A1plus.am-ը գրում է.

Նոյեմբերի 19-ը հռչակված է երեխաների հանդեպ բռնությունների կանխարգելման օր: «Մեդիակենտրոն»-ում այսօր քննարկվեց այս թեման:

ՀՀ-ում ծնողին ծնողական իրավունքից զրկելը համարվում է ծայրահեղ միջոց. ըստ ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի՝ տարվա կտրվածքով 2-3 նման դեպք կարող է ունենանք: Հիմնականում ծնողական իրավունքներից զրկվում են այն դեպքում, երբ երեխային մուրացկանության են դրդում։

«Այսօր 15 հաշվառված մուրացիկ երեխա ունենք: 1990-ականներին նրանց թիվը 300 էր: Եղել է դեպք, որ կնոջը քրեական պատասխանատվության ենք ենթարկել՝ երեխային մուրացկանության դրդելու համար»,- ասում է Նելլի Դուրյանը։

Իսկ Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանը կարծում է, որ մենք, գումար տալով մուրացիկ երեխաներին, քաջալերում ենք նրանց ներկայությունը փողոցում. «Սկսած մի տարիքից՝ անցորդներն այլևս չեն հուզվում, փող չեն տալիս, երեխաները ինչպե՞ս պիտի գոյատևեն փողոցում»։

2013թ. 9 ամսվա ընթացքում արձանագրվել է երեխաների հանդեպ բռնության 199 դեպք, որից 19 ներընտանեկան բռնության դեպքեր են։ «Անտարբերությունը չարիք է: Չի կարելի իմանալ, լսել ծեծը, գոռոցները ու անտարբեր մնալ ու չիմանալ՝ ում դիմել»,- ասում է ոստիկանության գնդապետը։:

Իսկ Միրա Անտոնյանը հիշեցնում է հեռախոսահամարը. 0800 61111. «Եթե երեխան լաց է լինում, և պարզ չէ՝ ծեծի՞ հետևանքով է լաց լինում, թե՞ պարզապես կերը չի հավանում, և դուք, լինելով քաղաքացի, հարևան, չեք կարող մտնել այդ ընտանիք: Մենք կայցելենք այդ ընտանիք, և եթե պարզվի, որ բռնություն կա, կդիմենք ոստիկանություն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել