1in.am-ը գրում է.
Տորոնտոյի քաղաքային խորհուրդը քաղաքապետ Ռոբ Ֆորդին գործնականում զրկել է բոլոր լիազորություններից: Նրան մեղադրում են հարբեցողության, թմրանյութեր օգտագործելու և ենթակաների նկատմամբ ագրեսիվ վարքագիծ դրսևորելու մեջ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նոյեմբերի 18-ին կայացած քաղաքային խորհրդի նիստի ժամանակ որոշում է ընդունվել կրճատել քաղաքապետի ապարատի ֆինանսավորման 60 տոկոսը: Բացի այդ, խորհրդի անդամները քաղաքապետի աշխատակազմի աշխատակիցներին թույլ են տվել տեղափոխվել նրա տեղակալի ապարատ:
Քաղաքապետը զրկվել է տեղակալներ և աշխատակիցներ նշանակելու իրավունքից: Միաժամանակ մեծացվել են նրա տեղակալի լիազորությունները, և փաստորեն վերջինս կկատարի քաղաքի ղեկավարի պարտականությունները:
Այսպիսով, Ռոբ Ֆորդը փաստացիորեն զրկվել է իշխանությունից, սակայն պահել քաղաքապետի պաշտոնը և պաշտոնական միջոցառումների ժամանակ քաղաքը ներկայացնելու հնարավորությունը:
Նոյեմբերի 18-ի նիստին ներկա գտնվող Ֆորդը տեղի ունեցածը համարել է «հեղաշրջում» և իր հակառակորդներին խոստացել «լայնամասշտաբ պատերազմ» քաղաքապետի հաջորդ ընտրությունների ժամանակ: Բացի այդ, նա վիճել է քաղաքային խորհրդի անդամների հետ: