Իմ սերնդակիցների կյանքն անցել է դառնաշունչ թոհուբոհի միջով, հասարակական աղեխարշ ցնցումների, քաղաքական, սոցիալական և գաղափարաբարոյական   հիմնավոր վերափոխումների ժամանակներում, և մենք, կամա, թե ակամա, դարձել ենք այդ պրոցեսների ակտիվ մասնակիցները կամ ականատեսները: Յուրաքանչյուր անհատի կյանքը կարող է իր ժամանակի հանրահայտ իրադարձությունների և դեպքերի վրա մի նոր նրբագիծ, մի նոր մանրամաս ավելացնել և դրանով ավելի լիակատար դարձնել ընդհանուր պատկերը: Էլ չեմ ասում այն մասին, որ ապագա սերունդները պետք է այս կամ այն չափով իմանան, թե ինչպիսին են եղել իրենց պապերի ու տատերի, իրենց ծնողների  և, ընդհանրապես, իրենց նախնիների կյանքն ու գործունեությունը, ինչ ճանապարհ են անցել կյանքի հարակռվում, որտեղ են սայթաքել:
Պատմությունը մեր ցանկության հետ հաշվի չի նստում և շատ դժվար է կանխագուշակել պատմության ապագա ընթացքը, նրա ելևէջներն ու անակնկալները: Նա առաջ է շարժվում բնականոն, բայց անհայտ ու մութ ճանապարհներով և անսպասելի վայրիվերումներով:
Ժամանակը մաղում և տարանջատում է լավն ու վատը:
Յուրաքանչյուր մարդ յուրովի է ընկալում և գնահատում երևույթները: Իսկ երևույթները բազմակողմ ու բազմագույն բյուրեղի են նման. նայած ո՞վ, ո՞ր կողմից է նայում, ի՞նչ աչքերով և ինչպե՞ս է ընկալում գույները:  24-25 տարի առաջ մեր ժողովուրդը մեծագույն պաթոսով պայքարում էր Ղարաբաղի համար, հետո այն վերածվեց անկախության պայքարի, որը կարող էր ավարտվել անարդյունք, եթե չփլուզվեր ԽՍՀՄ մեծ կայսերությունը և անկախությունը, ոչ թե Պ. Հայրիկյանի հայտարարությամբ, այլ  ինքնընթաց չգար մեր լեռնաշխարհը: Ինչևիցէ, Հայաստանը դարձավ անկախ հանրապետություն: Սակայն ի՞նչ ստացավ  մեր ժողովուրդը, ամեն մի քաղաքացի զգա՞ց  անկախության համը, թե դա անկախություն էր միայն ընտրյալների և կողոպտիչների համար:  22 տարի է մենք, ամեն առիթով,բարձրագոչ տարփողում ենք «անկախություն» բառը... և ի՞նչ... 
     Տասնյակ տարիների դժվար ու անհեռանկար կյանք, սոցիալական ծանր պայմաններ, աղքատություն, գործազրկություն, բարոյական անկում, մշակութային հետընթաց, գրքի ու գրականության նկատմամբ հետաքրքրությունների ահավոր անկում, արտագաղթ, որը, հաճախ փախուստի է նման, և այլն:
    Ահա այն հիմնական արդյունքները, որոնց մենք հասանք, մեր դարավոր երազանքի իրագործման ճանապարհին, անճարակ ու ապիկար, բայց ինքնահավան, փրփուրի նման ջրի երես ելած ղեկավարների` անհեթեթ քաղաքականության հետևանքով:
   Անկախություն  ստանալուց հետո մենք հայտնվեցինք մի ժամանակաշրջանում, երբ խոսքն ու գործը խիստ տարբերվում են իրարից: Խոսքը թափվում է հորդառատ հեղեղի նման, իսկ գործը` սակավ: Փոքրիկ Հայաստանում ստեղծվեցին բազում կուսակցություններ, տարատեսակ ու տարօրինակ անուններով, և այնքան շատ, որ, հավանաբար, ոչ մի բազմամիլիոն երկիր չունի: Նրանցից ամեն մեկն առիթ բաց չի թողնում վերացական ու սին խոստումների տարափ տեղալու: Սակայն դրանցից գրեթե ոչ մեկը չունի ազգանվեր, հստակ ու իրատեսական լուրջ ծրագիր: Նրանք մեծ մասամբ հետապնդում են իշխանատիրական, պաշտոնամոլական նպատակներ և իրենց ամբողջ գործունեությունն ուղղում են միայն դրանց իրագործմանը: Այդ պատճառով էլ, ժողովուրդը նրանցից ոչ մեկի հետ իրական հույսեր չի կապում: Պարզապես համբերատարությամբ սպասում է… Զավեշտականն այն է, որ բոլորը խոսում են ժողովրդի անունից, նույնիսկ նրանք, որոնց մեղքով ժողովուրդը մղձավանջային ծանր տարիներ ապրեց:
    Վերջին տարիների որոշ դրական փոփոխությունները չեն փրկում վիճակը: Ժողովրդի հիմնական մասը դեռ հուսահատության եզրին է: Մեր իշխանավորները հաճախ  երեսպաշտորեն խոսում են տնտեսական առաջընթացի մասին` երևի նկատի ունենալով իրենց շքեղ դղյակները, հյուրանոցները, ռեստորանները և քաղաքը լցված արտասահմանյան թանկարժեք մեքենաները, դրանց ստվերում չնկատելով` օրվա հացը հայթայթող հարյուր հազարավոր աղքատներին, հոգսերի մեջ խեղդվող հասարակ մարդկանց և թոշակառուներին: Մոռանալով, որ տնտեսական ամեն մի առաջընթաց բնորոշվում է նախ և առաջ ժողովրդի կենսամակարդակով: Իսկ ժողովրդի զգալի մասը տառապում է աղքատության ճիրաներում:
    ՈՒղղակի պետք է ասել, որ դժբախտաբար Հայաստանում կյանքը դեռ վերընթաց չի ապրում, անվերջ է  թվում սոցիալական անհուսալիությունը,  աստիճանաբար հետին պլան են մղվում կամ ոչնչանում են մարդկային լավագույն հատկանիշները, բարությունը, արժանապատվությունը, վեհությունը, ասպարեզում մնում է միայն շահամոլությունը, դրամապաշտությունը: Ամեն ինչի չափանիշը դառնում է դրամը: Ամեն մարդ փնտրում է դրամ վաստակելու և գոյատևելու դժվարանց արահետներ, ընդունելի, թե անընդունելի միջոցներ: Հուսահատությունից ոմանք նույնիսկ կանխագուշակում են մեր ժողովրդի մռայլ ապագա:
  Իսկ մեր իշխանավորները հաճախ են հուսադրում` կանցնեն դժվարությունները, կբարելավվի ժողովրդի նյութական վիճակը, կյանքը կմտնի նորմալ հունի մեջ: Իսկ հանրապետության «երաժշտասեր» վարչապետը հանգիստ խղճով հայտարարում է, որ 10-15 տոկոսով թոշակները բարձրացնելով, 32.000 մարդ դուրս կգան աղքատությունից: Ուզում ենք հավատալ, որ այդպես կլինի: Բայց ե՞րբ, քանի՞ տասնամյակ հետո, ինչքա՞ն կորուստներ տալու գնով, հանրապետության բնակչության թիվն ինչքա՞ն պակասեցնելով: Երբ հանրապետությունում կմնան միայն օլիգարխներն ու իշխանավորները՝ իրենց թիկնապահներով ու մոտիկ ազգ ու բարեկամներով: Եվ մի՞թե ավագ և միջին սերունդը, որ բազում փորձությունների ենթարկվելով, ջանք ու եռանդ չի խնայել և պայքարել է լավագույն ապագայի համար, բախտ չի ունենա տեսնելու նորմալ կյանք և այս աշխարհից պիտի հեռանա դառնացած հոգով:
Թեև շատ դժվար է այս ահավոր ծանր պայմաններում ապրելը, բայց չափազանց կարևոր է  դիմանալ փորձություններին և ճակատագրի դաժան հարվածներին, մարդու մեջ պահպանել Մարդկայինը, թույլ չտալով, որ նա կորցնի լավագույն հատկությունները և հավատը ապագայի նկատմամբ, հուսահատության զոհ չդառնա: Լեոնարդո Դավինչիի խոսքերով ասած, հարկավոր է վերադարձնել մարդուն մարդկայինը, որ նա  ապրի լիարյուն կյանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել