… Փոքր-ինչ լռելուց հետո աղջիկն ասաց. Բայց մենք տեղ չունենք ապրելու, տուն չունենք։ Տղան ծիծաղեց և ասաց, որ ինքը անձրևանոց ունի, բոլորովին նոր, ու եթե կոճակը սեղմես, նա ինքն իրեն կբացվի։ Եվ անձրևանոցը հրաշալի տուն է, շատ հարմարավետ երկուսի համար։ ճիշտ է, այն պատեր չունի, բայց փոխարենը բավական է ձեռքը երկարել, և դուք կիմանաք, թե դրսում տարվա որ եղանակն է՝ օրինակ, անցե՞լ է գարունը, թե դեռ շարունակվում է։ Այնպիսի բնակարանով, ինչպիսին անձրևանոցն է, հարմար է ճանապարհորդել, հաճելի է լսել անձրևի ձայնը ու նաև…
Բայց աղջիկը չհարցրեց, նաև ինչ… և հեռացավ մեկ ուրիշի մոտ, որը բոլոր հարմարություններով մեկ սենյականոց բնակարան ուներ, բայց, երևի, այնուամենայնիվ չուներ այդպիսի անձրևանոց, իսկ եթե անգամ ուներ, ապա, համաձայնեք, ինչի՞ համար է մարդուն երկու բնակարանը, չէ՞ որ դա ծիծաղելի է…
Այժմ, շատ տարիներ անց, նա վերջապես հասկացել էր, թե դա ի՜նչ հրաշալի անձրևանոց էր՝ մի փոքրիկ պարաշյուտ, որից բռնվելով երկուսով, կարելի է թռչել-գնալ հեռու՜-հեռու՜, հատկապես անձրևոտ օրերին…
Եվ նա թախծում է իր արդեն երեք սենյականոց բնակարանում, որովհետև ինչքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից նրանք, ովքեր ապրում են այնտեղ, և երբ անձրև է գալիս, նա պատրաստ է ներքև նետվել իր անձրևանոցը փնտրելու, բայց մի՞թե տասնհինգերորդ հարկից կճանաչես, թե որն է քո անձրևանոցը։
Իսկ եթե անգամ ճանաչես, ապա հայտնի էլ չէ, թե այսօր սարքի՞ն է արդյոք վերելակը:
Լեոնիդ Ենգիբարյան
Ռեմեդիոս Վարո «Բույս» 1960