Վերջին ժամանակաշրջանում կարծես հիմնականում պետական մարմինները (չինովնիկները) ավելի քիչ են խուսափում ԶԼՄ-ներկայացուցիչների հետ շփումից, և լրագրողներին հաջողվում է ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները. դեռ ավելին, շատ չինովնիկներ իրենք են ասուլիսներ նախաձեռնում՝ ներկայացնելով տարբեր խնդիրների վերաբերյալ իրենց մոտեցումը: Երևույթն, իհարկե, չի կարելի դրական չգնահատել, սակայն մյուս կողմից, շատ լրագրողներ ոչ թե հրապարակում են այն, ինչ ցանկանում էր չինովնիկը, այլ, վերլուծելով ստացված տեղեկությունը, մի բան էլ արդարացիորեն մեղադրում է չինովնիկին (պետական կառույցին) ստախոսության, տգիտության, կաշառակերության կամ անգործության մեջ: Իսկ ահա արդեն փաստերի վրա հիմնված քննադատությանը նույն չինովնիկները չեն պատասխանում և շարունակում են գործել նույն ոճով: Արդյունքում հանրային սեփականություն է դառնում խիստ փաստարկված, համակողմանի մեկնաբանված, չինովնիկի տգիտությունն ու անգործությունը հավաստող տեղեկատվությունը, իսկ չինովնիկը շարունակում է տարօրինակ ժպիտով մեկ այլ մեղադրանքի պատասխանել չպատասխանելով աշխատել ու աշխատել կամ ավելի ճիշտ չաշխատել ու չաշխատել: Այս ամենն էլ բերում է անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը, և ամենևին պատահական չէ, որ վերջին ժամանակահատվածում խիստ քննադատական որոշ հրապարակումներից հետո հաճախ կարծիք է հնչում, որ ժամանակին նման հրապարակումից հետո այդ չինովնիկը կամ հրաժարական կտար կամ կդատվեր:
Իսկ հիմա չինովնիկը շարունակում է աշխատել, էլ ինչո՞ւ պետք է խուսափի մամուլի հետ շփվելուց, մանավանդ այն դեպքում, երբ, եթե որոշ լրագրողներ վերլուծում և քննադատում են, ապա որոշները հանրային սեփականություն են դարձնում այն, ինչ լսել են՝ չինովնիկի սուտը: Արդյունքում, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ և՛ գայլերն են կուշտ մնում, և՛ գառները կենդանի, իսկ վերջում էլ հովիվին ասենք` հազար օղորմի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել