Այս ուսումնական տարին սկսվեց կրթական համակարգի ծառայությունների գների 6,9 % աճով, որը սպասարկման ոլորտում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Այդպիսով, մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների բյուջեն կմեծանա, այդ թվում կմեծանա նաև Հայասատանի երիտասարդական հիմնադրամին տրվող գումարի չափը, քանի որ գրեթե բոլոր գործող բուհերը տարեկան արտաբյուջետային միջոցների 2 %-ը փոխանցում են այս հիմնադրամին:
Ամիսներ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Մայր բուհը շուրջ 100 մլն դրամ է փոխանցել Երիտասարդական հիմնադրամին, ավելին, նման փոխանցումներ կատարվում են արդեն մի քանի տարի շարունակ, և ոչ միայն Մայր բուհի կողմից:
Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը, մեկնաբանելով շրջանառվող լուրերը, փաստեց, որ մի քանի բուհեր դեռևս 1999 թվականից յուրաքանչյուր տարի արտաբյուջետային միջոցների 2%-ը փոխանցում են հիմնադրամին` դրանով իսկ ազատվելով ավելացված արժեքի հարկից:
Ըստ Կարեն Ավագյանի` հատկացված գումարները ծախսվում են ուսանողական սոցիալական ծրագրերի իրականացմանը:
Առաջին հայացքից թվում է, թե արտասովոր ոչինչ չկա, սակայն պատկերն առավել քան մտահոգիչ է: Մոտ 20 բուհեր հսկայական գումարներ են փոխանցում մի հիմնադրամի, որն ամբողջովին կուսակցականացված է, որն էլ տեղիք է տալիս կասկածի տակ առնել հիմնադրամի սոցիալական ծրագրերի իրականացման անաչառ լինելու փաստը, հատկապես այն դեպքում, երբ հաշվետվություններում նշված են միայն ծրագրի անունն ու հատկացված գումարի չափը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10202680935368609
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել