«Ոսկե ցլիկը» հին հայկական երգիծական ֆիլմում կոլխոզի նախագահ Նաջարյանը նախատում է հորթապահին, որ նա հորթերին լավ չի խնամում, դրա համար էլ լավ չեն ուտում: Հորթապահն էլ արդարանում է, որ ամեն ջանք գործադում է, կերը ժամանակին տալիս է, անգամ ՝ «օրինակ է ծառայում», «հետներն ուտում է, որ իշտահի գան», բայց դա էլ չի օգնում: Այս պատամությունը հիշեցի, երբ օրերս վարչապետը կենսաթոշակային «բարեփոխումների» առնչությամբ (այսինքն, 2014թվից նախատեսվող աշխատավարձային 5 տոկոս պարտադիր բռնագանձումների օրենքի նախագծի, որ տարածվելու է 1974թ. հետո ծնվածների նկատմամբ) հասարակության բացասական վերաբերմունքը պատճառաբանել է նրանով, որ համապատասխան պաշտոնյաները լավ չեն բացատրել հասարակությանն այդ օրենքը, ու դրա համար հանձնարարել է, որ լավ ներկայացնեն այն, ինչին ի պատասխան համապատասխան պաշտոնյաներն անմիջապես ասուլիս հրավիրեցին, ու փորձեցին հասարակությանը կրկին համոզել, թե որքան լավն է այդ օրենքը: Ամենաանհեթեթ փաստարկն այն է, թե իբր քաղաքացու մահվան դեպքում նրա իրավահաջորդները մի 30 տարի հետո կարող են ստանալ այդ գումարները, իսկ եթե այդ մարդն իրավահաջորդ չի ունենո՞ւմ կամ արտագաղթո՞ւմ է: Թղթակիցը հետաքրքրվում է, թե արդյո՞ք այդ գումարները չեն կարող հետագայում փոշիանալ այնպես, ինչպես ԽՍՀՄ ավանդները, պաշտոնյան համոզում է, թե ցանկության դեպքում քաղաքացին այն կարող է տեղափոխել այլ բանկ: Հարց է ծագում. ո՞ր գումարը, փոշիացած գումա՞րը. եթե հասարակարգ փոխվի, իշխանություն փոխվի, պատմական իրավիճակ փոխվի, ինչպե՞ս են մարդիկ այդ գումարներին տեր լինելու: Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ավանդների դեպքում էլ շատերը հույսով իրենց թոռների անվամբ գումարներ էին պահ տվել ՝ մինչեւ 18 տարին չհանելու պայմանով, իսկ որտե՞ղ են դրանք հիմա. չկան, փոշիացել են, քանի որ այս պետությունը չի ուզում վճարել նախորդի պարտքերը: Մեղմ ասած՝ ժողովրդին հորթի տեղ են դրել, նախարարներին կամ համապատասխան պաշտոնյաներին էլ՝ հորթապահի: Այն տարբերությամբ, որ եթե Նաջարյանն իր վատ հորթապահներին աշխատանքից ազատեց գործի ժամին շաշկի խաղալու համար, ապա վարչապետն էլ օրենքի նախագծի տապալման դեպքում կարող է նրանց ազատել համակարգչով «շարիկ գլորելու», համար ու ասել. «Ո՞ւմ հետ էիր շարիկ գլորում, թող մի դիմում էլ նա գրի»: Իսկ այն, որ ժողովուրդն ամենեւին մտադրություն չունի իրեն հորթի կարգավիճակում զգալու, վկայում է այսօր կառավարության շենքի առջեւ տեղի ունեցած բողոքի ցույցը, որին ի պատասխան, կառավարության անդամները շենքի ետնադռնով դուրս են եկել: Ինչպիսի ամոթ: «Պազոռ ջունգլի»:
Նյութի աղբյուր՝ http://azatankakh.blogspot.com/2013/11/blog-post_6132.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել