Որոշ իրավաբանների մասնագիտական անփութության կամ միտումնավոր գործողությունների արդյունքում հասարակության մոտ նախնական կալանքների մասին իրականության հետ աղերս չունեցող կարծիք է ձևավորվում: Եթե նկատել եք, կան փաստաբաններ, ովքեր սիրում են կրկնել, թե իբր Հայաստանում կալանավորումները համատարած են: Այսինքն, փորձում են տպավորություն ստեղծել, որ Հայաստանում մեղադրյալների նկատմամբ նախնական կալանքը կիրառվում է համատարած: Այս թյուր կարծիքի ձևավորման հետևողական աշխատանքի համար նշված փաստաբաններն օգտվում են պաշտոնական աղբյուրներից, ասենք՝ Դատական դեպարտամենտի կողմից հրապարակած վիճակագրական տվյալներից: Չեմ ուզում հավատալ, որ վերոհիշյալ փաստաբաններն այնքան միամիտ են, որ, օգտվելով հիշյալ վիճակագրությունից, չգիտեն, որ ներկայացված թվերը վերաբերում են միայն այն դեպքերին, երբ նախաքննության մարմնից դատարաններում ստացվել են նախնական կալանք կիրառելու միջնորդություն: Այդ մասին գիտե անգամ իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ցանկացած ուսանող: Պարզ ասած, համաձայն այդ թվերի, դատարանները խափանման միջոց նախնական կալանք կիրառելու մասին նախաքննական մարմնի միջնորդություններից բավարարում են շուրջ 95 տոկոսը:
Այստեղ կարևոր է հետևյալ միտքը, այն է՝ «նախաքննական մարմնի միջնորդություններից բավարարում են»: Հենց այստեղ է կայանում հիշյալ փաստաբանների աճպարարության գաղտնիքը: Այսպես, որպեսզի նախնական կալանքների կիրառումը որակենք ՀԱՄԱՏԱՐԱԾ, այսինքն` պնդենք, թե Հայաստանում կալանավորումները կազմում են 95 տոկոս, ակնհայտ է, որ այն պետք է վերաբերի բոլոր մեղադրյալներին: Բայց արդյո՞ք այդպես է: Պարզվում է, որ այդպես չէ, ավելին, միանգամայն հակառակն է:
Իսկ ի՞նչ շահ ունեն մարդիկ (փաստաբաններ), ովքեր խուսափում են իրենց հրապարակային հայտարարություններում լինել ավելի ամբողջական, տվյալներ ներկայացնեն բազմակողմանի, ազնվորեն, օրինակ՝ չխուսափեն նաև նշել, որ այդ 95 տոկոսը վերաբերում է բացառապես այն դեպքերին, երբ խոսքը գնում է միայն դատարան ներկայացրած միջնորդություններին: Այս դեպքում տեղեկատվության ամբողջությունը պահպանելու համար լրագրողի մոտ էլ, անկասկած, հարց կառաջանա, թե այդ դեպքում որքա՞ն են տարեկան կտրվածքով մեղադրյալները և դրանցից որքանի՞ նախնական կալանքի հարց լուծելու միջնորդություն է ներկայացվում դատարան: Այս դեպքում հանրությունը կունենա իրավիճակի ճիշտ գնահատման հնարավորություն, հանրությունը կիմանա ոչ թե այն պնդումը, թե իբր կալանքները կիրառվում են համատարած, այլ իրական պատկերը, երբ կալանքները կիրառվում են ընդամենը 26 տոկոսով:
Այժմ միասին հաշվենք նշված տոկոսը: Այսպես, 2013 թվականի առաջին կիսամյակում նախաքննական մարմինները մեղադրանք են առաջադրել շուրջ 3200 անձի, որից միայն 820-ի նկատմամբ է դատարանների կողմից կիրառվել նախնական կալանք: Սա նշանակում է, որ 2380 անձի նկատմամբ կամ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին կամ դատարանները մերժել են նախնական կալանքի կիրառման միջնորդությունը: Իսկ 820-ը 3200-ի քանի՞ տոկոսն է կազմում, հաշվենք՝ 820*100/3200=25.6%: Այսպիսով, փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունում նախնական կալանքների կիրառումը ոչ թե համատարած է, այլ ընդամենը 26 տոկոս:
Ի դեպ, թե ինչ շահ ունեն հիշատակված մարդիկ, այս անգամ չեմ բարձրաձայնի: