1in.am-ը գրում է.

Բելգիան իրեն բացառել է սիրիական քիմիական զենքի ոչնչացման թեկնածու երկրների ցուցակից: Ինչպես հայտնում է Associated Press-ը, Բելգիայի պաշտպանության նախարար Պիտեր դե Կրեմը հայտարարել է, որ այդ զենքի փոխադրումն արդեն ինքնին բարդ հանձնարարություն է, և ջնջել է Բելգիայի անունը քիմիական զինանոցի ոչնչացման հնարավոր կետերի ցանկից: Բելգիայի ղեկավարությունը նախընտրում է, որ քիմիական զենքի ոչնչացումը կատարվի Սիրիային մոտ:

Այն բանից հետո, երբ նոյեմբերի 15-ին Ալբանիան հրաժարվեց սիրիական քիմիական զենքն ընդունելուց, Բելգիան դիտարկվում էր որպես հնարավոր թեկնածու՝ կապված Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գազային քիմիական զենքի ոչնչացման պատմական հարուստ փորձի հետ:

Ներկայում ավարտված է Ասադի քիմիական զինանոցի ոչնչացման առաջին փուլը. ոչնչացված են քիմիական զենքի արտադրության սարքավորումները: Երկրորդ փուլում նախատեսվում է ազատվել 1.3 տոննա թունավոր նյութերից:

Ավելի վաղ իրենց տարածքում սիրիական քիմիական զինանոցի ոչնչացումից հրաժարվել էին Նորվեգիան, Թուրքիան, Հորդանանն ու Ռուսաստանը: Երկրների որոնմամբ զբաղվում է ԱՄՆ-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել