1in.am-ը գրում է.
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը Facebook-ի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ, որ չի մասնակցելու դեկտեմբերի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք հավաքական համերգին: «Առաջին լրատվական»-ը երգչուհու հետ զրուցեց չմասնակցելու պատճառների շուրջ:
- Քրիստինե, դեկտեմբերի 1-ին հավաքական համերգ է լինելու շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, որին Դուք նույնպես պետք է մասնակցեիք, սակայն հիմա հրաժարվում եք, քանի որ խախտվել է նախնական պայմանավորվածությունը: Համերգի կազմակերպիչ «Բիզնես նյուզ» կենտրոնի տնօրեն Աստղիկ Խաչատրյանն էլ նշում է, որ համերգն իրականում բարեգործական նպատակ ուներ: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել, ի՞նչ եք նախապես պայմանավորվել, ի՞նչն է խախտվել:
- Շատ շնորհակալ եմ այս հարցին անդրադառնալու համար, սա շատ կարևոր խնդիր է, որի մասին պիտի խոսվի: Շատ ճիշտ նշեցիք, սա հավաքական համերգ է, և ի սկզբանե առաջարկը եղավ հավաքական համերգին մասնակցելու: Ի դեպ, համերգին մասնակցելու համար ես չեմ պայմանավորվել Աստղիկ Խաչատրյանի հետ, այլ պայմանավորվել եմ նրա աշխատակցուհու՝ Քրիստինայի հետ, ով զանգահարեց և առաջարկեց հավաքական համերգի մասնակիցը դառնալ: Ես հարցրի՝ ովքեր են մասնակցում, որն է նպատակը, պատասխանեցին, որ համերգ պետք է տեղի ունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Բնականաբար, առաջ եկավ հարց՝ քանի՞ երգ պետք է երգեմ և ի՞նչ պայմաններով: Նրանք առաջարկեցին ինձ երգել երկու երգ և առաջարկեցին լսել իմ պայմանները հոնորարի մասին: Ես ներկայացրի իմ ֆինանսական առաջարկը, որից հետո իրենք ասացին, որ ի վիճակի են վճարելու և առաջարկեցին 400.000 դրամ: Ես համաձայնեցի: Ի դեպ, սա նրանց առաջարկն է եղել, ոչ թե իմ: Ես գնացի փոխզիջման: Բոլոր կազմակերպիչները, ովքեր աշխատում են ինձ հետ, շատ լավ գիտեն իմ աշխատանքային սկզբունքները, և բոլորը շատ լավ գիտեն, որ ես այն արտիստներից եմ, որ երբևէ կոնֆլիկտ չի ունենում կազմակերպչի հետ, և միշտ գնում եմ փոխզիջման, քանի որ հնարավոր չէ միայն պայմաններ առաջարկել: Այս դեպքն էլ բացառություն չէր:
Անցավ մի քանի օր, հայտնվեցին համերգի գովազդային պաստառները, որտեղ կար նաև իմ նկարը, որից հետո էլի զանգ եկավ Քրիստինայից: Այս անգամ արդեն ոչ թե առաջարկ էր, այլ պարզապես ինձ տեղյակ էին պահում, որ իրենց պայմանները փոխվել են, որ իրենց համար 400.000-ն էլ հարմար չէ, որ իրենք ավելի քիչ են վճարելու, այնքան, որքան իրենց է հարմար: Այստեղ էականն արդեն գումարը չէր, այստեղ էականն իրավիճակի փոփոխությունն էր... խոսքի շարունակությունը եղավ հետևյալը. «Կամ դու կերգես այն գումարով, ինչը մեզ հարմար կլինի, կամ դու երևի այս համերգին չերգես»: Ինձ համար մի փոքր անհասկանալի էր...
- Նախընտրեցիք չերգելո՞ւ տարբերակը:
- Առաջին հերթին նախընտրեցի կազմակերպչի հետ խոսելու տարբերակը: Ես առաջարկեցի Քրիստինային, որ փոխանցի Աստղիկին՝ կապ հաստատել ինձ հետ, քանի որ ես Աստղիկից որևէ կոնտակտ չունեի: Նա ասաց, որ անպայման կփոխանցի, ես էլ ասացի հնարավորինս շուտ լինի, քանի որ իրավիճակները պայմաններ են փոխում, և համատեղ աշխատանքի հարցը պետք է քննարկել: Եվ քանի որ Քրիստինան իրեն իրավունք վերապահեց ասելու, որ հակառակ դեպքում կարող եմ չմասնակցել համերգին, ես ասացի, որ եթե ինձ չզանգի Աստղիկը, ես կհրաժարվեմ համերգից: Աստղիկն ինձ չզանգեց այդ օրը, ես կեսգիշերին մոտ գրառում արեցի, որ հրաժարվում եմ այդ համերգից և չեմ երգելու, որ իմ երկրպագուներն իմանան: Աստղիկն ինձ զանգահարեց հաջորդ օրը, շատ զարմացած էր և հավանաբար այդ մի քանի ժամերի ընթացքում մտածել էր լավագույն տարբերակը, որով կարող է խոցել մարդկանց՝ համերգն անմիջապես վերածել բարեգործականի: Սա ինձ համար անընդունելի է, անլուրջ և ոչ պրոֆեսիոնալ:
- Մյուս երգիչնե՞րն էլ չգիտեին, որ բարեգործական համերգ է լինելու: Մհերի պրոդյուսերն ասել է, որ իրենք էլ չեն իմացել, և որ Մհերն էլ չի մասնակցի համերգին:
- Որևէ մեկը չի իմացել բարեգործական համերգի մասին, որովհետև դա ի սկզբանե չի եղել բարեգործական համերգ:
- Քրիստինե, մինչև հիմա այս կազմակերպության հետ երբևէ գործ ունեցե՞լ եք: Եղե՞լ են նմանատիպ խնդիրներ: Գիտեմ, որ պայմանագրեր երգիչների հետ նախապես չեն կնքվում նման տհաճ երևույթներից խուսափելու համար: Հիմնականում ընկերական հարաբերությունների, ինքնակարգավորման ճանապարհով է լուծվում խնդիրը: Նման խնդիրների առաջ այսօր արտիստները հաճա՞խ են կանգնում:
- Եթե կազմակերպիչը պրոֆեսիոնալ է, նման տեսակ խոսակցություններ չեն լինում, բայց իրավիճակներն այս տեսակ կազմակերպիչների հետ անխուսափելի են դառնում: Հավաքական համերգների դեպքում մեզնից և ոչ մեկը պայմանագիր չի կնքում, սա մենահամերգ չէ, որ պայմանագիր կնքես կազմակերպիչ կողմի հետ, դահլիճի հետ, մենահամերգների ժամանակ սա անպայման արվում է, առանց որի համերգ հնարավոր չի լինի կայացնել: Հավաքական համերգներին, երբ պետք է երգես մեկ-երկու երգ, պայմանագրեր չեն առաջարկվում մեզ, թեև ցանկալի կլիներ ունենալ: Ենթադրում եմ, որ Աստղիկը, օգտվելով առիթից, որ չկան այդ պայմանագրերը, դա նրան տալիս է առավել ինքնավստահ լինելու հնարավորություն, և երբ ես ասում եմ՝ ինչու ինձ հետ չեք քննարկել, որ պայմաններ են փոխվել, Աստղիկն ինձ լավագույն պատասխանն է տալիս՝ դե կյանք է, ամեն ինչ էլ կարող է լինել, հազար բան կարող է փոխվել: Եվ վերջապես, առաջարկում է, որ ես իրեն դատի տամ: Հավաստիացնում եմ՝ ձեզ, իմ ընկերներից ոչ մեկին չի առաջարկվել բարեգործական համերգի մասնակիցը դառնալ:
- Հնարավո՞ր է՝ գործընկերներով բոյկոտեք համերգը, և սա դառնա նախադեպ՝ հետագայում երգիչների հետ նման կերպ չվարվելու համար:
- Այսօր մի պարզ իրողություն է. կազմակերպիչը ստեղծված իրավիճակում իրեն փրկելու համար կարող է թույլ տալ վերցնել այդքան խոցելի թեմա, մարդուն վատաբանել՝ այս թեմայի հերոսը դարձնելով, ուրեմն որևէ մեկը ապահովագրված չէ:
- Բարեգործական համերգների հաճախ եք մասնակցում: Ի՞նչ սկզբունքներով եք աշխատում:
- Բարեգործական համերգների ոչ միայն ես, այլ նաև իմ գործընկերները մշտապես մասնակցում ենք և մեծ սիրով: Ես տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ եմ դա անում: Բարեգործական համերգի առաջարկները երբեք չեն զուգահեռվում ֆինանսական առաջարկներով: Եթե մարդն առաջարկում է ֆինանս, նշանակում է այդտեղ չկա բարեգործական համերգ: Որոշ ժամանակ առաջ մասնակցեցի «Փարոս» երգչախմբի քսանամյակին նվիրված բարեգործական համերգին: Ներկա եմ լինում բազմաթիվ այլ բարեգործական միջոցառումների:
- Ի՞նչ եք կարծում` հնարավո՞ր է կատարվածն ազդի Ձեր իմիջի վրա: Մյուս կողմից` Դուք ինքներդ բարեգործական ակցիաների եք մասնակցում, աջակցել եք հիվանդ երեխաների:
- Ինչքան էլ մենք չենք բարձրաձայնում, այնուամենայնիվ, անտարբեր չենք մնում որևէ խոցելի պատմությանը: Ես չեմ կարող անտեսել և չազդվել: Տարվա ընթացում, հավատացնում եմ, բազմաթիվ երեխաների կողքին եմ լինում: Բարեգործությունը տեսակի, ցանկության հարց է: Եվ վերջապես, դու պարտավոր ես քո ստացածի որոշ մասը վերադարձնել մարդկանց, դու երբեք չես կարող վերցնողի դերում լինել, պետք է գա շրջան, որ դու պատասխան պետք է տաս իրենց վերաբերմունքի, քո կողքին լինելու, իրենց սիրո, իրենց ուշադրության համար:
Ես ուզում եմ, որ իմ կոլեգաները միմյանց զգան և հասկանան, որ լինելու են իրավիճակներ, որոնք անխուսափելի են լինելու, և եթե երբևէ որևէ մեկը որևէ անգամ կունենա նման իրավիճակ, ես նրա կողքին եմ լինելու: