1in.am-ը գրում է.

«Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը բանակցային գործընթացում կարող է որևէ առաջընթաց գրանցել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Արցախի «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ, ««Հելսինկյան նախաձեռնություն-92» արցախյան կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը՝ անդրադառնալով վաղը Վիեննայում կայանալիք Ալիև-Սարգսյան հանդիպմանը:

«Իմ կարծիքով՝ երկխոսությունը կգնա Մադրիդյան սկզբունքները թարմացնելու ուղղությամբ, որն իր էությամբ չի բավարարում Ղարաբաղի հանրությանը: Դրա հետ մեկտեղ, ես կարծում եմ, անհրաժեշտ է բարձր մակարդակի երկխոսություն վարել. դա թույլ կտա թուլացնել լարվածությունը հասարակության մեջ՝ պատերազմական հռետորաբանության կոնտեքստում»,- ընդգծեց Օհանջանյանը:

Մեր զրուցակիցն ավելացրեց, որ այս հանդիպումը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ սա երկու նախագահների առաջին դեմ առ դեմ երկխոսությունն է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ներկայությամբ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո:

Կարեն Օհանջանյանն առանձնացրեց այս հանդիպման ևս մեկ կարևոր առանձնահատկություն․ «Հանդիպումն անցկացվելու է Կիևում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթաժողովից առաջ, որտեղ սառեցված հակամարտությունների վերաբերյալ արձանագրություն է ընտրվելու: Այդ հակամարտությունների թվում է նաև ղարաբաղյան հակամարտությունը: Համանախագահների համար կարևոր է սահմանել համաձայնեցված մոտեցումներ, որոնք կարտացոլվեն հռչակագրում և կբարձրաձայնվեն ԵԱՀԿ-ի նախարարական գագաթաժողովի որոշմամբ»:

Իսկ ընդհանուր առմամբ, ըստ Օհանջանյանի, ո՛չ քաղաքական ուժերը, ո՛չ քաղաքացիական հասարակությունը ոգևորված չեն Ալիև-Սարգսյան հանդիպումից և առանձնահատուկ ակնկալիքներ չունեն: «Այս փուլում, կարծում եմ, հնարավոր չէ հասնել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ թեկուզև միջանկյալ համաձայնությունների»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել