Արցախյան խնդիրն արդեն կարգավորվել է, Հայաստանի և Ղարաբաղի հայերը ունեն այն, ինչ ուզում էին՝ Ղարաբաղը, իսկ ադրբեջանցիների երբեմնի ազդեցիկ կլաններից մեկը՝ նախիջևանաալիևական կլանը ստացավ գերիշխանություն ողջ Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանի ժողովրդի համար Ղարաբաղը կարևոր չէ, քանի որ Ղարաբաղի հետ նրանք «արյունակցական» կապ չունեն: Ստացվում է հայերս ձեռք բերեցինք ազատություն (փաստացի անկախություն), իսկ ալիևները իշխանություն և փող: Հարցերի հարցը մնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը՝ խնդրի լուծումը: Բնականաբար Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ ճանաչմամբ որևէ բան չի փոխվի դեպի լավը (սա այլ թեմա է), մնում է որ ԼՂՀ-ն իբրև ինքնիշխան պետություն ճանաչեն այն պետությունները, որոնք ունեն համապատասխան լեգիտիմություն, դա ոչ այլ ինչն է, քան միջազգային հանրությունը: Հետևաբար Ղարաբաղյան խնդրի կարգավորումը իրականացրեցին հայերը, իսկ լուծումը գտնվում է Հայաստանից և Արցախից դուրս: Տվյալ հարցում մեզ համար կարևոր են Վաշինգտոնը, Փարզը, Բրյուսելը, Բեռլինը, Մոսկվան և այլ մայրաքաղաքներ, ընդ որում սրանցից որևէ մեկի կամային ճանաչումը ոչինչ չի տալու, ինչպես դա եղավ Աբխազիայի և Օսեթիայի դեպքում: Հետևաբար արցախյան հարցի շուրջ անհրաժեշտ է ձևավորել միջազգային քաղաքական մթնոլորտ և միտք: 

Բացառությամբ ադրբեջանական որոշ ազգայնական խմբերի, Ղարաբաղը ոչ ոք՝ այդ թվում ադրբեջանցիների գերակշիռ մասը, չի տեսնում Ադրբեջանի կազմում: Ողջ խնդիրը թաքնված է քարոզչության մեջ: Ցավոք ստացվել է այնպես, որ Հայաստանը ստանձնել է ադրբեջանական իշխանությունների քարոզի պատասխանողի դերը. այսպիսով ղարաբաղյան հարցի շուրջ քարոզչությունը հիմնականում թելադրում է Բաքուն: Փորձելով շեղել սեփական բնակչության ուշադրությունը Ադրբեջանում առկա լուրջ խնդիրներից՝ Բաքվի ղեկավարությունը օրուգիշեր լծված է հայերի նկատմամբ ատելություն քարոզելով: ԱՄՆ-ի, Եվրոպայի, Իրանի հետ ունեցած լրջագույն խնդիրները, Բաքվի որոշում կայացնողների համար չափազանց մեծ մարտահրավերներ են՝ հատկապես խայտառակ նախագահական ընտրություններից հետո: Բաքուն փորձում է նույնիսկ Իսրայելի և Թուրքիայի միջնորդությամբ՝ մեծ գումնարներ ծախսելով, կանխել ԱՄՆ-Իրան հնարավոր երկխոսությունը, քանի որ դա կարող է հանգեցնել Ադրբեջանի էներգոռեսուրսների անպիտանությանը և տնտեսության կտրուկ անկմանը: Բաքուն ստիպված է գնել ռուսական բանակի անպիտան զենքը, որպեսզի զսպի իր նկատմամբ իրականացվող ճնշումները Մոսկվայից: Իսկ ո՞վ է վստահ, որ մամուլում հայտնված Ռուսաստան-Ադրբեջան չորսմիլիարդանոց գործարքը իրականում չի եղել չորսկոպեկանոց, իսկ մնացած գումարները մղսվել է: Ես վստահ լինելու հիմքեր չունեմ: Այս և այլ տեղեկատվական բլեֆների շրջանակներում «ագրեսոր» Հայաստանը օգտագործվում է իբրև Ադրբեջանի ներքին և արտաքին խնդիրների արդարացում և հիմնական մեղավոր: Իրականում ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարության համար ղարաբաղյան խնդիրը ունի երկրորդական կամ նույնիսկ երրորդական նշանակություն: «Հայաստանը» ալիևների համար մեծապես օգտագործվում է իշխանություն պահելու և փող աշխատելու միջոց:
Իսկ ահա մեր ԶԼՄ-ները և նաև որոշ իշխանական շրջանակներ, ցավոք, իրականացնում են հակաքարոզչություն թե՛ երկրի ներսում և թե՛ միջազգային կառույցներում և մայրաքաղաքներում: Ստացվում է, որ մենք տանում ենք ոչ թե սեփական գիծ, այլև նպաստում ենք ադրբեջանական քարոզչության նպատակներից: Հաճախ ստացվում է քարոզչական հրաձգություն, որը միջազգային հանրության շրջանում ստեղծում է կարծիք, որ ոչ հայ և ոչ ադրբեջանցի ժողովուրդը պատրաստ չէ խաղաղության, և ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն կարող է հանգեցնել նոր պատերազմի: Այս պարագայում ղարաբաղյան խնդրի լուծումը դառնում է անհնարին կամ առնվազն շատ բարդ երրորդ կողմերի համար: Որոշումներ կայացնող բավականին լուրջ կենտրոններ արցախյան հարցի կապակցությամբ չեն տեսնում համապատասխան հասունություն և ակտիվ շրջանառվում է այն թեզը, որ անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի հայերը և ազերիները հասունանան և զարգանան: 

Եթե Հայաստանը կարողանա փոխել քարոզչության լեզուն և փիլիսոփայությունը գոնե իր մասով, իրական քայլերով ապացուցի, որ հայերը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում պատրաստ են խաղաղության, հայերը այն ազգն են, որի վրա պետք է հենվել տարածաշրջանում կայունություն հաստատելու համար ոչ միայն միջազգային հանրությունը, այլև ադրբեջանցիների մեծամասնությունը կսկսեն աջակցել հայկական մոտեցումները: Համերաշխության, խաղաղության և համակեցության քարոզչությունը Հայաստանը պետք է սկսեր անմիջապես զինադադրից հետո, բայց նույնիսկ այսօր` քաջություն և կամք ունենալու պարագայում, դա հնարավոր է: 

Այս համառոտագրի արդիականությունը հիմնավորվում է այն մտավախությամբ, որ Ադրբեջանի համեմատ Հայաստանի ձեռքբերած դրական վարկը ժողովրդավարական երկիր կառուցելու ուղղությամբ հոդս ցնդեց Մաքսային միություն անդամակցելու ՀՀ հեռանկարների արդյունքում: Քաղաքականությունը սենտիմենտի հետ կապ չունի, այն ռացիոնալի արվեստ է, իսկ քաղաքական միտքը ամենառացիոնալ կատեգորիան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել