Այսօր յուրաքանչյուր ընկերության համար մոտիվացված աշխատակից ունենալը գերխնդիր է: Սակայն աշխատակիցների մոտիվացիան մեծ մասամբ կախված է գործատուներից, որոնք այդքան էլ չեն հետաքրքրվում իրենց աշխատակիցներով: Ինչու էլ հետաքրքրվեն, միևնույնն է, աշխատողն աշխատում է, Հայաստանը Գերմանիա, կամ ԱՄՆ չէ, որ լավ աշխատողները պտույտի մեծ հնարավորություն ունենան և լքեն ընկերությունները: Բայց համենայն դեպս հարգելի գործարարներ և ղեկավարներ, կան քայլեր, որոնք Ձեր աշխատակիցների մոտիվացիան և աշխատանքի նվիրվածությունը հաստատ կբարձրացնեն: Գնահատեք նրանց, վառեք աչքերի մեջ տարիներով հանգած կրակը, քանի որ նրանց լավ աշխատանքը Ձեր եկամտի աղբյուրն է: Օրինակ`
Տարվա մեջ գոնե մեկ անգամ աշխատակիցներին պարգևատրեք նվիրվածության, լավ աշխատանքի, կամ լավ արդյունքի համար: Կամ լավագույններին հրավիրեք ինչ-որ երեկոյի, որն ավելի կմոտեցնի ղեկավար-աշխատակից կապը: Լավագույն աշխատակիցներին երբեմն նվիրեք հատուկ ժետոններ, որոնք նրանք կարող են գումարի վերածել, օրինակ ամեն ամսվա 20-ին` բանկից կարող են այն փոխարինել գումարով:
Սան-ֆրանցիսկոյում աշխատողների համար Google –ը վարձել է ավտոբուս, որի ճանապարհին մարդիկ կարող են օգտվել ինտերնետից: Նրանք հնարավորություն ունեն խաղալ ֆուտբոլ կամ վոլեյբոլ, ինչպես նաև օգտվել ֆիտնեսի և մերսման սրահներից: Աշխատանքային գրաֆիկը ազատ է, կամ առավոտը, կամ ցերեկը, իսկ ճաշարանն ընդհանուր է: Google-ի աշխատակիցների մեծ մասն իրենց աշխատանքային ժամանակի 20% -ը ծախսում են սեփական նախագծերի վրա: Google-ի բոլոր գրասենյակներ կարելի է գալ ընտանի կենդանիներով, միշտ կան տաք և սառը ըմպելիքներ, որոնք ազատ են բոլորի համար:
Աշխատակիցներին հաճախ ուղարկեք ուսուցման, թերթերում հայտարարության ժամանակ ներկայացրեք լավագույններին, որոնց մասին կիմանան բոլորը, հեռուստագովազդում ցույց տվեք լավագույն աշխատակցի աշխատանքային օրը, ընտանիքի անդամների նկատմամբ վերաբերմունք ցուցաբերեք, թեկուզ շատ չնչին, բայց դա գնահատվում է, հնարավորություն տվեք լավագույններին ներկայացնել ընկերությունը տարբեր հանդիպումներում, ֆորումներում, էքսպոներում, տնօրենի բացակայության ժամանակ և այլն, կազմակերպեք քաղաքից դուրս հանգիստ, կամ կորպորատիվ մրցույթներ բաժինների և անհատների միջև:
Ամեն ամիս լավագույն աշխատակիցների նկարները փակցրեք ընկերության մուտքի պատերից մեկում, կամ եթե պարգևատրում եք, ապա դա արեք լայն շրջանակներում, քանի որ ընդհանուրի մոտ պարգևատրումն իսկապես հաճելի է յուրաքանչյուր աշխատակցի համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ նման մոտեցումն ավելի մեծ ազդեցություն ունի, քան ասենք գումարային պարգևատրությունը:
Օրինակ` Stew Leonard’s խանութների ցանցն ունի այսպիսի մի հասկացություն, որը կոչվում է ամսվա սուպեր աստղ: Լավագույնի համար բոլոր աշխատակիցները հավաքվում են խանութում, բոլորին բաժանվում են փուչիկներ, որոնք օդ են նետում, ծափահարում են և պաշտոնապես աստղը փակցնում են աշխատակցի հագուստին: Լավագույնի նկարը հայտնվում է Stew Leonard’s ցանցի բոլոր խանութներում, թերթերի առաջին էջին, աշխատակցի արձակուրդի օրերն ավելանում են, ստանում է բոնուս վճարներ: Կա՞ ավելի հաճելի պահեր, քան նման վերաբերմունքը:
Կան նաև ընկերություններ, որոնք կիրառում են ABCD պարգևատրման մեթոդը, վստահ եմ մեզ մոտ դեռ նման մեթոդ չկա, բայց քանի որ խոսել եմ, ներկայացնեմ ավելի մանրամասն: ABCD (Above and Beyond the Call of Duty) կամ այսպես ասած գերազանցել սեփական պարտականությունները: ABCD ստանում են նրանք, ովքեր գերազանցել են հաճախորդների սպասելիքները: Նման մարդկանց շնորհվում է ABCD գրված հագուստ, տալիս են նվեր քարտեր, որոնք հիմնականում ընտանիքի անդամների համար է լինում:
Convention and Visitors Bureau տուրիստական ընկերությունն ամեն տուրիստական խմբին հարցում էր անց կացնում, թե որ աշխատակիցն էր ավելի լավ, բարեհամբույր ու քաղաքավարի մոտեցում ցուցաբերել իրենց նկատմամբ: Եվ լավագույններին նրանք պարգևատրում էին տվյալ շաբաթվա լավագույն բեյսբոլի, ֆուտբոլի, կամ ասենք ամերիկյան ֆուտբոլի խաղի տոմսով: Իսկ տարվա վերջում այդ բոլոր լավագույնների միջև անց է կացվում լոտոյի խաղարկություն, ով շահում էր, ընտանիքի բոլոր անդամներով մեկնում էր Հավայան կղզիներ հանգստանալու:
Երբեմն հարկավոր է ուղղակի ցույց տալ նաև անձնական օրինակով: Երբ Louis Vuitton-ի ղեկավար Բեռնար Առնոն գալիս էր ու սկսում էր հագուստներ դասավորել, խանութը եռում էր, կամ ասենք նույն իրավիճակն էր լինում այն դեպքում, երբ Ամանսիո Օրտեգան այցելում էր Ինդիտեքսի խանութները: Որպես ղեկավարներ, մի ասեք «Արեք նենց, ոնց ասել եմ», այլ ասեք «Արեք այնպես, ինչպես ես եմ անում» և ցույց տվեք, թե ոնց պետք է անել: Նման մոտեցումն ուղղակի շատ մեծ ազդեցություն է թողնում:
Համարյա մեր բոլոր ընկերություններում ղեկավարները նկատում են աշխատակիցներին այն ժամանակ, երբ վերջիններս սխալվել են, բայց ինչու՞: Լավ աշխատանքն էլ պետք է նկատել, գնահատել և դրա դիմաց գոնե ասել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ: Իսկապես հաճույք եմ ստանում աշխատանքի ընթացքում իմ աշխատակիցներին ասել այս բառն ամեն պահի, երբ նրանք ինչ-որ նվաճումի են հասնում, կամ լավ աշխատանք են կատարում: Այս բառն ուղղակի բոլորիս մոտիվացնում է: Եթե անգամ աշխատակիցը սխալվել է, դա չի նշանակում, որ պետք է վիրավորել, նեղացնել, կամ հեռացնել, այլ պետք է բացատրել սխալը, կրկին հնարավորություն տալ, ինչպես Ակիո Մորիտան էր ասում, պետք է նորից փորձել, անսխալ մարդ չկա:
Աշխատակիցների հետ տոնեք հաղթանակները պիցցայի, թխվածքի, կամ ասենք շամպայնի շուրջ: Օրինակ` Scott Paper ընկերությունում բոլոր պարգևատրումները կատարվում է թիմային կարգով, որ թիմը լավ է սպասարկում, կամ կատարում իր աշխատանքը, ապա նրանք մեկնում են քաղաքից դուրս, հիմնականում հանգստյան տներ, մարքեթինգի ղեկավարը նրանց շնորհում է դիպլոմներ, կրծքանշաններ, կազմակերպում համերգներ իր հաղթող թիմի համար: Toshiba-ում լավագույն հեռախոսավարներին անվանում են հերոսներ, Apple-ում` հանճարներ: Disney-ում ուսուցում անցնում են նաև հավաքարարները, որոնք պետք է պատասխանեն հաճախորդների հարցերին, Sewell Village Cadillac-ում լավագույն մեխանիկների միջև տարեկան բաժանվում է շուրջ 100 հազ դոլար:
Հ.Գ. Պարզապես հոգ տարեք այն մարդկանց մասին, ովքեր իրենց կյանքը նվիրում են Ձեր բիզնեսի զարգացման գործին: Դժվար չէ, ցանկություն է պետք: