1in.am-ը գրում է.

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները վերադարձել է իր պարտականությունների կատարմանն ու 5 շաբաթ առաջ բարդ վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ հանդես եկել տեսաուղերձով: Այս մասին հայտնում է BBC-ն: Հիվանդությունից հետո առաջին օրերին նա կաշխատի իր քաղաքամերձ «Կինտա դե Օլիվոս» նստավայրից:

Վիրաբուժական միջամտությունը պահանջվել է ներգանգային հեմատոմայի հեռացման համար, որը Քիրշները ստացել էր հոկտեմբերի սկզբին ընկնելու և գլուխը վնասելու հետևանքով:

Նա երախտագիտություն է հայտնել արգենտինացիներին ու օտարերկրյա քաղաքական գործիչներին աջակցության համար: Այս տարվա գարնանը մահացած Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի եղբայրը նրան նվիրել է մուկուչիես ցեղատեսակի շուն, որը Ֆերնանդեսը ցուցադրել է տեսախցիկի առջև: Արգենտինայի նախագահը շանն անվանել է Սիմոն՝ ի պատիվ Լատինական Ամերիկայի ազատագրման պայքարի հերոսի:

Սպասվում է, որ նախագահը շուտով կհայտարարի նոր միջոցառումների մասին, որոնք ուղղված կլինեն տնտեսության կայունացմանը: Քիրշների նախագահության ժամկետը լրանում է 2014 թվականի վերջին:

Քիրշները վերադասավորումներ է կատարել նախարարների կաբինետում: Էկոնոմիկայի նոր նախարար է դարձել Ակսել Կիսիլոֆը՝ այդ պաշտոնում փոխարինելով Էրնան Լորենսինոյին: Նա կշարունակի զբաղվել արտաքին պարտքային հարցերով և, ինչպես հայտնում է տեղի մամուլը, կդառնա ԵՄ-ում Արգենտինայի դեսպանը: Կառավարության ղեկավարի պորտֆելը ստացել է Չակո նահանգի նահանգապետ Խորխե Կապիտանիչը: Կենտրոնական բանկի նախագահ է նշանակվել Կառլոս Ֆաբրեգան, ով մինչ այդ կատարում էր «Նասիոն» պետական բանկի նախագահի պարտականությունները: 

Վերադասավորումները տեղի են ունեցել հոկտեմբերի 27-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց ընթացքում երկրի խոշոր քաղաքներում ու նահանգներում հաղթանակ էր տարել ընդդիմությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել