Newsbook.am-ը գրում է.

Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա, որի մասնակիցները դեմ էին արտահայտվում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին և իրենց աջակցությունը հայտնում ԱԺ արտահերթ նիստ հրավիրած պատգամավորներին ու վերոհիշյալ օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու նրանց նախաձեռնությանը: Նիստը քվորումի բացակայության պատճառով հնարավոր չեղավ անցկացնել, քանի որ իշխող կուսակցության պատգամավորները բոյկոտեցին այն։ Ցույցի մասնակիցները մեծ մասամբ ծրագրավորողներ էին, որոնք հայտարարել էին, որ եթե իրենց պահանջը չկատարվի, իրենք կլքեն Հայաստանը: Newsbook.am-ը զրուցեց ցույցի մասնակիցներից` «Սինոփսիս» ընկերության աշխատակից Տիգրան Պետրոսյան հետ: - Արտահերթ նիստը նախաձեռնած պատգամավորները ձեզ հորդորեցին չհուսահատվել և շարունակել պայքարը: Պատրաստվո՞ւմ եք, արդյոք, հետևել այդ հորդորին, և որո՞նք են լինելու այդ դեպքում ձեր հետագա քայլերը: - Պատգամավորները մեզ չհորդորեցին, մենք չէինք էլ հուսահատվելու: Մեն հավատում ենք, որ կառավարությունը մեզ վերջ ի վերջո կլսի և կհասկանա, որ այսպիսի որոշումներով մեզ այնպիսի ծանր սոցիալական վիճակի մեջ է դնելու, որ մենք ուղղակի չենք կարողանալու մեր գոյությունը պահպանել: Ես ստիպված եմ լինելու մեր շատ ընկերների պես լքել Հայաստանը, որը կբերի շատ ֆիրմաների` Հայաստանից արտահոսքին: Եվ մենք ուզում ենք այդ ամեն ինչը ցույց տալ, որովհետև, պատկերացնում եք երևի, որ ֆիրմաներն էլ չլինեն, Հայաստանում ոչ մի բուհ չի գոյատևի, որովհետև մարդիկ սովորում են, որ հետագայում աշխատեն: - Իսկ հնչած այն տեսակե՞տը, թե արտագաղթելն այս դեպքում պարտություն կլինի... - Կներեք, պարտությունը ո՞րն է, եթե ես օրվա հացի խնդիր ունեմ, իմ երեխային պահելու խնդիրն ունեմ, դրանից հետո ի՞նչ պարտության մասին է խոսքը: Անդրանիկ զորավարի նման մարդը ինչ-որ էտապից հետո լքեց Հայաստանը, որովհետև հասկացավ, որ այս երկրում նա չի կարող ինչ-որ բան անել: Ցանկացած մարդ, եթե իր երեխային չի կարողանում պահել, նույնիսկ տարրական կենցաղային հարցերը լուծել, իսկ քո կառավարությունը հայտարարում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրեթե 7-8 հազար դոլար են ստանում, ի՞նչի մասին կարող է խոսք լինել: Այդպիսի բաներ հայտարարողը ասում է` իրանց ի՞նչ կլինի որ, կամ թե այդ 5%-ն ի՞նչ է, որ մի հատ էլ «շուխուռ» եք անում: Կարող եք այստեղ տեսնել կառավարութան անդամների ավտոմեքենաները և մերը:  - Իշխանական կուսակցության ներկայացուցիչները բոյկոտեցին այս նիստը, ինչը խոսում է այս հարցում նրանց ունեցած դիրքորոշման մասին: Ստացվում է, որ իշխանություններն իմանալով ձեր դրած պայմանի մասին, ձեզ անուղղակիորեն դրդում են արտագաղթի՞: - Գիտեք` ինչ, մենք ընտրողներ ենք: Եվ այդ դեպուտատներն էլ ունեն ընտրազանգված: Խնդիրն ի՞նչ էր` գալ, քննարկել: Նրանց բոյկոտը անարգանքի նշան է, ես այդպես եմ կարծում, որ ընդհանրապես չեն գալիս նույնիսկ քննարկելու: Կարող է` այդ քննարկման արդյունքում մենք այնպիսի պատճառներ էինք բերում, որ իսկապես լուրջ են: Այստեղ հավաքվածները գրեթե բոլորը առնվազն բակալավր ավարտած են, այսինքն` սա կիրթ, հասկացող մասսա է: Կարող էին գոնե գալ և բացատրել: - Բայց իրենք էլ հիմնավորում են նրանով, որ 2010 թվականից այս օրենքը շրջանառության մեջ է: Ինչո՞ւ այդ ժամանակ չէիք ասում, ձեր բողոքի ձայնը չէիք բարձրացնում: - Դա իրազեկման խնդիր է, որովհետև մենք իրազեկված չենք եղել: Եվ հետո` ի՞նչ է նշանակում՝ դա 2010 թվականից շրջանառության մեջ է: Եթե դա երեք տարի առաջ է դրվել շրջանառության մեջ, դրանից այն լա՞վն է դառնում: Եթե բարեփոխումների մասին է խոսքը, ապա թող սկսեն ընտանեկան բյուջեի բարեփոխումներից: Այսիքն` հաշվեն, թե ընտանիքում մոտ քանի՞ է հոգի է ապրում, և ինչքա՞ն է կազմում յուրաքանչյուր անձի եկամուտը: Օրինակ, իմ ընտանիքի անդամների վրա բաժանած իմ եկամուտի թիվը գրեթե մոտենում է աղքատության շեմքին, միջին աշխատավարձի շեմին էլ չեմ ձգում:  2009 թվականի մարտին, եթե հիշում եք, ինֆլյացիա եղավ 10 տոկոս, դրանից հետո շատերը իմ ընկերներից լքեցին Հայաստանը: Իմ ուսանողական ընկերների 50-60%-ը Հայաստանում չեն, և հիմա ՏՏ ոլորտում բավանականաչափ թափուր աշխատատեղեր կան, ուղղակի համապատասխան որակավորման աշխատող չկա: Եվս մի նման հարված, և ես պատկերացնում եմ, որ Հայաստանում ոչ մեկը չի մնա: Իսկ ֆիրմաների համար`առանց ռեսուրս, անիմաստ է մնալ Հայաստանում:

Զրուցեց` Օվսաննա Գևորգյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել