին խոսքը եղավ այն, որ Մոնթեն կարգադրեց իր աշխատավարձը պահել ուշացման համար»:

Նրա մարդկային կերպարը բնութագրող պատմություններից ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկն առանձնացրեց մի քանիսը. «Հանդիսություն էր, Ձմեռ պապին պետք է գար, և երբ հարցնում են երեխաներին, թե ով է հիմա գալու, բոլորը բացականչում են, թե Ավոն, Ավոն… Մի անգամ էլ ադրբեջանցի վիրավոր գերի բռնելուց հետո Մոնթեն գերուն բերել է հիվանդանոց, նա արյան կարիք է ունեցել, Մոնթեն իր շուրջը հավաքված տղաներին ասել է, որ այդ տղան արյան կարիք ունի, բոլորն ապշած են մնացել, ինքը արյուն է տվել վիրավոր զինվորին: Իր համար պատերազմի նպատակը լրացուցիչ արյուն թափելը չէր»:

Նրա խոսքով՝ այսօր հայ ժողովրդի մեջ համատարած հուսալքություն է, և Մոնթեն այն մարդ է, ով երբեք չի հուսալքվել: Այն ժամանակ էլ հուսահատություն կար, բայց Մոնթեն ոչ միայն վստահ էր, որ պահելու են Արցախի սահմանները, ինքը ոչ միայն վստահ էր, այլ նաև ծրագրում էր ազատագրված տարածքների սահմանները: «Այսօր հենց դա է պետք, այսօր համատարած հուսահատություն է, և այդ կերպարով է, որ պետք է օրինակ վերցնենք նրանից»,- ասաց նա և ավելացրեց. «Հաջորդ կարևոր հատկանիշը ազնվությունն է, նա նյութական արժեքների նկատմամբ բացարձակապես անտարբեր մարդ էր, մեզ այսօր նաև դա է անհրաժեշտ, առանց այդ կերպարի մենք չենք կարող դուրս գալ այս վիճակից»:
Ալեք Ենիգոմշյանը նաև հիշեց, որ երբ Մոնթեն եկավ Հայաստան, արտագաղթն արդեն սկսել էր, բայց նա եկողն էր. «Մենք պետք է մնանք և պետք է ունենանք այն Հայաստանը, որի համար պայքարել է Մոնթեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել