Տենց ժամանակ կար, երբ թվում էր, թե անպայմանական սէրը սխալ ա, ու միակ ճշմարիտը պայմանականն ա։ Այսինքն, պետք ա միշտ մի բան անել, որ քեզ դրա համար սիրեն։
Էդ ժամանակների ու մտքերի արդյունքն եղավ էն, որ սիրված/գնահատված/ընդունված լինելու համար որոշ դեպքերում ես անում էի էն, ինչ իմը չէր։ Սիրող/գնահատող/ընդունող մարդկանց համար փորձում էի ավելի հետաքրքիր լինել կամ, որ ավելի տեղին ա ասել, չլինել անհետաքրքիր։ Ու չնայած դա կեղծավորություն չէր իմ կողմից, բայց անկեղծություն էլ չէր, հաստատ։
Երեւի էն ժամանակներում տենց մեկը պետք էր, ով կասեր՝ գիտես, դու սենցն էլ վատը չես, մի քիչ ինքդ քեզ սիրի։ Ու էդ դեպքում զարգացումը կընթանար էն ուղղությամբ, որը հետաքրքիր կլիներ ինձ, հետեւաբար կլիներ ավելի խորը, բնական, այլ ոչ էստեղից էնտեղից մի քանի բան կարդալով, մակերեսային, կեղծ։
Ու ասում են, թե ծնողական սերն անպայմանական ա, բայց եթե խորանանք, կտեսնենք, որ «սիրվելու», ընդունված լինելու համար ինքդ քեզ դեմ գնալու հիմքը հենց իրենք են դնում։
Ու մարդկանց կեղծավորության մեջ մեղադրելուց առաջ երեւի նախ պետք ա ինքներս մեզ հարցնենք, իսկ մենք նրանց անկեղծ լինելու հնարավորություն տվե՞լ ենք, կարո՞ղ ա մենք ենք նախապայմաններ ստեղծել, որ էդպիսին լինեն։
Չգիտեմ, սենց խառը մտքեր։ Սա էլ մեջբերում, որ տեսել էի ֆեյսբուքյան ընկերներից մեկի մոտ․
Դժվար է երջանիկ ապրել մի մարդու հետ, որը քեզ դուր չի գալիս, որին ամբողջ ժամանակ փորձում ես փոխել: Շատ դժվար է ապրել մեկի հետ, որը քեզ չի ընդունում և անդադար փորձում է ուղղել: Էլ ինչ ասել այն դեպքի մասին, երբ դու և՛ նա ես, ով ուզում է փոխել, և՛ նա, ում ուզում են փոխել: Դա, իհարկե, կրկնակի դժվար է ու բոլորովին չի երջանկացնում: Ավելացրեք նաև այն, որ մարդկանց մեծամասնությունը սովորություն ունի իրեն ուրիշների հետ համեմատելու (հիմնականում ոչ սեփական անձի օգտնին). սովորություն, որը ծնողների օգնությամբ ձևավորվում է փոքր հասակում: Մայրիկներից քչերն են ասում. «քեզ նման եղիր, տղաս» կամ «դու լավն ես այնպիսին, ինչպիսին կաս»: Իսկ այնպիսիք, որոնք ոչ միայն ասում են, այլև օգնում են երեխային զգալու իր կարևորությունն ու արժեքը, առավել ևս գրեթե չկան: Ծնողները հիմնականում գերադասում են բացատրել իրենց երեխային, որ նա ինչ-որ մեկից վատն է. «իսկ այսինչը լավ տղա է , ոչ թե քեզ նման» կամ «երանի այնինչի ծնողներին»:
Այսպիսի դաստիարակության ֆոնին ձևավորվում է համոզմունք, որ մարդուն սիրում են միայն ինչ-որ բանի համար: Մարդիկ չեն կարող ենթադրել, որ սիրել կարելի է հենց այնպես, նրանք սովորել են, որ սիրում են միայն այն ժամանակ, երբ ինքը ճիշտ է կամ «պետքական»: Դրա համար էլ կյանքի բազմաթիվ տարիներ ու անթիվ ջանքերն են վատնվում լինելու համար ճիշտ, անհրաժեշտ ու օգտակար՝ արժանանալու համար մի փոքր սիրո: