Հարցը BlogNews.am-ի խմբագրություն  է ուղարկել մեր ընթերցողուհին: 

Եթե ունեք խնդիրներ կամ հարցեր, որոնց վերաբերյալ կցանկանաք հոգեբանի կարծիք լսել, կարող եք գրել  Բլոգ Նյուզի ֆեյսբուքյան էջին:

Հարց

Մի քանի ամիս առաջ դժբախտ պատահարից մահացավ իմ համակուրսեցին: Իմ ունեցած ապրումները պարզապես աննկարագրելի են: Ես ոչ մի կերպ չէի հավատում, չէի ուզում հավատալ, որ նման բան է եղել: Հավատացի միայն այն ժամանակ, երբ ներկա գտնվեցի նրա հուղարկավորությանը: Դա սարսափելի էր, իմ մոտ հիստերիկայի հասնող վախ սկսվեց մահվան նկատմամբ, ես սկսեցի վախենալ ամեն ինչից, մթությունից, տանը միայնակ մնալուց, շենքերի տակով քայլելիս (վախենում եմ գլխիս մի բան կընկնի), երթուղային կամ մետրո նստելիս: Ես վախենում եմ ոչ միայն իմ կյանքի համար, այլև հարազատներիս. այսպես ապրել անհնար է, ես չեմ ուզում մեռնել, բայց և մեռած ապրել էլ չեմ ուզում, ինչ անեմ, որ նորից մահը շատ հեռու թվա...

Հարցին պատասխանում է հոգեբան Իրինա Խանամիրյանը

Նամակից պարզ է դառնում, որ որոշակի, կոնկրետ դեպքից հետո առճակատում եք ունեցել մահվան երևույթի հետ, ինչը արթնացրել է բոլոր մարդկանց բնորոշ մահվան վախի զգացողությունը: Ինչպես սեփական մահվան, այնպես էլ հարազատների և մտերիմների: Այս զգացողությունը բոլորս ժամանակ առ ժամանակ ունենում ենք, կան տարիքային փուլեր, երբ մահվան վախը հատկապես սուր է դրսևորվում: Այս պահին, ինչքանով հասկանում եմ նամակից, գտնվում եք կորստի ապրման փուլում, երբ նմանատիպ զգացողությունները ևս կարող են սրվել: Լավագույն տարբերակը, իրականում, կլինի մասնագետին դիմելը, նրա օգնությամբ այս վախը հաղթահարելը: Կարելի է կարդալ նաև որոշակի գրականություն այս թեմայով, օրինակ, հայտնի ամերիկյան հոգեթերապևտ Իրվին Յալոմի գրքերը: Սակայն նաև կարևոր է հիշել մեծ փիլիսոփայի հետևյալ բառերը՝ «Այնտեղ, որտեղ մենք կանք, մահ չկա, այնտեղ որտեղ մահն է՝ մենք չկանք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել