Երևանի քաղաքապետարանի նվերին սպասում են իշխանություններից դժգոհ բոլոր քաղաքացիները, հասարակական և քաղաքական ուժերը, ակտիվիստները: Բողոքի ալիքը բարձրացնելու համար մի այնպիսի առիթ է հարկավոր, որ կհուզի բոլորին, բոլորին և առանց խտրականության: Բողոքի նման ալիք կզարգանա տրանսպորտի թանկացման հետ մեկտեղ:
Տրանսպորտի հարցը իր մեջ մի սատանայական հուզում է պահում: Թանկացնում են այն տրանսպորտը, որով մարդկանց տանում էին ընտրատեղամասեր և ստիպում քվեարկել գործող իշխանությանը:
Հենց այս թանկացող գազելներով էին մարդիկ արտադրում ՀՀԿ խմբակցությունը, հետո այս նույն գազելներով կրկին Սերժ Սարգսյանը հռչակվեց ՀՀ նախագահ, երրորդը, Երևանի քաղաքապետն էր: Երբ այս գազելներով նշանակվեց Տարոն Մարգարյանը, որոշեց. «Գազելները իրենց հարցը լուծել են, մենք այլևս վախենալու ոչինչ չունենք, և կթանկացնենք»:
Հիմա այն մարդիկ, որոնք այդ գազելներով գնում էին ընտրատեղամաս, ու արտադրում այս հանցագործ խմբավորմանն ու պարագլխուխներին, պայքարելու են նրանց դեմ:
Գազելի խորհուրդը էլ ավելի է խորանում, երբ դա հասնում է սոցիալական բունտին: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում բիզնես անել քաղաքացին չի կարողանում, նրա ձեռքից դա կա՛մ խլում են, կա՛մ էլի խլում են, կա՛մ էլ խլում են բիզնեսն ու մարդուն դարձնում բոմժ: Այսինքն, վերջնական հետևանքով մարդը կորցնում է բիզնեսը: Ինչ է անում այդ մարդը, կամ մեռնում է, կամ գնում մի ուրիշ երկիր՝ մեռնելու:
Այս ամենը տեսնում են բոլորը` տաքսիստը, հացթուխը, լրագրողը, վաճառողը, ոստիկանը, զինվորը, քաղծառայողը, օդանավակայանում իր ինքնթիռին սպասողը, մի խոսքով, սա տեսնում են ու զգում են բոլորը:
Եվ հիմա, փոքր-ինչ շատ մտահոգված մարդիկ սպասում են, որ տրանսպորտը թանկանա, որը կարող է լինել իրական հեղափոխության պատճառ: Այս անգամ, այդ հեղափոխությունը չի լինի հանուն Լևոնի, հանուն Վազգեն Մանուկյանի, կամ հանուն Րաֆֆու բարևի, այս անգամ հեղափոխությունը կկայանա, կկայանա հանուն ապրելու:
Քաղաքական և գաղափարական, ինչպես նաև անձնային սիմպաիայի հեղափոխություններ շատ քիչ են պատահում: Քաղաքական հեղափոխություն կարող են անել այն հասարակությունները, որոնք զարգացած են, և նաև կուշտ, անձնային հեղափոխություն, հիմնականում կատարվում է ընտրությունների կամ գեր տերությունների միջամտությամբ, իսկ այ սոցիալական հեղափոխություն, կատարվում է այն ժամանակ, երբ հայրը իր զավակին հաց չի կարողանում կերակրել, երբ որդին իր ծեր ծնողին չի կարողանում դեղ տալ, երբ ամուսինը չի կարողանում հոգալ երիտասարդ կնոջ և իր ծախսերը, և վերջապես, այսքանից հետո, երբ մարդը չի կարողանում ապրել...
Սոցիալական հեղափոխությունը մեկնարկում է, որը իրականություն դառնալու համար միայն ու միայն պայքարել է պետք...
Սպասենք քաղաքապետի նվերին: