1in.am-ը գրում է.
Լեգենդար մուլտիպլիկատոր Ուոլթ Դիսնեյի ավագ դուստր Դայան Դիսնեյ Միլերը երեքշաբթի 79 տարեկանում մահացել է Կալիֆոռնիայում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ընտանիքի բարեկամ Ռիչարդ Գրինին:
Մահվան պատճառը սեպտեմբերին ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներից հետո առաջացած բարդացումներն էին:
Դայան Դիսնեյը ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 18-ին՝ Լոս Անջելեսում: Այն ժամանակ բոլոր պարբերականները գրեցին՝ «Միկի Մաուսը դուստր է ունեցել»: Հենց իր երեխաների հետ զբոսանքի ժամանակ է Դիսնեյի մոտ հղացել ընտանեկան հանգստի համար զվարճանքների կենտրոնների ստեղծման միտքը, որն այնուհետև նյութականացվել է ողջ աշխարհում «Դիսնեյլենդների» ստեղծմամբ:
Դայանը գրել է հոր կենսագրականը, նկարահանվել մի քանի վավերագրական ֆիլմերում, այդ թվում՝ «Իմ հայր Ուոլթ Դիսնեյը» (My Dad, Walt Disney, 2006թ.) կինոնկարում:
Բացի այդ, նրա ջանքերով Սան Ֆրանցիսկոյում հայտնվել է Դիսնեյի ընտանեկան թանգարանը: Աղջկա գլխավոր հասարակական նախաձեռնություններից է համարվում Լոս Անջելսում Դիսնեյի անվան համերգասրահի կառուցումը: Համերգասրահը բացվել է 2003-ի հոկտեմբերի 23-ին: